կարևոր
4708 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-03 16:55
Քաղաքական

Կասեն՝ Մաշտոցը ՀՀ քաղաքացի չի եղել, և Դ. Իոնիսյանը թող գրի նոր այբուբեն. Իշխան Սաղաթելյան

Կասեն՝ Մաշտոցը ՀՀ քաղաքացի չի եղել, և Դ. Իոնիսյանը թող գրի նոր այբուբեն. Իշխան Սաղաթելյան

«Հստակ է, որ Ադրբեջանը չունի կետ, իր վերջին կետը հայ ժողովրդի ինքնության ոչնչացումն է, որովհետև երկու անգամ ցեղասպանություն անելուց հետո մենք շարունակում ենք գոյատևել, և որևէ ազգի ոչնչացնելու ամենահեշտ ճանապարհը՝ արմատներից, ինքնությունից կտրելն է»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն այսօր անում է Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, մի նոր ծավալի սրիկայություն է։ Այսինքն՝ 7 միլիոն հայերդ այլ պետության քաղաքացիներ եք և Հայաստանի նկատմամբ ո՛չ իրավունք ունեք, ոչ՝ պարտականություն, հետևաբար, գնացեք Մասիսի նկարը դրեք ու կենաց խմեք, բայց Հայաստանի հետ գործ չունեք… Սա ևս Թուրքիայի պահանջն է, որովհետև տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքը, առնվազն, նեղություն է պատճառել Թուրքիային»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը՝ հիմնավորելով օրինակով. «Երբ 2016 թվականին Բրյուսելում 10 հազարանոց հայերի հավաք էր տեղի ունենում ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, դա պրոբլեմ է չէ՞ Թուրքիայի համար.. Եթե նկատել եք՝ որևէ ՔՊ-ական եբեք չի ասում՝ հարգելի կամ սիրելի հայրենակից, իրենք ասում են՝ Հայաստանի քաղաքացիներ, որովհետև, երբ ասում են հայրենակից, նաև Սփյուռքում ապրող հայերի մասին է խոսքը»,-նշեց  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ օրվա իշխանությունը որդեգրել է  մեր ինքնությունը, մեր ազգային իղձերը վերացնելու քաղաքական կուրս։

«Էս տեմպերով ու քայլերով սրանք վաղը դնելու են Հայոց այբուբենը փոխելու հարցը։ Օրինակ՝ նույն Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող են ասել՝ մեր այբուբենը գրվել է 1600 տարի առաջ, հին է, չի համապատասխանում ժամանակի կամ նոր Հայաստանի փիլիսոփայությանը, հետևաբար, պետք է փոխվի։ Ամենակարևորը՝ կարող են ասել՝ Մեսրոպ Մաշտոցը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եղել, այլ ծնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Հացիկ գյուղում, հետևաբար, դա սպառնալիք է Հայաստանի հանրապետությանը, որ այբուբենի հեղինակը պատմական հայրենիքից է եղել, և հանձնարարեն Դանիել Իոանիսյանին գրի նոր Հայոց այբուբեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։