Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանի շուրջ ստեղծված դատական իրարանցումը շարունակվում է իր` անհասկանալի ընթացքով: Դեռ դեկտեմբերի սկզբին Հարությունյանը դիմել էր դատարանին` երկու շաբաթ, Հայաստանից առողջական վիճակից ելնելով, բացակայելու խնդրանքով, սակայն դատավորի` երկրից չբացակայելու որոշումն անսասան էր մնացել: Yerkir.am-ը զրուցել է Նարեկ Հարությունյանի հետ:
- Պարո'ն Հարությունյան, ինչի՞ց սկսվեց այս ամենը, եւ ո՞ւմ է «պետք» ստեղծված իրավիճակը:
- Մենք ընտանեկան ներդրումներ էինք արել` ձեռք բերելով անշարժ գույք: Այս ամենը վստահել էինք մեկին, ով էլ չարաշահել էր իր լիազորությունները, եւ արդյունքում յուրացումներ են եղել: Այժմ մեր ամբողջ գույքը կալանքի տակ է դրված, իսկ հաշիվները սառեցված են: Այս ամենի նպատակը մեկն է` բարձր դիրքերում նստած մարդիկ` ձեռք ձեռքի տված, ուզում են խլել մեր ունեցվածքը: Չնայած այս ամենին` մենք փորձում ենք արդարության հասնել: Ցավոք, մենք միակը չենք, ում հանդեպ անարդարություններ են թույլ տալիս: Ընդհանուր համակարգն է թույլ. մարդիկ կարողանում են իրենց դիրքերը չարաշահել` անձնական շահերի համար: Ցավալի երեւույթ է, քանի որ այստեղ կոռուպցիայի հետ գործ ունենք: Գիտեք` սփյուռքահայերի շրջանում կարծիք կա ձեւավորված, թե հայը հային երբեք չի «քցի», չի գողանա հայից: Ես էլ էի այդ կարծիքին: Ամենակարեւորն այն է, որ սփյուռքահայերը, ինձ տեսնելով, սկսեն հասկանալ, որ այդպես չէ: Իմ միջոցով սփյուռքահայերը պետք է հասկանան, որ Հայաստանում էլ կան բավական չար ուժեր, որոնց չի հետաքրքրում, թե որքան նվիրված ես աշխատում հայրենիքի համար:
-Այժմ, ըստ դատարանի որոշման, պետք է չբացակայեք հանրապետությունից, ի՞նչ խոչընդոտներ է առաջացնում այս որոշումը:
-Այո, ինձ արգելում են երկրից բացակայել, եւ սա մի շարք խնդիրներ է առաջացնում: Նախ` 1 տարուց ավելի է, ինչ չեմ հետազոտվել: Իմ բժիշկը Նյու Յորքում է, եւ ես ամեն տարի պարտադիր պետք է հետազոտվեմ: Խնդրեցի, որ 2 շաբաթով գնամ հետազոտման, անգամ շատ ու շատ մարդիկ ինձ համար երաշխավոր էին կանգնում, սակայն այդպես էլ չթողեցին: Կարծում եմ` մտավախություն կա, որ ես կխուսափեմ դատական այս քաշքշուկից եւ չեմ վերադառնա: Բայց մինչ այդ` նախաքննության ընթացքում, ես 3 անգամ գնացել-եկել եմ, ոչ մի նիստ չի հետաձգվել իմ պատճառով, ոչ մի դատական գործընթացից ես չեմ խուսափել: 2011-ի դեկտեմբերի 8-ին մեր համույթը համերգ ուներ, եւ այդ օրը քննիչն ինձ կանչեց հարցաքննության: Իմ փաստաբանը բացատրագիր ներկայացրեց, որ ես այդ օրը չեմ կարող ներկայանալ, եւ հաջորդ օրը, որը համընկավ նաեւ հորս մահվան քառասունքի օրվա հետ, ես պատրաստվում էի եկեղեցի հոգեհանգստի գնալ, սակայն ինձ բերման ենթարկեցին: Սա իրենց ճնշումների բազմաթիվ ձեւերից մեկն էր:
-Այս ամենն արդյոք հիասթափություն չի՞ առաջացրել Ձեզ մոտ:
-Գիտեք` չարը միշտ էլ կա, բայց մենք պետք է բարու վրա կենտրոնանանք, որպեսզի բարին հաղթի: Ես թաքուն շատ եմ տխրում, որ մեր հայրենիքում կարող են այս աստիճան անարդար լինել: Կուզեի ուղղակի ասել` եկեք այնպես աշխատենք, որ մեր նահատակված զինվորները հպարտ լինեն մեզնով: Նրանք վերեւից նայում են մեզ: Մտածել եք` ի՞նչ են զգում նրանք, արդյո՞ք Կոմիտասը, Նարեկացին, Մաշտոցը հպարտ են մեզնով...
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ