Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես մեծացել եմ Հայաստանի քաղաքներից մեկի մանկատանը: Մինչեւ 1987 թիվն ապրել եմ այնտեղ: Դա երկրորդ մանկատունն էր, որտեղ ես մեծանում էի: Դրախտ չէր, անկասկած: Բայց օրերի որոշակիություն կար: Չգիտեի, թե ինչ է հայրը կամ մայրը, տատիկը, պապիկը, նույնիսկ քույրն ու եղբայրը, թեպետ մանկատանը կային երեխաներ, որոնք ե'ւ քույրեր ունեին, ե'ւ եղբայրներ: Երեխաներ կային, որոնց ծնողներն այցելում էին:
Իմ դեպքում` ես մենակ էի ե'ւ որպես երեխա, ե'ւ որպես աշխարհիս վրա արյունակից չունեցող: Որոշակիությունն այն էր, որ ես գիտեի այս քաղաքի գարունը, ամառը, աշունը, ձմեռը, ես գիտեի քաղաքը, իմ դպրոցը, մարդիկ կային, որոնց սիրում էի, ես ամեն օր մաքրում էի մեր դպրոցի աշխարհագրության դասարանը, որովհետեւ չէի ուզում, որ դպրոցի տնօրենը դասերի վերջում մտնի դասարան եւ փնթիություն տեսնի այնտեղ:
Ըստ իս` մարդ լինելու առաջին նշանները ես ցույց տվեցի այն օրը, երբ ձեռքս կամավոր ավել առա: Ես դժվարանում էի պատկերացնել իմ աշխարհագրության ուսուցչի դժգոհ դեմքը կեղտոտ դասարան մտնելիս, թեպետ նա ձայնն էլ չէր բարձրացնում, երբ հենց դասի ժամանակ իմ դասարանցիները ծիծաղում էին, բղավում, իրեր շպրտում միմյանց վրա: Նրանք գիտեին, որ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ այդ ծերունին պարզապես ի վիճակի չէ ծուռ նայել որեւէ երեխայի: Բայց ամբողջ դասարանը շունչը պահած լսում էր, երբ նա պատերազմից որեւէ դրվագ էր պատմում:
Ես վատ չէի սովորում եւ աշխույժ էի: Կապում էի պիոներական վզկապ` ըստ խաղի կանոնների, թեպետ ավելի հաճախ այն գրպանումս էր, ոչ թե, որ չէի սիրում վզկապ կապել, այլ չէի սիրում դրա հանդիսավորությունը, չէի սիրում, երբ ժպտադեմ դիրեկտորը ինչ-որ անհարմար պահի կարող էր բռնացնել ու հարցնել` վզկապդ ու՞ր է: Ես սուսուփուս այն հանում էի իմ գրպանից ու կապում: Տնօրենն ավելին չէր էլ պահանջում` ճմրթված վզկապը, միեւնույն է, արդուկվելու էր: Ես ըմբոստ չէի:
Խորհրդային տարիներին մանկատանը ծեծում էին նույն պարտավորվածությամբ, որով հաց էին տալիս կամ կոշիկ էին փոխում: Տնօրենը փոխվեց, ծեծը պակասեց: Ու հիմա պարզվեց, որ երեխաների մի մասին տեղափոխում են Մեղրիի Լիճք գյուղ: Տագնապի առաջին ազդակը նրանից էր, որ չգիտեի, թե որտեղ է Մեղրիի Լիճք գյուղը: Երկրորդն այն էր, որ բոլոր երեխաներին չէ, որ տեղափոխում էին: Երրորդ` ես կորցնում էի աշխարհագրության դասարանը, ուսուցչին եւ ավելը: Մի խոսքով, պահպանողականության առաջին նշանները երեւացին այն օրը, երբ տեղեկացա, որ ինձ տեղափոխում են Մեղրիի Լիճք գյուղի մանկատուն: Դա գիտե՞ք ինչի նման էր, հիմա արդեն կարելի է այդ համեմատությունն անել` ասես աշխատատեղ ես կորցնում:
Դա իմ երրորդ մանկատունն էր: Կարեւոր չէ, որ Լիճքի մանկատունը մյուսներից ոչնչով վատը չէր: Կարեւորն այն է, որ առաջին անգամ այստեղ հասկացա, թե բռնությունն ինչ հարցեր է առաջացնում: Մեղրիի դաստիարակները տղամարդիկ էին` չամուսնացած եւ ագրեսիվ: Ծեծում էին եւ ծեծն, ասես, իրերի ընդհանուր կարգի մեջ էր: Մենք չգիտեինք, որ ծեծը պետական քաղաքականություն չէ, ծեծվում էինք եւ հաջորդ օրը բնավ էլ ավելի լավը չէինք:
Ամեն տարի տասնյակ հազար պատանիներ մեկնում են բանակ: Բանակ մեկնելու միտքն անգամ ցանկացած պատանու դարձնում է պահպանողական ընդդեմ մի ամբողջ պետության: Թեպետ պահպանողականությունը բնավ ընդդեմ չի ենթադրում, պահպանողականությունը արժեքների հանդեպ հավատարմությունն է: Այլ հարց է, թե ինչ արժեքներ են դրանք: Եվ ընդդեմը նոր արժեքների հանդեպ չէ: Եվ ընդդեմն այլ արժեքների ծարավ չի ենթադրում, այլ ենթադրում է տագնապ: Որովհետեւ հեղափոխականությունը կարգեր փոխելու դեպքում է բռնություններ ուզում, մարդու դեպքում հեղափոխականությունը էության ծալքերի նյութափոխանակությունը չվտանգելն է: Մարդու դեպքում հեղափոխանակությունը սիրահարից հայրենասեր չսարքելն է: Գաղափարախոսության դեպքում, մասնավորապես` բանակին տիրապետելու գաղափարախոսության դեպքում, հակառակն է: Մարդու աշխարհագրությունը մեկ այլ մարդը չէ, այլ` ամբողջ մարդը: Որովհետեւ աշխարհագրությունն այն բանի համար չէ, որ ես դիմագրավեմ մեկ ուրիշին, այլ` որ, դիցուք, ծխելով չվտանգեմ մեկ ուրիշի կյանքը:
Շիրվանզադե կարդացած մարդուն տվեք «Համլետը»: Կամ` «Փոքրիկ Իշխանը»: Գրքերը բյուրեղացնում են մարդուն, ոչ թե վերապրոֆիլավորում: Որովհետեւ բանակը, տղերք, ձեր սեռը չէ: Դուք էստեղ եք խառնել ամեն ինչ: Որովհետեւ, եթե բանակը ձեր սեռը լիներ,- իսկ այսօր ձեր սեռն է, վկա մարտի 1-ը եւ ամենայն մանվելիզմ, եւ որդի ունեցող պաշտոնյաների սարսափն ամենայն,- ձեր որդիներն անձամբ կհարցնեին` պապ, Մաշտոցն ի՞նչ ազգի տղա էր: Որովհետեւ, եթե բանակ ես գնում թիկունքում ունենալով այսպիսի հարց, ամբողջ բանակը դառնում է այդ հարցի պատասխանը` Մաշտոցը տերտեր էր, բալա ջան: Իսկ տերտերը մեր հարեւան Յուրիկն է: Տղերք, երբ դուք մարդ եք ծեծում, որեւէ մեկը համաձա՞յն է ձեր հետ: Համաձայնվել, նշանակում է երազել լինել գանգստեր: Ու՞մ է պետք այդպիսի բանակը, որտեղ մարդու երազանքը գանգստեր լինելն է:
Ընդհանրապես, ապագա տղամարդն ի՞նչ է անում այնտեղ, որտեղ իր նմանին ծեծում են ինչ-որ պատճառով, իսկ ինքը ընդամենը մսացու է քննչական մարմիններին ցուցմունք տալու համար, թե ինչը ինչպես եղավ: Պատճառ կա՞ ծեծելու համար, ցրեք էդպիսի վաշտը, եթե չեք կարող պատճառը վերացնել: Հարցերի հարցը` ո՞վ եք դուք, որ մարդ եք ծեծում, դուք ի՞նչ եք արել էդ երեխայի համար, որ նա դառնա 18 տարեկան: Ծեծի մեջ որտե՞ղ է «ազգային գաղափարախոսությունը», որտե՞ղ է տղամարդը, այսինքն` ի՞նչ եք ուզում ստանալ ծեծից եւ սպանությունից: Այսինքն` երբ հակառակորդ ունես հանձինս Ադրբեջանի, ի՞նչ հարց եք լուծում այն բարքերով, որոնք այսօր կան: Ինչո՞ւ եք զինվորի վրա իշխանություն դիզում, եւ ինչո՞ւ եք զինվորին սովորեցնում իշխանություն դիզել մեկ այլ զինվորի վրա: Բոլորը գիտեն, որ զինվորը որոշումներ չի կայացնում, բայց ինչու՞ եք նրանից սարքում միայն զինվոր, չէ՞ որ նա կյանք է վերադառնալու միայն որպես զինվոր: Միայն զինվորն ապրելու այլընտրանք չունի, սպանելուց բացի: Միայն զինվորը բոլոր հեռուստասերիալների բառապաշարն է, պոռնոնկարներ տեղադրողի ձեռքն է, ընդդիմություն չհանդուրժող հեռուստաէկրանն է, մեր ընտրությունների բարին ու խերը ճանաչած Եվրոպան է: Միայն զինվորը միշտ ուրիշն է, որն ինձ սովորեցնում է լինել ուրիշ:
Սեյրան Հանոյան