Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աքսիոմային ճշմարտություն է, որ հայրենիքը սկսվում է բնությունից: Սերը դեպի բնաշխարհը և հողը հայրենի եզերքի գիտակցության ձևավորման հիմքն է: Մարդ-բնություն ամբողջությունն ապահովում է ինքնագիտակցության, բնօրրանի ընկալման հիմքերը, քաղաքացուն իր հողին կապող բնական ուժը, սեփական երկրի սահմանների գիտակցումը: Աստված և բնությունը շռայլ են գտնվել Հայկական լեռնաշխարհում բնակվողներիս հանդեպ՝ պարգևելով հարուստ բնաշխարհ: Քչերը գիտեն, որ ողջ Հին աշխարհամասում և նրա հարակից տարածաշրջաններում գերհարուստ կենսաբազմազանությամբ ընդամենը երկու «թեժ» կետ կա՝ Իտալիայում և Հայաստանի Հանրապետությունում, ինչը հիմնականում գրեթե բոլոր բարձրությունների, գոտիականությունների առկայության և աշխարհագրական դիրքով բացատրվող ինքնատիպ կլիմայական պայմանների արդյունք է:
Կենսաբազմազանությունը կյանքի տարբեր տեսակների համակեցությունն է, որն այսօր անընդհատ կրճատվում է մարդ-բնություն հարմոնիկ հարաբերության խախտման հետևանքով: Հայաստանի տեղադիրքը և ռելիեֆը նպաստել են ոչ միայն կենսառեսուրսների հարուստ տեսականու, այլև էնդեմիզմի՝ միայն մեր երկրին բնորոշ ֆլորայի և ֆաունայի բարձր մակարդակի և հարուստ ագրոկենսաբազմազանության ձևավորմանը:
Հայոց պատմական մեծ բնօրրանից մեզ բաժին հասած փոքր տարածքում ներկայում աճում է շուրջ 3600 տեսակի բարձրակարգ բույս, ապրում՝ 550 տեսակի ողնաշարավոր և շուրջ 17 000 տեսակի անողնաշար կենդանի: Վերոնշյալ բնական հարստությունը կարիք ունի պահպանման, հատկապես մարդու պահանջմունքների անընդհատ մեծացման և այն բավարարելու նպատակով տնտեսության գերարագ զարգացման պայմաններում: Վերջինս հիմնականում ապահովվում է բնական ռեսուրսների հաշվին, որոնց զգալի մասը վերականգնվող չէ:
Արդյունաբերության զարգացման ներկայիս ծավալներն ու արագությունը, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա բացասական ահռելի հետևանքները ողջ մարդկությանը կանգնեցրել են գոյաբանական խնդրի առաջ և այսօր նրա համար առաջնային է ոչ թե պետությունների տնտեսական աճի ապահովումը, ինչին ձգտում էին 19-րդ դարի կեսերից ի վեր՝ արդյունաբերական հեղափոխությունից հետո, այլ կայուն զարգացումը՝ գիտակցումով, որ բնական ռեսուրսները նաև ապագա սերունդներինն են: Սա էլ իր հերթին պարտադրում է նվազագույնի հասցնել մարդու գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ առաջնայնություն տալով վերականգնվող ռեսուրսների օգտագործմանը: Առողջ և առավելագույն անաղարտ շրջակա միջավայրն ապահովում է առողջ և կենսունակ մարդուն՝ բոլոր ժամանակների և պետական միավորների ամենաթանկ ռեսուրսին:
Տնտեսական քաղաքականություն՝ մեր բնության հաշվին
Հայաստանը չէր կարող զերծ մնալ համամարդկային այդ խնդիրներից: Խորհրդայնացված մեր երկրում արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացումը հիմնականում տեղի ունեցավ ի հաշիվ մեր բնօրրանի հարուստ կենսաբազմազանության՝ շատ դեպքերում անդառնալի հարված հասցնելով նրան: Արդյունաբերության հիմնական ճյուղը՝ հանքարդյունաբերությունը զարգացնելու համար շահագործումը հիմնականում բաց եղանակով արվեց՝ իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ գյուղատնտեսությունն ու էներգետիկան զարգացնելու համար խորհրդային իշխանությունները որոշեցին հողեր ազատել՝ Սևանա լճի մակարդակն իջեցնելով: Վերոհիշյալ որոշման հետևանքով անդառնալիորեն խաթարվեց լճի էկոհամակարգը: Եթե դիտարկենք այն փաստը, որ ՀՀ ներկայիս տարածքի 20 %-ը կազմող լիճը ապահովում էր մեր երկրի կենսաբազմազանության գրեթե ամբողջ համակարգի հավասարակշռությունը և ջրային ռեսուրսների ու գետերի հիմնական էկոհամակարգերը, ապա դժվար չէ պատկերացնել լճին հասցված հարվածի աղետալի հետևանքները մեր հարուստ կենսաբազմազանության վրա: Այդ որոշման հետևանքով նաև Սևանի իշխան ձկան 4 ենթատեսակից իսպառ անհետացել են երկուսը` բոջակը և ձմեռային իշխանը:
Խուստուփ լեռ
Վերջին 100-ամյակում մարդածին և բնական տարբեր գործոնների ազդեցությամբ Հայաստանի կենդանական և բուսական աշխարհների բազմաթիվ տեսակները համարվում են անհետացող, կրիտիկական վիճակում գտնվող կամ վտանգված: ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսական տեսակ, որը ֆլորայի 12,5%-ն է և ֆաունայի 308 տեսակ (մոտ 2%): Կան նաև ընդհանրապես վերացած կենդանական և բուսական տեսակներ: Հայաստանի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի հետևանքներն առավել զգալի են անտառային, կիսաանապատային, տափաստանային էկոհամակարգերի, ինչպես նաև Սևանա լճի եզակի և յուրահատուկ ջրային էկոհամակարգի վրա:
Ողջ աշխարհում անհետացումը սպառնում է բուսական աշխարհի 34 000 և կենդանական աշխարհի 5 200 տեսակներին, թռչունների յուրաքանչյուր 8-րդ տեսակին: Ներկայում բույսերի և կենդանիների անհետացման տեմպերը 50-100 անգամ գերազանցում են բնական տեմպերը: Տարբեր փորձագիտական գնահատականներով ամեն օր անհետանում է 2-20 կենդանատեսակ: Մարդկության համար մեծ վտանգ է ներկայացնում այն տեսակների ոչնչացումը, որոնք կապված են պարենի արտադրության հետ: Միայն վերջին 50 տարում մարդը ոչնչացրել է ձկան արդյունագործական պաշարների մոտ 90%-ը:
Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողություններ աշխարհում և Հայաստանում
Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գլխավոր միջազգային համաձայնագիրը կենսաբազմազանության մասին կոնվենցիան է, որը գործում է 1992 թ․-ից: Մինչ օրս համաձայնագիրը վավերացրել է շուրջ 200 պետություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը: Կոնվենցիայի հիմքում «Չկա ոչ կարևոր կամ ոչ անհրաժեշտ պոպուլյացիա կամ տեսակ․ողջ բնությունը պաշտպանության կարիք ունի» գաղափարն է:
Դրա շրջանակում Հայաստանն ընդունել է կենսաբազմազանության պահպանման ռազմավարություն և գործողությունների ծրագիր, մոտ 90 հազար հեկտարով ավելացրել է բնության հատուկ պահպանվող տարածքները, որտեղ կենտրոնացված է մեր երկրի կենդանական և բուսական աշխարհի մոտ 70%-ը, ինչպես նաև առանձին ծրագրեր են իրականացվում վտանգված տեսակների պոպուլյացիան պահպանելու և մեծացնելու ուղղությամբ։
Կայուն զարգացում սերունդների համար
Որքան էլ մարդը փորձի պահպանել բնությունը, էական արդյունքներ չի ապահովի, եթե չնվազեցնի նրա վրա իր տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Ժամանակի հետ մարդկությունն ընդունեց այն անբեկանելի ճշմարտությունը, որ պետք է որդեգրի կայուն զարգացման սկզբունքը՝ ապահովելով նաև սերունդների բաժին բնական ռեսուրսները: 1980 թ. ընդունված բնության պահպանման համաշխարհային ռազմավարության միջազգային փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվեց «կայուն զարգացում» եզրույթը։
Բրունդլանդի հանձնաժողովը, որը պաշտոնապես հայտնի է որպես շրջակա միջավայրի և զարգացման աշխարհիկ հանձնաժողով, եղել է այս տերմինի առաջ քաշողը՝ այն մեկնաբանելով որպես զարգացում, որը «ներկա սերնդի և ապագա սերունդների կարիքները հոգալու համար արգելք չի դառնա»։ ՄԱԿ-ի հռչակած կայուն զարգացման 17 նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով:
Հիմնականում ՄԱԿ-ն է Հայաստանի պետական, գիտական և հասարակական կառույցների հետ աշխատում կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ: Մեր երկրում կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների կառավարման բնագավառում իրականացված և իրականացվող միջոցառումները նպատակաուղղված են բուսական և կենդանական աշխարհի պահպանության և կայուն օգտագործման բարելավմանը, ինչպես նաև դրանց կառավարման համակարգի կատարելագործմանը: Վերոշարադրյալ գործընթացները կարող են արդյունավետ լինել միայն մեկ դեպքում՝ մարդու բնապահպանական բարձր գիտակցման առկայությամբ:
Քո տան պատուհանից դուրս գտնվողը քո սեփականությունն է
Հայաստանի հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության պահպանության գերխնդիրը լուծելու համար պետք է փոխվի քաղաքացու մտածելակերպը: Այսօր մարդն է գործադիր մարմնում որոշումներ ընդունում, սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակում, անհատն է ղեկավարում մեր երկրում գործող հանք շահագործող մոտ հազար ընկերությունները, գյուղացին է ամեն աշուն այրում դաշտերի խոզանը՝ հրդեհների և օդի աղտոտման պատճառ դառնալով, քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակիչներն են մեր երկրի եզակի էկոհամակարգով և ակունքներում խմելու ջրի որակ ունեցող գետերը վերածում աղբատարերի, որսի սիրահարներն են վերացնում կենդանական աշխարհը, բոլորս ենք աղտոտում մեր շրջակա միջավայրը բնության գրկում հանգստանալիս կամ մեքենաներով ճամփորդելիս, երբ աղբը պատուհանից գցում ենք դուրս:
Բաց երկնքի տակ գտնվող թանգարան այցելած զբոսաշրջիկները մեր եկեղեցիների և հարուստ բնության մասին իրենց հիացական տպավորությունների հետ հիշատակում են նաև աղտոտված միջավայրը և մեր անհոգատար վերաբերմունքը դրախտային հայրենիքի հանդեպ:
Մեր քաղաքացիների այս վարքագիծը փոխելու համար ընդամենը պետք է նրանց մեջ ամրացնել այն գիտակցումը, որ սեփական տան պատուհանից ու դռնից այն կողմ գտնվողը նույնպես իրենց և երեխաների սեփականությունն է: Սա անելու համար պետք է փոխվի ներկայում գերակայող մտածողությունը, որը խորհրդային գաղափարախոսության հետևանք է, և որի կրողն է դեռ ապրում այսօրվա Հայաստանում՝ նույն մտածելակերպով սերունդ դաստիարակելով:
70 տարի ավագ սերնդին և մեզ ներարկել են հանրային սեփականության գիտակցումը, որ շրջակա միջավայրը ժողովրդինն է, սակայն խորհրդային հասարակության մեջ անհատը մշտապես երկրորդայնացված է եղել: Հետևաբար մեր ավագ սերնդի գիտակցության մեջ ներմուծվել է բանաձև, ըստ որի՝ բնությունը հանրային է, բայց անձամբ իրենը չէ: Այսօր այդ մտածելակերպն է փոխանցվում նաև մատաղ սերնդին՝ հիմնականում չգիտակցված:
Մարդուն դեպի բնություն տանելու առաջին քայլը նրա մեջ այն գիտակցության սերմանումն է, որ նա է միակ սեփականատերը մեր հայրենիքի գերհարուստ կենսաբազմազանության: Միայն այդ գիտակցությամբ հանք շահագործողը, գործարանատերը, բանվորը, գյուղացին, ուսուցիչն ու մատաղ սերունդը կարող են ապահովել իրենց և գալիք սերունդների առողջ միջավայրը, իսկ դրան հասնելու ճանապարհը էկոկրթությունն է, որն սկսվում է ընտանիքից:
Արմեն Վարդանյան