կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-11 15:18
Քաղաքական

Լցվել էր համբերության բաժակը, շարժման ուժը երիտասարդներն էին, «Իմ քայլը»` հաջողության գրավական. հարցում

Լցվել էր համբերության բաժակը, շարժման ուժը երիտասարդներն էին, «Իմ քայլը»` հաջողության գրավական. հարցում

«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն, հեռախոսային հարցում կատարելով 809 քաղաքացու շրջանում, փորձել է ստանալ ընդհանուր պատկեր թավշյա հեղափոխության վերաբերյալ հասարակության կարծիքի մասին:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցին՝ ի՞նչ են կարծում, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության հաջողության գրավականը, ի տարբերություն վերջին 20 տարիների ընթացքում ընդդիմության անհաջող փորձերի, ստացել են բազմաբնույթ պատասխան: Այսպես՝ հարցման մասնակիցների 64.9 տոկոսի խոսքով՝ իշխանությունը լցրել էր մարդկանց համբերության բաժակը, 40.2 տոկոսի կարծիքով՝ շարժման հաջողության գրավականն այն էր, որ շարժման ուժը, առաջամարտիկները երիտասարդներն էին: Հարցին 38.8 տոկոսը պատասխանել է, որ շարժումը հաջողեց, քանի որ մարդիկ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, 19.8 տոկոսի խոսքով՝ ամեն ինչ մանրամասն պլանավորված էր, իսկ 17.4 տոկոսի հավաստմամբ էլ՝ շարժման հաջողության գրավականը պայմանավորված էր դրա լիդերով՝ Փաշինյանը խարիզմատիկ քաղաքական գործիչ է:

«Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ «Իմ քայլը» նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված էր երիտասարդությանը և նրանց ներգրավեց ցուցարարների առաջին շարքերում, հարցման մասնակիցների գերակշիռ՝ 98.5 տոկոսը պատասխանել է՝ դրական, և միայն 0.8 տոկոսն է պատասխանել՝ բացասական: Մեկ այլ հարցի էլ՝ ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ որոշ ակտիվիստներ փորձում էին ցույցերում ներգրավել աշակերտներին, կրկին մեծամասնությունը՝ 74.3 տոկոսը պատասխանել է` դրական, իսկ 21.8 տոկոսը՝ բացասական»,- ասաց Նավասարդյանը:

Ընկերությունը հետաքրքրվել է նաև՝ ինչպե՞ս են գնահատում «Իմ քայլը» նախաձեռնության և հետագա զարգացումների ժամանակ ՀՀԿ-ի դրսևորած գործելաոճը, և ստացել նման պատկեր՝ հարցման մասնակիցների 74. 4 տոկոսը պատասխանել է՝ բացասական, իսկ դրական՝ 19.7 տոկոսը: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5.9 տոկոսը: