կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 16:49
Հասարակություն

Քաղաքացիական բարձր գիտակցությունը` կրթական բարեփոխումների հաջողության գրավական

Քաղաքացիական բարձր գիտակցությունը` կրթական բարեփոխումների հաջողության գրավական

Այսօր Ուսանողների համաշխարհային օրն է: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է ՀՀ ուսանողներին օրվա կապակցությամբ:

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Անչափ կարևորվում է ուսանողության դերը գիտելիքահեն հասարակության ձևավորման ու զարգացման ներկա ժամանակաշրջանում: Բարեկիրթ, մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդների վրա է խարսխվում զարգացած, ուժեղ ու տնտեսական ամուր հիմքեր ունեցող պետության տեսլականը:

Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևորվում է կրթության ոլորտի զարգացումը, որակյալ մասնագիտական կրթության ապահովումը, բարձրորակ կադրերի պատրաստումը: Հայրենասիրությունը, զարգացած և ամուր պետություն ունենալու ձգտումը  պարտավորեցնում է լինել առավել խստապահանջ թե սեփական անձի, թե մատուցվող գիտելիքների հանդեպ, պահանջում է լինել ակտիվ ու ներգրավված՝  կրթության ոլորտում ընթացող բոլոր գործընթացներում: Ներկա փուլում իրականացվող կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու դրա ձեռքբերման գործընթացում ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունն է:


Միաժամանակ հույս եմ հայտնում, որ ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ առաջիկայում պետական տոնացույցում կունենանք Հայաստանի ուսանողության օր  և պատահական չէ, որ տոնական օր է ճանաչվելու մայիսի 16-ը՝ հիմք ընդունելով 1919 թվականին Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը:  Վստահ եմ, որ  մայր բուհի ստեղծման օրը մեր ժողովրդի համար ունի պատմական նշանակություն և թանկ է բոլոր ժամանակների և ներկայիս ուսանողության համար:

Կրկին շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող մեր ուսանողներին միջազգային այս տոնի կապակցությամբ, ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում»: