կարևոր
10153 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 16:58
Քաղաքական

Ադրբեջանաթուրքական իշխանությանը ձեռնտու չէ լսել Վեհափառի խոսքը. Է. Ղազարյանը՝ հոգևոր-դասական համերգից հետո

Ադրբեջանաթուրքական իշխանությանը ձեռնտու չէ լսել Վեհափառի խոսքը. Է. Ղազարյանը՝ հոգևոր-դասական համերգից հետո

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը։

Համերգասրահը լի էր հավատի, լույսի և անզուգական երաժշտության, Քրիստոսի ծննդյան ավետիսի ներդաշնակությամբ։ Մեներգերով հանդես եկան ճանաչված օպերային մեներգիչներ Լուսինե Մակարյանը, Օլգա Սելիվերստովան, Սիրանուշ Գասպարյանը և այլոք։ Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ հոգևոր-դասական համերգի ծրագրում հնչեցին հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականներ Մոցարտի, Հենդելի, Հայդնի, Շուբերտի, Քերուբինիի, Շտրաուսի, Չայկովսկու հայտնի ստեղծագործությունները։

Համերգին ներկա էին արվեստի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, անգամ` ՀՀ իշխանական թևից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը, ով ևս ներկա էր համերգին, մեզ հիացական տպավորությունները փոխանցելուց հետո անդրադարձավ նաև վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ Հանրային հեռուստաընկերության եթերում չեր հեռարձակվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը։

Ըստ Էդգար Ղազարյանի` այդ ամենը բացահայտ իշխանական ցուցումով է արված. «Եկեղեցու դեմ արշավներն այս իշխանությունը նոր չի սկսել, նրանց բացահայտ արհամարհական վերաբերմունքի շարունակությունն է այն, ինչը տեսնում ենք հիմա. ադրբեջանաթուրքական իշխանությանը ձեռնտու չէ Վեհափառի խոսքը լսել, այն ինչ հայկական է, ինչը կապված է մեր պետության, ժողովրդի ինքնության, մշակութային ժառանգության, եկեղեցու հետ, նրանք ցանկանում են ոչնչացնել։ Հայ ժողովրդին իշխում են նրա թշնամիները, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի ազգային ինքնության արժեքների՝ պետության, բանակի, եկեղեցու շուրջ և նրանց դուրս շպրտի մեր հանրային կյանքից։ Միայն այդ դեպքում մենք լիովին արժանապատիվ կերպով կապրենք մեր հայրենիքում», - նշեց Էդգար Ղազարյանը։

Հետաքրքիր է` Վեհափառ Հայրապետի խոսքը բացահայտ մերժող և արհամարհող իշխանության ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է մասնակցում Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնանքով տեղի ունեցող համերգին։

 

Անժելա Սեդրակյան

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին,

3-րդ կուրս