կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 11:06
Տարածաշրջան

Համասյանի համերգից հետո Թուրքիայում հիստերիա է

Համասյանի համերգից հետո Թուրքիայում հիստերիա է
Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում շարունակվող համերգաշարը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացնել թուրքերի շրջանում:

Ըստ Haberler-ի` Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտնել է, որ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը տարիներ շարունակ աջակցել է հատկապես Կարսում կայանալիք մշակութային միջոցառումներին` ժողովրդի վրա հոգեբանական ազդեցություն թողնելու համար: Նրա խոսքով` Սփյուռքի նախարարությունն այդ կերպ փորձում է նախապատրաստվել հայ-թուրքական սահմանի բացմանը:

«Հայաստանի Սփյուռքի նախարարությունը հատկապես ընտրել է Կարսն ու Անին, ուր միջոցառումներ է կազմակերպում` մի շարք ՀԿ-ներին նյութապես և բարոյապես աջակցելով: Փորձում են հոգեբանական պատերազմ սկսել այս ժողովրդի դեմ, որպեսզի մոռացնել տան հայ հանցախմբերի իրագործածները: Քանի որ ընկել են սահմանների բացման և Արևմտյան Հայաստանի մասին իրենց երազների իրականացման հետևից»,- ասել է հակահայ գործիչը:

Նշելով, որ շատ հայեր Կարսում և Անիում Հայաստանի դրոշն են ծածանել` Գյուլբեյը նման երևույթներ թույլատրելու համար մեղադրել է Թուրքիայի ԱԳ և մշակույթի նախարարություններին: «Նման բաներ ինչպե՞ս են թույլատրում, չենք հասկանում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Տիգրան Համասյանի` համերգային ծրագրի շրջանակներում եկեղեցական հանդերձանք կրելուն և եկեղեցու ներսում աղոթելուն` Գյուլբեյն այդ կապակցությամբ էլ է հիստերիա բարձրացրել` ասելով. «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ժողովրդին հրահրելու կամ վախեցնելու փորձ»:

Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Կարսում ազգայնամոլների ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը` բացահայտորեն սպառնալով հայերին: «Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է` մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»,- հայտարարել էր նա: