Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը խնդրահարույց է համարում Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախի հարցը պետք է լուծել հանրաքվեի միջոցով։
«Սրա մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Ժողովուրդն այդ մանդատը տվել է իշխանություններին և նրանք պետք է պատվով կարողանան այդ հարցն առաջ տանել։ Կարո՞ղ է հանրաքվեի ինչ-որ տարբերակ կամ նախագիծ կա, որից տեղյակ չենք»,- այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր Արցախի հիմնախնդրի կարգավորմանը։ Նա նշել էր, որ իր հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։
«Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որը կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում կունենանք և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով…»,-շեշտել էր վարչապետը։
Ամփոփելով խոսքը, նա ընդգծել էր, որ Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։
Հարցին, չե՞ք կարծում, որ ժողովուրդն իր տեսակետն արդեն հայտնել է Անկախության հռչակագրով, Սաղաթելյանը պատասխանեց. «Այո, ժողովուրդն իր տեսակետն արտահայտել է Անկախության հռչակագրով, որն ամրագրված է Արցախի Սահմանադրությամբ, իր տեսակետը հայտնել է որդիների արյան գնով, հայրենիքն ազատագրելով։ Չի կարող Հայաստանում այլ տեսակետ գոյություն ունենալ, քննարկվել, հանրաքվեի դրվել»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով, Արցախի հարցով հանրաքվե իրականացնելն անհեռատեսություն ու անլրջություն է. «Այսինքն նո՞ր պետք է հասկանանք մեր ժողովուրդն ինչ տեսակետ ունի Արցախյան հարցի վերաբերյալ։ ՀՀ իշխանությունները ամբողջական պատասխանատվություն են կրում հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի ու արցախյան բանակցությունների հարցում։ Ժողովուրդը տվել է մանդատը, նրանք պատասխանատվություն են կրում»։
Սաղաթելյանն ասաց, որ մտահոգիչ է այն հարցը թե ի՞նչն են ուզում հանրաքվեի դնել. «Այսինքն կա՞ նման տարբերակ, որ հանրաքվեի դրվի՞»։
Պատասխանելով հարցին, կարո՞ղ է լինել տարբերակ, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Չի կարող Ադրբեջանի ժողովրդի համար ձեռնտու տարբերակը ձեռնտու լինել նաև հայերի համար։ Դա աբսուրդ է»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան