կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 15:48
Առանց Կատեգորիա

Թե ինչու էր իշխանությանը ձեռնտու Հայրիկյանի որոշումը

Թե ինչու էր իշխանությանը ձեռնտու Հայրիկյանի որոշումը

Պարույր Հայրիկյանը վերջնականապես հստակեցրեց, որ չի դիմելու Սահմանադրական դատարան` իր նկատմամբ իրականացված մահափորձի պատճառով ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Նախորդ օրը նա հայտարարել էր, թե այդ որոշումը կախված է իր ընտրարշավի և վարկանիշի վրա տեղի ունեցածի ազդեցության վերլուծության արդյունքներից: Եվ եթե այդ վերլուծությունները բացահայտեին, որ մահափորձի արդյունքում իր վարկանիշը չի շարունակել աճել, Հայրիկյանը, ըստ իր բացատրությունների, նոր միայն կդիմեր ՍԴ:

 

Դատելով ընտրությունները չհետաձգելու նրա այսօրվա որոշումից` Հայրիկյանն, ի վերջո, եկել է այն եզրակացության, որ զուտ քարոզչական առումով մահափորձն իրեն օգուտ է բերել և փորձում է, ժամանակի վրա խաղալով ,օգտվել վարկանիշային աճի ընձեռած դիրքային առավելությունից: Այլ կերպ ասած` մի կողմից նա հայտարարում էր, թե ի դեմս իրեն` մահափորձ է իրականացվել Հայաստանի պետականության և ինքնիշխանության դեմ, իսկ մյուս կողմից` այդ հանգամանքը փորձում է ծառայեցնել իր նեղ անձնական շահերին: Թե ինչպես կարելի է բնորոշել նման վարքագիծը, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը:

 

Հետաքրքրականը, սակայն, բոլորովին ուրիշ հանգամանք է: Հիվանդանոցում գտնվելու առաջին օրերին Հայրիկյանն ավելի շատ հակված էր ընտրությունները չհետաձգելու տարբերակին: Սերժ Սարգսյանի հետ իր հիվանդասենյակում հանդիպելուց հետո նա կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի հետաձգումը, ինչը վկայում էր այն մասին, որ այդ տարբերակը կարող էր նրան հուշած լինել գործող նախագահը:

 

Հայրիկյանի այս տեսակետը չփոխվեց այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն Արարատի մարզում չհայտարարեց, թե հանցագործության նպատակը ընտրությունների բնականոն ընթացքը խափանելն էր: «Ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին, մեր թիմի հետ միասին, մեր համաքաղաքացիների հետ միասին դա թույլ չենք տա»,- ասել էր նախագահն Արարատում: Եվ ահա դրա հենց հաջորդ օրը Պարույր Հայրիկյանը հանդես է գալիս ընտրությունները չհետաձգելու` իր ներկայիս որոշմամբ: Սերժ Սարգսյանի տեսակետների փոփոխությանը զուգահեռ և սինխրոն կերպով Հայրիկյանի մոտեցումների փոփոխությունը կարող է նաև զուտ պատահական համընկնման արդյունք լինել: Սակայն փաստն այն է, որ այս որոշումը բխում էր առաջին հերթին գործող իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի շահերից, և Հայրիկյանը նպաստեց դրան:

 

Փետրվարի 1-ին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդը, դատապարտելով Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը, Հայաստանի իշխանություններին կոչ արեց  առաջնորդվել Սահմանադրությամբ` «երաշխավորելով բոլոր թեկնածուների իրավունքներն ու ընտրական գործընթացի ազատ ու արդար ճանապարհը»: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնում ևս, զուտ թեկնածուների համար մրցակցային հավասար պայմանների ապահովումը կարևորելով, իշխանություններին փորձել են ուղղորդել ընտրությունների հետաձգմանը: Սակայն մշտապես միջազգային հանրության դիրքրոշումներին համահունչ շարժվելով հպարտացող հայաստանյան իշխանություններն այս անգամ տարօրինակ կերպով հանկարծ չլսելու են տալիս Վաշինգտոնից նման մակարդակով արված կոչը, ինչը կարող է բացատրվել նրանով, որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը անգամ երկու շաբաթով ընտրությունների հետաձգումը ձեռնտու չի համարում տակտիկական նկատառումներով: Այսինքն` Հայրիկյանի կայացրած որոշումը բխում էր ոչ միայն վերջինիս, այլ նաև իշխանության շահերից:

 

Թվում է, թե ընտրությունների հետաձգումը ամենատրամաբանական տարբերակն էր` ընտրական գործընթացի վրա Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի ազդեցությունը չեզոքացնելու և հատկապես` թեկնածուների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու առումներով: Որովհետև զուտ բարոյական առումով եթե թեկնածուներից որևէ մեկը կարծում է, որ միջադեպն ազդել է իր վարկանիշի վրա, այսինքն` PR  նշանակություն է ունեցել, ապա մյուս թեկնածուները բարոյական բոլոր հիմքերն ունեն կարծելու, որ այդ միջադեպը, կամա թե ակամա, անհավասար մրցակցային իրավիճակ է ստեղծել, ինչի արդյունքում իրենք տուժել են: Այս իմաստով, որքան էլ անլուրջ վերաբերվենք էպոսագետի քարոզարշավին, պետք է ընդունել որ Հայրիկյանի` ՍԴ չդիմելու պարագայում իր կողմից այդ քայլին դիմելու նրա զգուշացման մեջ կա տրամաբանություն:

 

Իշխանությունների համար ընտրությունները փետրվարի 18-ին ավարտելը դառնում է օրախնդիր հենց այսպիսի հարցադրումների առաջացման պատճառով: Դրանք կարող են Հայաստանում ուղղակի աննախադեպ իրավական խառնաշփոթ առաջացնել և ընտրությունների շարունակական հետաձգման պատճառ դառնալ: Խնդիրն այն է, որ եթե ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեին, ողջ սրությամբ դրվելու էր նաև ներկայումս հացադուլի դիմած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարացման խնդիրը, որը ևս կարող է մեկնաբանվել իբրև թեկնածուներից մեկի համար առաջացած անհաղթահարելի խոչընդոտ` ընդհուպ ընտրությունները չեղյալ հայտարարելու, նոր ընտրություններ անցկացնելու խնդիր հարուցելով: Որ դա միանգամայն հնարավոր է, հիշեցրել է հենց Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը. «Չի բացառվում, որ նախագահի թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը անհաղթահարելի խոչընդոտ դառնա թեկնածուի համար եւ ընտրությունները հետաձգվեն»: Ի դեպ, դրանից առաջ Ղուկասյանը Հայրիկյանին կոչ էր արել ՍԴ դիմել ընդհանրապես ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով

 

Եթե Հայրիկյանից հետո Ղուկասյանը առողջական վիճակի վատթարացման հիմքով անհաղթահարելի խոչընդոտ հարուցի, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ դիրքորոշում կարող է որդեգրել իշխանությունը և ինչպիսին կլինի դրա վերաբերյալ միջազգային հանրության կարծիքը: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե հացադուլի միջոցով, սեփական կամքով սեփական առողջությունը քայքայելը կարո՞ղ է դիտարկել անհաղթահարելի խոչընդոտի հարուցում, թե՞ ոչ, ինչը թերևս, պետք է մեկնաբանի ՍԴ-ն: Սա ենթատեքստում նախադեպ ստեղծելու տրամաբանություն ունի: Եթե Ղուկասյանի դեպքում դա համարվի անհաղթահարելի խոչընդոտ, ապա միշտ էլ կարող է անհայտ միջոցներով ընտրագրավ թողնող որևէ թեկնածու գրանցվել` հացադուլի դիմելու և այդպիսով անդադար ընտրությունները հետաձգելու, կասեցնելու միտումով:

 

Այնպես որ` իշխանություններին կարելի է հասկանալ. փաստորեն, Հայրիկյանի դեպքից հետո արդեն ի հայտ է գալիս Անդրիաս Ղուկասյանով պայմանավորված խոչընդոտի հարուցման «շանտաժի» կամ սպառնալիքների գերին դառնալու հեռանկարը:

 

Գևորգ Դարբինյան