կարևոր
5410 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-21 12:02
Քաղաքական

Խոսքի և գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

Խոսքի և գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույց տվեց եւ, ինչպես միշտ, բավականին վիճելի հայտարարություններ արեց, որոնց մասին է մեր զրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

- Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, օրինակ. «2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ այն, որ 7 շրջանները պետք է հանձնել, ԼՂ կարգավիճակը զրոյացնել, իսկ ԼՂ-ում պետք է հաստատել հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, եւ ԼՂ-ի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն»: Սա ասում է նույն այն Փաշինյանը, ով 2019 թվականի ամռանը Ստեփանակերտում հայտարարում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», նրա նախարարն ասում էր` «Նոր պատերազմ, նոր տարածքներ», եւ նա հայտարարում էր, որ ինքն է այդ կարգախոսի հեղինակը, իսկ 2020-ի տավուշյան մարտերից հետո շուրջ 100 զինվորականի մեդալներ շնորհեց եւ փառաբանում էր հայկական անհաղթ բանակին…։

- Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, մեկնաբանությունները ես շատ վաղուց չեմ լսում, որովհետեւ խոսքի եւ գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած: Նրա խոսքն ու գործն իրար պարզապես հակասում են: Նրանից պետք է հարցնել՝ իսկ եթե ամեն բան այդպես էր, ինչո՞ւ էիր 2019 թվականին հայտարարում` «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ հիմա ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ասում ես` «Ղարաբաղն Ադրբեջան է»: Դա կարող է մի բան նշանակել, դու ինքդ ողջախոհ քաղաքական գործիչ չես ու շատ հեռու ես պետական կառավարման համակարգից, որովհետեւ նախքան քեզ` Արցախի հակամարտության բանակցությունների շրջանում բանակցություններ էին վարում Արցախի ինքնորոշման համար, որովհետեւ Արցախն ինքնորոշվել էր խորհրդային օրենքներին համաձայն: Հիմքեր կային Արցախի եւ Հայաստանի ինտեգրված ամուր միասնականության համար: Բայց փաստացի Փաշինյանի օրոք բանակցային ողջ գործընթացը, կարելի է ասել, տապալվեց, որովհետեւ ինքը ողջախոհ քաղաքական գործիչ չէ: Նրա իրարամերժ հայտարարությունները հարցականի տակ դրեցին բոլոր նրանց, ովքեր Արցախի հարցով զբաղվում էին, այդ թվում՝ Ալիեւին, Մինսկի խմբի համանախագահներին, Փաշինյանը նաեւ խարխլեց բանակի կառավարման սկզբունքը, մարտունակության հիմքերը, կարգապահությունը: Իսկ եթե ավելի ընդհանրական խոսենք, նա ընդհանրապես չհասկանալով պետական կառավարման համակարգից, պետությունը պատերազմական իրավիճակից հանելու համար ոչինչ չարեց, որպեսզի բանակի համար թիկունք հանդիսանա, որպեսզի բանակը մեր հայրենիքի համար մարտնչի, դեռ մի բան էլ` պատերազմից հետո ոչինչ չարվեց մեր սահմաններն ամրապնդելու համար: Ինչ էլ անում են, շատ ուշացած են անում: Փոխարենն այդ մարդն ամրապնդեց իր աթոռը: Ժողովրդավարության անվան տակ նա կեղծեց ՏԻՄ ընտրությունները, զավթեց դատաիրավական համակարգը, հետապնդումներ իրականացրեց արժեհամակարգերի, ինչպես նաեւ արժեք ներկայացնող անձանց դեմ, դրա համար էլ մենք տեսանք, թե ինչ բերվեց հայ ժողովրդի գլխին, արդյունքում կորցրինք Արցախը: Նրա բոլոր խոսքերը, մանիպուլյատիվ են ու իրարամերժ, հանրությանը շփոթության մեջ գցող:

- Նա նաեւ խոսել է 2021 թվականի արտահերթ ընտրությունների մասին, պնդել է, որ այդ ժամանակ Ադրբեջանը ցանկանում էր հարձակվել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա եւ խլել իր իշխանությունը, բայց ինքն այնքան ամուր գտնվեց, որ ընտրություններ արեց եւ հաղթեց:

- Դե ինքն է թույլ տվել, որ Ադրբեջանը Հայաստանի որոշ տարածքներ զավթի: Ռազմավարական նշանակության բարձունքներ եւ այլն…մենք՝ բոլորս, տեսել ենք Ադրբեջանի գործողությունները:

- Փաշինյանը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը՝ նշելով, որ ՌԴ-ն Հայաստանում կարմիր գիծ չունի, քանի որ Արցախը հենց Ռուսաստանն է համարել Ադրբեջանի մաս:

- Ասեմ, որ հենց ինքը չունի կարմիր գիծ: Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը պետք է լինի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, հստակ նշել ենք, թե ինչու Արցախը չի կարող լինել այլ պետության կազմում եւ այլն: Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների պատասխանատուն հենց ինքն է, հիմա ո՞ւմ է ինչ ասում: Նա անգամ իր տված խոստումներից է հրաժարվում: Ասում էր, որ կարմիր գծեր է վերացնելու, բայց ոչ միայն չվերացրեց, այլեւ այդ նույն կարմիր գծերի համար տուրքեր է ավելացնում: Միջազգային հարաբերություններում խնդիրներ միշտ էլ լինում են, իսկ եթե չես կարողանում բանակցություններն այնպես տանել, որ քեզ նորմալ ղեկավար համարեն, երկիրդ էլ` ինքնիշխան, ուրեմն դա քո խնդիրն է, առաջ այդպես չի եղել»: