Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում հայտարարությունների ժամն է։ Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կղուրեղյանի ելույթը․
«Սիրելի հայրենակիցներ:
Այս իշխանությունը հենց սկզբից հանրությանը բաժանեց սևերի և սպիտակների: Եվ իհարկե, այդ համատեքստում իրենք սպիտակներն էին, թեկուզ հետո պարզվեց, որ այդ սպիտակությունը արտահայտվում է միայն թշնամու առաջ հանձնվողի՝ սպիտակ դրոշ բարձրացնելով:
Իրենց գործունեությամբ այս իշխանությունները ամեն օր տարբեր մակարդակներում և տարբեր ոլորտներում անընդհատ խորացնում են այդ բաժանումը:
Ես այսօր խոսելու եմ կրթության ոլորտում գյուղական բնակավայրի դպրոցների և աշակերտների տարանջատման մասին՝ արդեն հստակ, օրենքի մակարդակում:
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ միա՛յն գյուղական բնակավայրի դպրոցում աշխատելու իրավունք ստացավ բուհի ավարտական կուրսի ուսանողը:
Այսինքն, օրենքի մակարդակով ամրագրվեց, որ գյուղում ապրող աշակերտի նկատմամբ կարելի է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել:
Իսկ չէ՞ որ խոստացել էին. Մեջբերում.
- կրթությունը հասանելի դարձնել սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից.
- էլեկտրոնային ուսուցման գործիքների զարգացումը զուգակցել բարձրակարգ ուսուցիչների գործուղման համակարգի զարգացմամբ:
չէ՞ որ խոստացել էին կրթության համակարգում հավասարության ապահովումը և տարածքային անհամաչափ զարգացման մեղմումը դարձնել իրականացվող քաղաքականության անկյունաքարային սկզբունքները:
Փաստորեն խոսքի և գործի հակասությունը այս իշխանությունների այցեքարտն է:
Հիշեցնեմ, որ օրենքի այս փոփոխությունը ԱԺ-ում ներկայացրել է կրթության նախարարը, ով բոլորովին վերջերս մեկ այլ հարցի շրջանակներում հնչեցրել է հետևյալ միտքը. Մեջբերում
«Երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, կամ կարելի է աչք փակել ինչ-ինչ հարցերի վրա, որովհետև, ի վերջո, խոսում ենք գյուղական դպրոցի մասին։
Այս մոտեցումը իրականում ոչ այլ ինչ է, քան առաջարկ՝ սորտավորել մեր քաղաքացիներին, այսինքն՝ պիտի ընդունենք, որ գյուղական բնակավայրերի երեխաները ոչինչ, որ ավելի վատորակ կրթություն ստանան, դե դա է հնարավոր առավելագույնը։
Սա անընդունելի մոտեցում է․ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից․ սա է կրթության ռազմավարության ասելիքն ու անելիքը»։ - մեջբերման ավարտ
Հետաքրքիր է, այս մարդիկ մի բան ասելիս, հիշում ե՞ն, թե ինչ են ասել նախորդ օրը այդ թեմայով, տեսնես այս մարդկանց ձայնը իրենց ականջը չի ընկնու՞մ:
Սիրելի գյուղաբնակ հայրենակիցներ, այս իշխանությունները ձեզ խաբել են, խաբում են ու խաբելու են բոլոր հարցերում, ինչպես խաբեցին Արցախի երաշխավորը լինելու հարցում, ինչպես խաբեցին մեր սահմանների անվտանգության հարցում, ինչպես խաբեցին մեր ինքնիշխանության պահպանման հարցում:
Ուզու՞մ ենք կյանքի որակ բարձրացնել, ուզու՞մ ենք արժանապատիվ թոշակ ու աշխատավարձ ստանալ, բարձր որակի կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալ, ապրել ինքնիշխան ու անվտանգ երկրում, ուզու՞մ ենք երկիրը փրկել օրհասական կործանումից, պահպանել պետականությունն ու հայրենիքը, ուրեմն պետք է օր առաջ համախմբվենք ու միասին ազատվենք այս իշխանությունից:
Միայն նրա հեռացումով կարող է սկսվել մեր երկրի փրկության գործընթացը»: