կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 15:17
Հասարակություն

8,5 ամիս է` մեր երեխաներն անհետ կորած են, անգամ չգիտենք, թե նրանք քանիսն են․ անհետ կորած զինվորների հարազատների ակցիան՝ կառավարության շենքի առջեւ

Մեզ հստակ ոչ մի բան չեն ասում, արդեն 8,5 ամիս է՝ մեր երեխաները անհետ կորած են, անգամ չգիտենք, թե նրանք քանիսն են, ծնողները հուսահատված նստած են, մարդիկ ցավի մեջ են, տենց չի կարող շարունակվել․ Yerkir.am -ի հաղորդմամբ՝ ասաց անհետ կորած զինվորներից մեկի հարազատը։

Նշենք, որ այսօր պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Նրանք նշում էին, որ ավելի քան մեկ ամիս է՝ կառավարությունից որեւէ լուր, որեւէ տեղեկություն չեն ստանում, չգիտեն՝ պատկան մարմիններն ինչ են անում։

«Մեզ պետք են հստակ քայլեր։ Մենք չգիտենք գերության մեջ գտնվող տղերքի հետ ինչպես են վարվում, շատ բաներ ենք լսել, ամեն մի օրը շատ կարեւոր է։ Մեկ ամսից ավելի է՝ ոչ մի ինֆորմացիա չունենք մեր երեխաներից, նույնիսկ չենք հանդիպում կառավարության անդամների հետ, որպեսզի իմանանք՝ մեր երեխաների հարցով մինչ օրս ի՞նչ է քննարկվել եւ ի՞նչ է կատարվելու սրանից հետո»,- ասաց Եղիշեն։

Եղիշեն փնտրում է քրոջ որդուն, ասում է՝ վերջին անգամ եղել է Հադրութում։ Տղաների վրա հոկտեմբերի 12-ին դիվերսիոն հարձակում է եղել, որից հետո տեղեկություն չունեն մինչ օրս։

«Հավանական գերիների թվեր են ասում, մենք ուզում ենք կառավարությունից հստակ պատասխան՝ ի՞նչ է արվում եւ ի՞նչ է արվելու։ Ժողովուրդն է ընտրել կառավարությանը, ով է կողմ, ով է դեմ, չենք քննարկում, կառավարությունն ամբողջ ազգին է ծառայում, ոչ թե միայն այն մարդկանց, որոնք ընտրել են»,-ընդգծեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան