Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Լրագրության ֆակուլտետում մեզ հինգ տարի սովորեցնում էին, թե ինչ պետք է անի լրագրողը, եւ ինչ չպետք անի լրագրողը: Ես պատկերացնում եմ, թե ինչ անհետաքրքիր կլիներ լրագրությունը, եթե լրագրողներն աշխատեին բացառապես իրենց սովորած այդ կանոններով, եւ որքան հանգիստ իրենց կզգային վերեւներում, եթե լրագրողներն առաջնորդվեին բացառապես կանոններով: Բայցեւայնպես այդ կանոնները, իհարկե, պետք է իմանալ, սակայն դրանց հիման վրա աշխատե՞լ… Չգիտեմ:
Լրագրությունն ինձ համար երեք կանոն ունի՝ խոսել, ճիշտն ասել, լռել: Ենթադրենք` հակառակորդը հարձակվել է մեր դիրքերի ուղղությամբ եւ դա արել է մեզ համար անսպասելի ժամանակ, երբ ՊՆ-ի որոշ գեներալներ տարված են եղել խեցգետնի որսով: Արդյունքում` մենք հարձակման օրը ունենում ենք լուրջ կորուստներ, եւ այս ամենը հայտնի է դառնում լրագրողին: Ի՞նչ պետք է անի: Իմ կարծիքով՝ երեք բան՝ խոսել, ճիշտն ասել եւ լռել: Սխեման հետեւյալն է` պե՞տք է արդյոք խոսել այն մասին, որ հակառակորդը հարձակվել է մեր դիրքերի վրա, իհարկե, պետք է, ավելին` երբ հակառակորդի հարձակման մասին մարդիկ չեն տեղեկացվում, դա նույնքան վտանգավոր է, որքան հակառակորդի հարձակումը: Իսկ պե՞տք է, արդյոք, ճիշտը խոսել այն մասին, որ հակառակորդը մեզ վրա հարձակվել է մեզ համար անսպասելի ժամանակ: Այո, պետք է, քանի որ դա ոչ թե խայտառակում է ՊՆ-ին կամ դժգոհություն հարուցում ՊՆ-ի նկատմամբ, այլ ունի լրիվ ուրիշ նպատակ` այնպես անել, որ ՊՆ-ի համար հակառակորդի հարձակումներն այլեւս անսպասելի չլինեն: Հիմա տեսեք` եթե լրագրողը չի ընդգծում, այսինքն` ճիշտը չի ասում, որ այդ հարձակումն անսպասելի է եղել, կնշանակի ոչ ոք այդ մասին չի իմանում, իսկ երբ ոչ ոք այդ մասին չի իմանում, ՊՆ-ից ոչ ոք զգոնություն չի պահանջում, իսկ երբ ՊՆ-ից ոչ ոք զգոնություն չի պահանջում, ՊՆ-ն շարունակում է… Այստեղ վրա է հասնում լռելու պահը: Լրագրողը պե՞տք է խոսի այն մասին, որ երբ հակառակորդը մեզ վրա հարձակվել է, ինչը անսպասելի ժամանակ է արել, մեր որոշ գեներալներ խեցգետին են որսացել: Իմ կարծիքով՝ ոչ, չպետք է: Համենայն դեպս, այդ պահին, հետո, երբ հակառակորդը նահանջած կլինի եւ, որն ավելի կարեւոր է, հանգստացած կլինի, ավելի ճիշտ՝ հանգստացված կլինի, ինչպես շատ խորհրդավոր հաղորդում են մեր զույգ պաշտպանական գերատեսչությունները, հակառակորդի կրակակետերը լռեցված կլինեն, եւ Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ի՝ այս անգամ շվեդական բեմում սիրո քիմիայի մասին իր երգը երգելիս կլինի, կարելի է եւ այդ գեներալներին «մերկացնել», բայց` ոչ թե ինքնանպատակ, այլ` հանուն բանակի, հանուն ՊՆ-ի եւ հանուն երկրի, ժողովրդի, պետության, որոնցից ոչ մեկն արժանի չէ նման գեներալների: Այսինքն` սկզբունքը հետեւյալն է՝ ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն, ոչ թե ցավեցնելով, այլ՝ ցավով, ոչ թե` որպեսզի հանեն, ռադ անեն, այլ` որպեսզի ավելի կոմպետենտին բերեն նրա փոխարեն: Երբ լրագրողական նյութերում այս ցավը չի նկատվում, «հանուն»-ը չկա, ավելի ճիշտ` խեղդվել-նահատակվել է կուրացնող «ընդդեմ»-ի մեջ, փոխարենը ցավեցնելու մղումը կա, խայտառակելու ձգտումը կա, եւ պրովոկացիոն էությունը կա, եւ շանտաժը կա, դա, իմ կարծիքով, լրագրություն չէ, եւ այդպես աշխատողը լրատվամիջոց չէ:
Այսօր կան լրատվամիջոցներ, որոնք պահպանում են լրագրության, իմ կարծիքով, երեք կանոններից միայն մեկը՝ խոսելը, վստահ լինելով, որ լրագրությունը հենց խոսելն է, այսինքն` եթե որեւէ մեկը զսպի իրենց խոսքը, ապա կսահմանափակի խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը եւ այլն: Այդպես չէ, խոսքի ազատություն առանց խոսքի պատասխանատվության չի լինում, լինում է, բայց դա լրագրություն չի կոչվում: Կարող է կոչվել, օրինակ, բլոգերություն: Ի դեպ, բլոգերը լրագրողը չէ, բլոգերն, ի տարբերություն լրագրողի, կարող է ճիշտը չասել, ինչը հաճախ է լինում, կարող է խիստ սուբյեկտիվ լինել, ինչը միշտ է լինում, եւ իր որեւէ ասածի համար կարող է պատասխանատվություն չկրել. մարդը գրում է այն, ինչ մտածում է: Բայց, այս ամենով հանդերձ, խնդիրը ոչ թե բլոգերներն են, այլ այն, որ բլոգերները որպես լրագրող են ներկայանում, բլոգերությունը որպես լրագրություն է ներկայացվում` վերջինիս հեղինակազրկելով: Մինչդեռ, կրկնում եմ, դրանք տարբեր բաներ են: Օրինակ` «Ֆեյսբուք»-ի իմ էջում ես կարող եմ նոթ գրել այն մասին, թե որքան վատն են հանրապետականները, բայց լրագրողական նյութումս ես երբեք նման բան չեմ գրի, քանի որ եթե անգամ, իմ կարծիքով, հանրապետականները վատն են, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Իսկ ճիշտը խոսելը սուբյեկտիվ կարծիքի բարձրաձայնումը չէ:
Այնպես որ` ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այն, որ կայքերից մեկը շանտաժի է ենթարկել պատգամավորներից մեկին, ոչ թե այն, որ այդ կայքի խմբագիրը բերման է ենթարկվել, այլ այն, որ այդ կայքը ներկայանում է եւ ներկայացվում է որպես լրատվամիջոց, այնտեղ աշխատողներն էլ՝ լրագրողներ:
Ի դեպ, մեր երկրում քանի՞ այդպիսի կայք կա:
Հովիկ Աֆյան