|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բոլոր քաղաքական ուժերը եւ հատկապես «արմատական» ընդդիմությունը երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լուծումը համարում են բոլոր ոլորտներում համակարգային փոփոխությունները եւ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվելը: Սակայն դրանով հանդերձ, այդ ուժերը փոփոխությունների կոնկրետ սխեմաներ, մոտեցումներ չեն առաջարկում: Փոխարենը՝ հարցը պարտադիր հանգեցնում են միեւնույն՝ անձերի փոփոխության պահանջին: Իսկ դա նշանակում է ընդամենը մեկ բան. որ իրականում խոսքը պարզ աթոռակռվի, իշխանության լծակներին տիրապետելու նկրտումների մասին է, իսկ համակարգային փոփոխությունների հարցի առաջքաշումը պարզապես այդ նկրտումները գաղափարականության շղարշով քողարկելու միջոց է:
Նման մոտեցումը բացարձակապես չի կարող երաշխավորել, որ այս ճանապարհով իշխանության գալու դեպքում նրանք կատարելու են այդ նույն համակարգային փոփոխությունները: Նույն կերպ, խոսելով ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին՝ քաղաքական ուժերն իրենց ներսում այդ արժեքներին անհարիր վարքագիծ են դրսեւորում՝ չհանդուրժելով ցանկացած տիպի այլակարծություն, համակերպվելով միանձնյա կայացված որոշումներին: Այս ամենի ֆոնին ժողովրդավարության սկզբունքներին իրենց նվիրվածության և իշխանություն ստանալու դեպքում դրանցով առաջնորդվելու խոստումները դառնում են անիմաստ ճամարտակություններ: