Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հրաժարվում են ընդունել ԴՆԹ թեստերի արդյունքները, երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ պահանջել են կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հանդիպել իրենց հետ։
«Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ 4 զինվորի ծնողի ընդունել է կոմիտեի ղեկավարի տեղակալը ու լսել նրանց բողոքը։ Իսկ ինչի՞ց դրդված են ծնողները հասել Հակակոռուպցիոն կոմիտե։
Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մամուլից տեղեկանալով, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործ կա՝ շտապել են Հակակոռուպցիոն կոմիտե, որ հասկանան, թե արդյոք քրեական գործը հարուցվել է 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացությունների խայտառակ դեպքերի հետ, ինչի մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են։ Եղել է նախադեպ, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ, 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն, 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել եւ այսպես շարունակ:
Արդյունքում պատերազմի մասնակից զինվորների ծնողներին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմը բացատրել է, որ իրենք քննություն են իրականացնում ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման նպատակով դեռեւս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի շուրջ եւ իրենց մատնանշած դեպքերով քննություն չեն իրականացնում։ Այսինքն՝ ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք:
«Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ կրկին հուսահատված լքել են Հակակոռուպցիոն կոմիտեն, քանի որ գործ է քննվում ոչ թե տարիներ շարունակ իրենց բարձրաձայնած դեպքերի շուրջ, այլ միանգամայն այլ գործընթացների հետ կապված։ Նշենք, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, որը նախօրեին ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով, ԴՆԹ նույնականացման սարքերի ձեռք բերման գործով, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: