Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախցիների բռնի տեղահանության առաջին իսկ օրից աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանեցին ՀՕՄ-ի տարբեր կառույցների պատասխանատուներ, ատենապետեր եւ բռնի տեղահանվածներին հենց Գորիս քաղաքում սկսեցին ցուցաբերել առաջին հումանիտար օգնությունը: Այս օրերին նրանք շարունակում են Հայաստանում իրենց գործունեությունը ծավալել` Արցախի ՀՕՄ-ուհիների հետ համագործակցելով եւ օգնություն ցուցաբերելով ոչ միայն մայրաքաղաքի ՀՕՄ-ի գրասենյակում, այլեւ մարզերում:
ՀՕՄ-ի Արեւմտյան Շրջանի Շրջանային Վարչութան ատենապետուհի Վիքի Մարաշլյանը ցավով է արձանագրում, որ Արցախից բռնագաղթածները հոգեկան շատ ծանր վիճակում են գտնվում, եւ ժամանակ ու հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ, որ նրանք դուրս գան այդ հոգեվիճակից: Իսկ մինչ այդ ՀՕՄ-ի գրասենյակներում մարդիկ հաշվառվում են, ներկայացնում իրենց սոցիալական կարիքները եւ ստանում համապատասխան օժանդակություն:
«Առաջնահերթ պետք է լուծենք նրանց կեցության, առաջին կենսական խնդիրները, հետո կանցնենք հոգեբանական աջակցությանը, ավելի խորքային լուծումներ գտնելու նրանց խնդիրներին».- «Սփյուռքի ձայնի» եթերում ասում է տիկին Մարաշլյանը, ում պատասխանատվության տակ գտնվող Արեւմտյան թեւը արդեն հանգանակել է 150 հազար ԱՄՆ դոլլար: Ատենապետուհին համոզված է, որ գալու է մի օր, երբ բոլոր արցախցիները վերադառնալու են իրենց տները.«Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք չհեռանան նաեւ Հայաստանից, մնան այստեղ, չհամալրեն սփյուռքահայերի շարքերը: Իրենք չեն ուզում հեռանալ, բայց չհեռանալու համար անհրաժեշտ պայմաններ են պետք: Մենք՝ սփյուռքը, Հայաստանը, պետք ամեն ինչ անենք, որ այս մարդիկ մնան Հայաստանում»:
Աղբյուրը՝ hraparak.am
Նաիրա Վանյան