կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 15:10
Մշակույթ

Հնարավոր է` մի օր իմ ֆիլմի հերոսները դառնան նաև հայերը. Թայֆուն Փիրսելիմօղլի

Հնարավոր է` մի օր իմ ֆիլմի հերոսները դառնան նաև հայերը. Թայֆուն Փիրսելիմօղլի

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում առաջադրված կինոնկարներից մեկն էլ Թայֆուն Փիրսելիմօղլուի «Ես նա չեմ» ֆիլմն է:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ ֆիլմի հիմքում անհատականության փոփոխությունն է, որը, ռեժիսորի հավաստմամբ, իրեն շատ է գրավել, նա նաև իր նովելներում է /2 գրքի հեղինակ է/ այս թեման արծարծում: Ֆիլմն, ի դեպ, թուրքական-գերմանական-հունական-ֆրանսիական համատեղ արտադրության է:

 

«Անհատականության փոփոխության հարցը հիմնականում գոյության պահպանման խնդրի հետ է կապված: Ես ֆիլմում հարցեր եմ տալիս, պատասխանները թողնում եմ հանդիսատեսին և պատասխանների համար պատասխանատու չեմ»,- ասաց Փիրսելիմօղլուն:

 

Նա տեղեկացրեց նաև, որ շատերն ասում են, թե ինքն Էդգար Ալան Պոյի ազդեցության տակ է, բայց, ռեժիսորը հավաստիացնում է,որ  գրելիս չի մտածում այդ մասին: Ըստ ռեժիսորի` կարևոր է, երբ դու գտնվում ես մեկի ազդեցության տակ, բայց չգիտես այդ մասին:

 

Հարցին, թե Թուրքիայում մի շարք հայեր կան, որոնք ստիպված են եղել անվանափոխվել, որպեսզի պահպանեն իրենց գոյությունը, արդյո՞ք ռեժիսորը չի պատրաստվում անդրադառնալ նաև այս խնդրին, Փիրսելիմօղլուն պատասխանեց, որ դա իր երկրի ամենամեծ խնդիրներից մեկն է, որը, սակայն, ոչ միայն իր երկրի ծանրությունն է:

 

«Ես հիմա աշխատում եմ Նատալի անունով մի հայուհու հետ, նա ինձ օգնում է մի շարք հարցերում` ֆիլմարտադրության հետ կապված: Հնարավոր է` այո, որ մի օր իմ հերոսը դառնա նաև հայը»,- ասաց կինոռեժիսորը:

 

Նա նշեց նաև, որ Թուրքիայում վերջին տարիներին ֆիլմարտադրությունն ավելացել է, բայց նկարահանվող ֆիլմերի որակն այնքան էլ լավը չէ, տարեկան 3-4 լավ ֆիլմ է նկարահանվում, ինչը շատ վատ է: Փիրսելիմօղլուն նշեց նաև, որ իրենց մշակույթի նախարարությունը միջոցներ է տրամադրում երիտասարդներին, բայց այդ գումարները երիտասարդները ճիշտ չեն օգտագործում: