Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղու ապօրինի արգելափակումից հետո (վերջերս) սկսվել է կազմակերպվել Արցախից Հայաստան և հակառակ ուղղություններով քաղաքացիների տեղափոխում։ Ըստ իշխանությունների մեկնաբանության՝ այդ գործընթացը կատարվում է իրենց վերահսկողությամբ և հումանիտար նպատակ է հետապնդում, սակայն հանրության լայն շերտերում առկա է մտահոգություն՝ ստեղծված իրավիճակի և Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքների ժամանակ հնչեցված կարմիր գծերը հատելու վերաբերյալ։ Վերոնշյալի մասին «Ապառաժ»-ին մեկնաբանություն է տվել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը։
Արթուր Մոսիյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում բոլոր քայլերն ու կատարված գործողությունները պետք է բխեն Արցախի Հանրապետության շահերից. դրանք չպետք է հաղթաթուղթ դառնան Ադրբեջանի ձեռքում։
«Շուշիի մոտ «էկոակտիվիստների» ներկայությունը, իսկ դրանից հետո անցակետի տեղադրումը բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Մայր Հայաստանի հետ անխափան կապ ունենալու համար։ Մինչև անցակետի տեղադրումը միջանցքով իրականացվում էր ծայրահեղ ծանր հիվանդների և հումանիտար բեռների տեղաշարժ, որը հիմա էլ պետք է իրականացվի»,-ասել է Ա․ Մոսիյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում միջանցքից օգտվելու հատուկ կարգ կա, որին չեն հետևում, այլ դրա անվան տակ այլ բան է արվում։
«Այդ կարգի անվան տակ հիվանդին ոչ թե մեկ հոգի է ուղեկցում, այլ մի քանի, բժիշկներ են գնում ու չեն վերադառնում։ Որևէ մեկը չի ասում, թե ծայրահեղ ծանր հիվանդին չպետք է տեղափոխեն Երևան, խոսքն այն մասին է, որ ինչպես միշտ մի բան է ասվում և ուրիշ բան արվում: Իսկ ուրիշ բան արվելը քաղաքական իմաստով հանգեցնում է նրան, որ լեգիտիմացվում է ադրբեջանական անցակետի առկայությունը, որը արցախյան հարցի հետագա հանգուցալուծման վրա կարող է վտանգավոր ազդեցություն թողնել»,-նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը։
Ա․ Մոսիյանն այն կարծիքին է, որ պետք է մշակվի հստակ կարգ, ինչը կսահմանի՝ ով և ինչ պայմաններում իրավունք ունի գնալու։
«Հումանիտար հարցերի դեպքում անցակետը հատելու համար ոչ ոք դեմ չի խոսում,, այլ բան է, որ դրա անվան տակ ուրիշ գործողություններ են արվում, որոնք թշնամական պետության կողմից նկարահանվում և ներկայացվում են միջազգային հանրությանը։ Մենք չպետք է անենք այնպիսի քայլեր, որոնք գործիք կդառնան ադրբեջանցիների ձեռքում՝ ցույց տալով, թե միջանցքն իբր բաց է»,- ասել է Ա․ Մոսիյանը։