Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, և, իր գնահատմամբ՝ մի քանի սենսացիոն տվյալներ ներկայացրեց՝ կառավարելի գնաճի, սոցիալ-տնտեսական համակարգում այս փուլում կոլապսի բացակայության և կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասին:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշեց. «Մենք հիմա գտնվում ենք ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, ու այդ ճգնաժամի հաջորդ ալիքները մեր առջևում են: Մոտակա մեկ տարին ունենալու ենք լուրջ ֆինանսատնտեսական խնդիրներ. պատահական չէ, որ նույն կառավարության ֆինանսների բլոկի ներկայացուցիչը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, հայտարարեց, որ այս տարի -2 % անկում ենք ունենալու:
Հեղափոխական ինչ-որ ձեռքբերումների կամ կոլապսն անցնելու մասին, ճիշտն ասած, ուղղակի տեղին չէ խոսել, երբ տնտեսությունդ անկման կանխատեսում ունի:
Ի դեպ, դա դեռևս 4-րդ ամսին արված կանխատեսում է. վստահաբար հունիս-հուլիս ամիսներին այդ կանխատեսումը կվերանայվի: Նման իրավիճակ ունեինք նաև 2008-2009 թթ., երբ կանխատեսվում էր 7-8 տոկոս անկում, բայց ունեցանք 14.4 տոկոս անկում»:
Տնտեսագետն այս փուլում կարևորեց տնտեսության իրական վիճակի մասին հանրությանն ու տնտեսվարողին ճշգրիտ տեղեկության փոխանցումը. «Հանրությանը, բիզնեսին պետք է ճիշտ ազդակներ հաղորդել, թե ինչպիսի վիճակում ենք մենք գտնվում, որ յուրաքանչյուրն իր հերթին կարողանա վերանայել իր տնտեսական քաղաքականությունը, իր սպառողի վարքագիծը և այլն՝ հասկանալով, որ այս տարի դժվար տարի է, և պետք է հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք:
Եվ կարևոր է, որ այս տարվա կորուստները, որոնք ակնհայտ լինելու են, արդարացի բաշխվեն հասարարակության բոլոր խմբերի միջև:
Այսինքն՝ շատ ունեցողը պետք է ավելի շատ կորցնի՝ հակառակ դեպքում, եթե այդ ամբողջ բեռը ընկավ միջին խավի վրա, կամ աղքատ խավի վրա, ապա մենք իրոք լուրջ սոցիալ-տնտեսական ոչ թե՝ կոլապս ենք ունենալու, այլև՝ բունտեր:
Այդ բունտերն արդեն իսկ հասունանում են, քանի որ մեծ թվով քաղաքացիներ բավարարված չեն կառավարության սոցիալական այս հակաճգնաժամային փաթեթից»:
Թեև Ս. Պարսյանը չբացառեց հակաճգնաժամային փաթեթների արձանագրած որոշակի արդյունքները, այդուհանդերձ նկատեց, որ ծրագրերում կան պոպուլիզմի դրսևորումներ.
«Ակնհայտ է, որ, այսպես կոչված, 16 ծրագրերի հիմքում առաջնահերթ դրված է պոպուլիզմը, ու ոչ թե՝ հասցեականությունը կամ տնտեսական արդյունավետությունը»:
Վարչապետն արտագնա աշխատանքների մեկնող քաղաքացիներին այլընտրանք առաջարկեց՝ զբաղվածությունն ապահովել Հայաստանում կառուցվելիք 100 օբյեկտներում: Սա կմեղմի՞ արտագնա աշխատանքով զբաղվող մեր հազարավոր քաղաքացիների խնդիրները՝ հարցին, Ս. Պարսյանը պատասխանեց.
«Այդ քաղաքացիները մեր տնտեսությունն ապահովում էին տրանսֆերներով: Մենք անցյալ տարի 1, 8 միլիարդ դոլարի տրանսֆեր ենք ստացել:
Այդ քաղաքացիներին աշխատանքով ապահովելը միանշանակ շատ կարևոր է, բայց շինարարության ոլորտն արտահանելի ոլորտ չէ, այսինքն՝ դա մեծ հավելյալ արդյունք չի ստեղծում տնտեսության մեջ, արտարժույթ չի բերում, այդ շինարարությունն իրականացվելու է՝ ի հաշիվ պետական միջոցների, ի հաշիվ պետական լրացուցիչ վարկավորման, որն անհրաժեշտ է միանշանակ:
Այս կարանտինից հետո մենք, բնականաբար, տնտեսությունն աշխուժացնելու որոշակի քայլեր պիտի անենք, և ընդունված միջոցներից մեկն է ենթակառուցվածքային ծրագրերում խոշոր կապիտալ ծրագրերի իրականացումը, ինչը դասագրքային տեսություն է, և վարչապետը դրա մասին էր խոսում, բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ զուտ դրա հաշվին մենք չենք կարող ապահովել մեր տնտեսական աճը, քանի որ մենք դարձյալ արտարժութային հոսքերի խնդիր ենք ունենալու և պետք է փորձենք պաշտպանել կամ ավելացնել մեր արտահանման շուկաները:
Իսկ այս դրամի պայմաններում, այս դրամավարկային քաղաքականության պայմաններում, որը վարում է Կենտրոնական բանկը, մենք ամեն օր կորցնում ենք մեր արտահանման շուկաները. հայկական արժևորված դրամը դուրս է թողնում մեր հայրենական արտադրողներին ռուսական, եվրոպական, ամերիկյան շուկաներից:
Հստակ է, որ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը և կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը ներդաշնակ չեն և առանձին դեպքերում՝ նույնիսկ հակասում են իրար»,- եզրափակեց տնտեսագետը: