Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն, հոկտեմբերի 12-ին կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ, խոսելով Հայաստանի տնտեսական առկա իրավիճակի մասին, հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունը կարողանում է կառավարել ճգնաժամերը:
«Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես ՀՀ-ն կունենա տնտեսական բարձր աճ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ հաջորդ տարվա համար ևս նախատեսում են 7 տոկոս աճ գրանցել:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տնտեսական աճի գրանցման գործում կառավարության գործոնը չնչին է: Նրա խոսքով՝ չնայած ներկա կառավարությունն իրեն է վերագրում բոլոր բարձր ցուցանիշերը, սակայն այդ տնտեսական ակտիվությունը ժամանակավոր է և պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով:
«Ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտները բավականին մեծ աշխուժություն առաջացրին մեր երկրի տնտեսական շուկայում: Նրանք իրենց հետ բերեցին ո՛չ միայն իրենց աշխատանքը, այլև իրենց խնայողությունները: Միայն անցած տարի 3.6 մլրդ դոլարի խնայողություն է մտել մեր երկիր: Այս տարի էլ շարունակվում է Ռուսաստանից Հայաստան գումարների հոսքը, ինչը խթանել է Հայաստանի ծառայության ու առևտրի ոլորտների զարգացումը»,- մանրամասնեց Սուրեն Պարսյանը:
Տնտեսագետի գնահատմամբ՝ ֆինանսաբանկային համակարգը նույնպես բավականին լուրջ աճ է գրանցել՝ հենց այդ նույն հանգամանքների արդյունքում:
«Օրինակ՝ 2022 թվականին աճը կազմել է 50 տոկոս: Այս տարի էլ այդ աճը շարունակվում է: Բացի այդ երկու ոլորտներից՝ Հայաստանն ունի նաև տնտեսության հիմնական շարժիչ՝ շինարարության ոլորտը: Միայն հունվար-օգոստոս ամիսներին այս ոլորտում 13.3 տոկոս աճել է շինարարությունը, առևտուրն աճել է 23.1 տոկոս, ծառայությունները՝ 14.8 տոկոսով: Ընդհանուր հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունը կազմել է 10.4 տոկոս»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ, այդ ամենի ֆոնին, տնտեսագետը մատնանշում է ներքին գործոնների արդյունքում Հայաստանում առաջացած անկումային ցուցանիշները: Այս առումով՝ մատնանշում է հատկապես արդյունաբերական ոլորտը, որտեղ մեր երկիրն արդեն երրորդ ամիսն է, ինչ անկում է գրանցում:
«Հունվար-օգոստոս ամիսների հաշվարկով արդյունաբերության ոլորտի անկումը կազմում է 0.1 տոկոսի չափով: Իսկ օգոստոսի նկատմամբ անկումը կազմում է 3.8 տոկոս: Հիմնական անկում է գրանցվել հանքարդյունաբերության, սննդի վերամշակման ու նաև որոշակի խմիչքների արտադրության ոլորտներում»,- տեղեկացրեց տնտեսագետը՝ համոզմունք հայտնելով, որ երկարատև տնտեսական աճ գրանցելու համար պետք է բավարար աշխատանք իրականացվի՝ գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտների զարգացման ուղղությամբ:
Այս համատեքստում, 168.am-ի զրուցակիցը գյուղատնտեսության ոլորտում արձանագրեց գրեթե զրոյական վիճակ, ինչը, ըստ նրա, վկայում է, որ այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի իրականացվում:
Որպես հավելում, Սուրեն Պարսյանը հստակեցրեց, որ գործող կառավարության ներկայացվող ցուցանիշները Հայաստանի ներքին ներուժի հետ որևէ կապ չունեն: Նրա խոսքով՝ եթե դեպի Հայաստան եկող գումարների շարժը հետագայում դադարի, ապա մեր երկրի տնտեսական աճը մեկ օրում պարզապես կանհետանա:
«Կառավարությունը պետք է ստանձնի ամբողջ պատասխանատվությունը, որպեսզի այդ հոսքերը չդադարեն: Դադարի դեպքում մենք շատ լուրջ տնտեսական անկում ենք ունենալու, ինչպիսին եղավ, օրինակ՝ 2009 թվականին, երբ ի հաշիվ շինարարության կտրուկ անկման, դեպի Հայաստան ներդրումները նվազեցին, ու մեր տնտեսությունը 14.4 տոկոս անկում գրանցեց»,- հիշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում առկա և օրեցօր ավելացող անվտանգային խնդիրները հեռանկարներ չեն ստեղծում նաև երկարաժամկետ ներդրումների համար: Դրա ամենաակնառու ցուցիչն էլ, ըստ մեր զրուցակցի, այն է, որ այս պահին էլ մի շարք ներդրումային ծրագրեր սառեցված են:
Սուրեն Պարսյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրում դեռևս առկա այս դրական ցուցանիշները հնարավոր կլինի պահպանել միայն ապագայում հնարավոր ռիսկերը նվազեցնելու քաղաքականության մշակման արդյունքում:
«Ցավոք, պետք է նշեմ, որ կառավարության կողմից այդ քայլերն այս պահին չեն երևում: Նրանք հայտարարում են, թե երկարաժամկետ տնտեսական աճի համար փորձում են արդյունաբերություն զարգացնել, բայց իրականում այդ ոլորտում ունենք ճիշտ հակառակ ցուցանիշներ: Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հասկանա, որ արցախցիների՝ Հայաստան գալով բավականին լուրջ հումանիտար ու սոցիալական խնդիրներ պետք է լուծվեն: Եթե կառավարությունը չկարողանա զուգահեռ ավելացնել արտադրական, մասնավորապես՝ գյուղմթերքի ու մի շարք այլ ապրանքների արտադրությունը, ապա մեր ներքին շուկայում կարող ենք ունենալ նաև գնաճ»,- ասաց նա՝ հատուկ շեշտելով, որ կառավարության գործը ո՛չ միայն արցախցիներին գումար տրամադրելն է, այլև նպաստել բնակավայրի ու նրանց զբաղվածության հարցերով:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա համար կառավարության կանխատեսած 7 տոկոս տնտեսական աճին, տնտեսագետն արձանագրեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մենք մոտավորապես 10 տոկոս աճ ենք գրանցել, ուստի շատ հավանական համարեց նաև 7 և ավելի տոկոս աճի տարբերակը: Այդուհանդերձ, նրա խոսքով, այս դեպքում կարևորը ոչ թե ցուցանիշի չափն է, այլ որակը:
«Մենք տեսնում ենք, որ այս աճից շատ քիչ թվով մարդիկ են օգտվում: Կառավարությունը պետք է հասկանա դա ու շեշտն առավելապես դնի մարդկանց կենսամակարդակի բարձրացման, աշխատատեղերի ու բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման և նաև ներդրումների վրա: Այս ամենի մեջ ամենակարևորը, իհարկե, հենց անվտանգային խնդիրն է: Մի երկիր, որը չի կարողանում լուծել իր անվտանգության հետ կապված հարցերը, չի կարող ակնկալել երկարատև ներդրում և իրականացնել տնտեսական, սոցիալական արդյունավետ քաղաքականություն»,- ասաց նա:
Ըստ տնտեսագետի, խնդրահարույց իրավիճակում է նաև բնակարանաշինության ոլորտը: Նրա կանխատեսմամբ՝ առկա իրավիճակի շարունակության դեպքում՝ այստեղ նույնպես կտրուկ անկում կարող ենք ունենալ, քանի որ բնակարանները չեն վաճառվում:
168.am-ը հետաքրքրվեց նաև, թե մեր երկրի տնտեսությունն ինչ հետևանքներ կկրի Ռուսաստանի կողմից հնարավոր սանկցիաների կիրառման պարագայում.
«Մեր երկրի արտահանման մոտավորապես 52 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս թվում մեծ բաժին է կազմում նաև վերարտահանումը: Այսինքն, այն ապրանքները, որոնք Ռուսաստանը չի կարողանում գնել դրսից՝ դա անում է Հայաստանի միջոցով: Նաև, և՛ ՌԴ-ն, և՛ ՀՀ-ն ԵԱՏՄ երկրներ են, և նրանց առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորվում են այդ շրջանակներում: Սա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ սանկցիա կիրառելու դեպքում ՌԴ-ն նույնպես կարող է տուժել: Այնպես որ, կարծում եմ, որ այս առումով ՌԴ-ն իր քայլերը կիրականացնի առավելագույնս կշռադատված ու չգնալով առևտրատնտեսական հարաբերություններով որևէ մեծ ցնցման»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ այդուհանդերձ, Ռուսաստանն արդեն իսկ մի քանի անգամ կիրառել է սանկցիաներ՝ այս տարվա ապրիլին՝ Հայաստանից կաթնամթերքի և հետագայում նաև՝ կոնյակի արտահանման հարցում: