Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք-ադրբեջանական հերթական լկտիութիւնը եւ փաշինեանական ռեժիմի անտարբերութիւնը
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու
Վաղուց արդէն լկտիացած Թուրքիան ու Ադրբեջանը օրերս կրկին բարբաջել են առ այն, որ «անընդունելի է Երեւանում հայկական «ՆԵՄԵՍԻՍ-ի»*) յուշարձանի կանգուն մնալը»...
Բարբաջանքի պատճառները ըստ մեզ՝ երկուսն են.
1. Պատմական յիշողութիւնը եւ ըստ այդմ՝ վախը՝ հայ վրիժառու մարտիկների նորօրեայ հաւանական գործողութիւններից...
2. Քաղաքական ու հոգեբարոյական ճնշում՝ առանց այդ էլ հնազանդ ու ամբոխահաճ «խաղաղութեամբ» տարւա՜ծ ՀՀ իշխանութիւնների վրայ...։
Ցաւօք, ինչպէս այլ պարագաներում, այստեղ էլ վերջինների կողմից ոչ մի պատասխան-արձագանգ թշնամական երկրների՝ ՀՀ ներքին գործերին լկտիաբար միջամտելու գծով չի ցուցաբերւել, որի արդիւնքում էլ հայատեացների դաշինքի ներկայացուցիչները առաւել քան երբեւէ լկտիանում են։
Մինչայդ էլ է եղել, ասենք, Գարեգին Նժդեհի արձանի այսպէս ասած ապամոնտաժելու «առաջարկ»՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ու դարձեալ թուլամորթ իշխանաւորների արձագանգը՝ ձայն բարբառոյ յանապատի... Աւելին, եղել են մինչեւ իսկ հայանուն պաշտօնատարներ, ովքեր նոյն Նժդեհին ու իր ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆ ֆաշիստական են բնութագրել, յար եւ նման իրենց հին ու նոր գաղափարակիցների, որոնք մշտապէս թուրքի հետ խաղաղասիրական յարաբերութիւններ մշակելու պատրանքներով են տարւած եղել, անկախ նրանից, որ Սովետիզմի թէ՝ Նէոլիբերալիզմի դէմքով են հանդէս եկել։ Միեւնոյն է՝ երկու ճամբարներն էլ ապազգայնութեան մարմնաւորումն են ինչպէս նախորդ, այնպէս էլ ժամանակակից ազգադաւների ու հայրենակործանների ժամանակաշրջաններում։
Ահաւասիկ, հաստատակամօրէն կարելի է արձանագրել, որ փաշինեանական ապազգային իշխանութեան (իրենց իսկ ապիկարութեան պատճառով) պարտւողական դիրքորոշման շարունակութեան դէպքում, լկտիացած թշնամին վաղն էլ, միւս օրն էլ, արդէն հայկական ռեւանշիզմը կանխելու նպատակով պահանջելու է երեւի Արամ Մանուկեանի, Անդրանիկ Զօրավարի ու դեռ՝ Մարշալ Բաղրամեանի արձաններն էլ ապամոնտաժւեն...
Եւ նոյն տրամաբանութեամբ, յարգելի ընթերցող, կասկած չի յարուցելու ցեղասպանների կողմից Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը եւս ապամոնտաժելու պահանջը՝ «յանո՜ւն տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների խաղաղութեա՜ն ու հաշտութեա՜ն...»։
Սա՞ էլ են հանդուրժելու եւ անարձագանգ թողնելու թաւշեայ իշխանաւորները...
Հապա՝ ի՞նչ սպասել այն իշխանաւորից, որն մինչ այս՝ Հայոց Պատմութեան դասագրքերից հանում էր առհասարակ Ցեղասպանութեան մասին նիւթերը (որպէսզի յանկարծ հարեւանների դէմ թշնամանք չքարոզւի...), իսկ աւելի զաւեշտալին՝ ի՞նչ յոյս տածել նոյն այդ փաշինեանական ռեժիմի ա՜յն ԱԳՆ -ից, որի օրակարգերի ցանկից դուրսբերւած է այլեւս Հայոց Ցեղասպանութեան արդարահատոյց պահանջատիրութեան արծարծումը՝ միջազգային հարթակներում։
Համազգային Պահանջատիրութիւն, որն ուղղակի եւ անմիջական աղերս ունի բովանդակ հայութեան ազգային ու պետական անվտանգութեան երաշխիքների հետ։
Այս դառն իրողութիւնների առկայութեան դէպքում, այլեւս զարմանք չեն յարուցում թուրք-ադրբեջանական լկտի կեցւացքները, որոնք էլ գնալով դարձել են օրինաչափ՝ դեռեւս մինչ 2020 թ. նոյ. 9-ի փաշինեանական կապիտուլիացիան...։
-----------------
*) - Հայոց Ցեղասպանութեան դահիճներին շանսատակ արած Հայկական վրիժառու բազկի գործողութեան անւանումը։