Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1. Հայաստանեան փորձագիտական ու մամլոյ որոշակի շրջանակների կողմից արդէն քանիցս բարձրաձայնւում է այն միտքը, ըստ որի՝ հայկական սփիւռքը համարժէք չի արձագանգում հայաստանեան քաղաքական եւ մասնաւորապէս «Սրբազան պայքարի» գործընթացներով պայմանաւորւած ազգային ու ժողովրդական Շարժմանը։
2. Այս մտայնութիւնը, խոստովանենք, պարունակում է իր մէջ թէ’ իրաւացի, եւ թէ’ ոչ իրաւացի հիմքեր։
Իրաւացի, քանզի բոլորի համար էլ պարզ է, որ հայաստանեան ազգային, քաղաքական ու յատկապէս պետական մասշտաբի մերօրեայ մարտահրաւէրները գերազանցապէս կրում են համազգային բնոյթ եւ այդ մակարդակներում առգոյ վտանգներն ու սպառնալիքները վերաբերում են բացառապէս ողջ հայութեանը։
Իսկ տւեալ դէպքում Սփիւռքին միանշանակ մեղադրելը ոչ- իրաւացի է, երբ նկատի ունենանք այն հանգամանքները, որոնք հաւասարապէս պասիւութեան են մատնել նոյնինքն մեր հայրենաբնակ զաւակների մեծաթիւ զանգւածների։ Հետեւաբար արձանագրելի է այն հանգամանքը, որ թէ’ հայաստանեան, եւ թէ’ սփիւռքեան հասարակայնութեանց մօտ ինչպէս բուն պատերազմական, այնպէս էլ ու յատկապէս յետպատերազմեան իրավիճակները ներազդել են իրենց ամենաբացասական յատկանիշներով, որոնք էլ հասարակայնութեան մօտ արտայայտւել են հաւաքական յուսալքութեան ու հիասթափութեան մինչ օրս շարունակւող դրսեւորումներով։ Ի դէպ՝ այս հանգամանքը սփիւռքի մօտ առաւել զգալի արտայայտութիւն է գտել՝ ի տես 44-օրեայ պատերազմի ընթացքում ի նպաստ հայոց բանակի ու յատկապէս հայ զինւորի հանգանակւած բազմամիլիոն օգնութիւնների յանիրաւի եւ դաւադիր մսխումների՝ ապիկար իշխանախմբի կողմից։
3. Այսօր, սակայն, յետպատերազմեան քառամեայ քաոսային ժամանակաշրջանի սրընթաց զարգացումները ողջ հայութեանը կանգնեցրել են նոր ու տարատեսակ սպառնալիքների առջեւ, յատկապէս Արցախի հայաթափումից ու կորստից յետոյ։ Այնպէս որ՝ ժողովրդական մինչեւ իսկ արդարացի հիասթափութիւնից ու յուսալքումից առաւել՝ նոյն ժողովրդին սպառնում է երիցս մեծ եւ անդառնալի կորուստ ու վտանգ, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ ամբողջական հայրենազրկումը…։
Մէկ խօսքով՝ հիասթափութիւնը չի կարող ու չպէտք է արդարացնի հայաթափութիւնը, այս անգամ էլ՝ բուն հայրենի երկրից, ինչքան էլ որ դա փորձեն բացատրել ու «տրամաբանել» աշխարհաքաղաքական հաշւարկներով, յատկապէս, երբ դրանցում անմիջական շահառուները նոյնինքն թուրք-ադրբեջանական հայատեաց բորենիներն են։
4. Յարգելի ընթերցող, ակնյայտ է բոլորին, որ վերոգրեալ քաոսային իրավիճակի, ինչպէսեւ ազգային ու պետական նորանոր սպառնալիք-վտանգների դիմագրաւման ու բարեյաջող յաղթայարման նպատակ է հետապնդում «Տաւուշը յանուն հայրենիքի շարժումը»։ Շարժում, որն սկսեալ սոյն թւականի մայիսի 9-ից, քաղաքական ու միաժամանակ հոգեւոր նպատակների ընդգրկմամբ՝ «ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ» ձեւ ու բովանդակութիւն է ստացել։ Պայքարը, սակայն, չի կրում լոկ հայաստանեան ներքաղաքական բնոյթ, ինչպէս որ հայրենադաւ իշխանախումբն է փորձում ներկայացնել, այլ գերազանցապէս ընդգրկում է համազգային ու համահայկական բովանդակութիւն ու մասշտաբ։ Այս մասին էլ Շարժման առաջնորդները եւս մէկ անգամ բարձրաձայնեցին օրերս՝ սեպտեմբերի 22-ի վերամեկնարկային ժողովրդական բազմահազարանոց հաւաքի ընթացքում, նախանշելով «Սրբազան պայքարի» ճանապարհային հետագայ քարտէզը։
5. Խորին համոզմամբ կարելի է արձանագրել, որ տւեալ քարտէզում հնարաւոր է ուրոյն եւ վճռորոշ դեր վերապահել ՍՓԻՒՌՔ-ին, ելնելով նոյն համազգային նպատակներից։ Ու չնայած սփիւռքեան հայաշատ գաղթօջախ-համայնքներում էլ Շարժմանը արձագանգում ու ըստ հնարաւորի՝ հաւաք-միտինգներ են կազմակերպւում, բայցեւայնպէս՝ հարկաւոր է աւելի ներգործուն տեսք հաղորդել դրանց, առաւել աշխուժացնելով Շարժման օրգանական կապը սփիւռքեան համապատասխան միաւորների հետ։
Այս գործում արդիւնաւէտ աջակցութիւն են կարող ապահովել սփիւռքեան ազգային, մշակութային, քաղաքական եւ յատկապէս եկեղեցական միաւորները, ցանկալի համախմբումը առաջացնելու համար։ Իսկ գումարած այս վերջիններին՝ Հայ Դատի Յանձնախմբերին եւս վերապահելի է ուրոյն պարտականութիւն, որի կենսագործման ճամբին նրանց ազդեցիկ լաբբիստական աշխատանքները մշտապէս ի սպաս են դրւում Հայաստանի ու ողջ հայութեան ազգային ու պետական շահերին։
Ահաւասիկ՝ այսպիսի համադիր ու համակարգւած աշխատանքներով «Սրբազան պայքարը» ի զօրու է լինելու բազմապատկել իր ներուժ կարողականութիւնները՝ դիմագրաւելու համար նախ՝ արտաքին ու ներքին մարտահրաւէրները, ապա՝ նոյն Պայքարը յաղթական ու երաշխաւորւած աւարտին հասցնելու համար։
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու