Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոյն թւականի մայիսի 12-ին հայաստանեան իշխանամէտ «1in.am» լրատւական կայքը տեսահարցազրոյց է անցկացրել Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հետ։
Ակնյայտօրէն հարցազրոյցը յատուկ կազմակերպւած էր, որպէսզի յանձնակատարը, անդրադառնալով իր Սփիւռք կատարած այցելութիւններին (օրերս եղել է Սիրիայում եւ Լիբանանում ու պատրաստւում է նաեւ Իրան այցելել), վարկաբեկիչ գնահատումներ թոյլ տայ այցելութեան ընթացքում ՀՅԴ-ի որդեգրած դիրքորոշումների վերաբերեալ, հասնելով մինչեւ հայոց պետականութեան դէմ «դաւաճանութեան» մեղադրանքների...
Ահաւասիկ, անհերքելի փաստեր, ըստ հետեւեալի.-
1- Սոյն լրատւականի հիմնադիր-տնօրէնն է սորոսական հանրայայտ գործակալ ու սեփական ընտանիքին ու ազգին դաւաճանած եւ ըստ այդմ՝ հակադաշնակցական արման բաբաջանեանը...
2- Հետաքրքիր զուգադիպութեամբ Սինանեանի հարցազրոյցը անցկացւում է հէնց այն օրերին, երբ Թուրքիայի իշխող կուսակցութեան մամուլի խօսնակը եւս Հայկական Սփիւռքի մասին բարձրաձայնելով, յայտարարում է հետեւեալը. «Վերջին ժամանակներս նկատում ենք, որ Հայկական Սփիւռքի որոշ լաբբիստներ սաբոտաժի են ենթարկում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը»։
3- Ցաւալի է, որ հէնց նոյն «սաբոտաժ» անողներին, այսինքն՝ ՀՅԴ-ին ու Հայ Դատի լաբբիստներին է վերագրում «պետականութեան դէմ դաւաճանութիւնը»՝ Սփիւռքի յանձնակատարը..., այն դէպքում, երբ պատմա-քաղաքական անհերքելի փաստերն են վկայում պետականակերտման հիմքում՝ 130-ամեայ կազմակերպութեան առանցքային դերակատարութեան մասին՝ 1918 թ.-ից ի վեր։
4- Սփիւռքի յանձնակատար կարգւելուց երեք տարի անց՝ այցելելով Միջին Արեւելեան կարեւոր համայնքներ, պրն. Սինանեանը վրդովւած՝ Սիրիայի ՀՅԴ երիտ.-պատանեկան կառոյցների «դիմաւորումից», ինքնիրեն հակասում է, երբ յայտարարում է, թէ «մենք առաջնահերթ ենք համարում ժողովրդավարութիւնը...», երբ նոյն երիտասարդների խաղաղ ցոյցը «ժողովրդավարի» մեծահոգութեամբ չի հանդուրժում ու դա հակապետական քայլ է համարում ընդդէմ ՀՀ-ի:
5- Երբեմնի Գլենդէլի քաղաքապետ, իսկ հիմա Սփիւռքի յանձնակատարը «1in.am»-ի հաղորդավարի գոհունակ դէմքից խրախուսւած՝ շարունակելով ժողովրդավարութեա՜ն թեման, նաեւ վատաբանում է ԱՄՆ-ի ՀՅԴ երիտ.-ուսանողական միաւորներին, երբ վերջիններս Վաշինգտոն այցելած ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին օրերս բողոքի ցոյցով էին դիմաւորել... եւ այդ առթիւ ասում.- «Երբ ԱՄՆ պետքարտուղար Բլինկէնն է ողջունում ՀՀ-ում ժողովրդավարութեան կայացման գործընթացները, ՀՅԴ-ի այդ կառոյցների արածը հակա-Հայաստան ու հակապետական քայլ է...», մոռանալով կամ աւելի ճիշտ՝ չգիտակցելով-չըմբռնելով դիւանագիտական «օրինաչափութիւնները»։ Աւելին, երեւի ընդհանրապէս տեղեակ էլ չի, որ նոյն Բլինկէնները հիանու՜մ են Թուրքիայում ու Ադրբեջանում ժողովրդավարութեա՜ն առաջընթացներով..., անամօթաբար անտեսելով Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում նրանց հայատեաց ոճրագործութիւնները:
6- Պարոն յանձնակատարը նոյնպէս մոռանում է իր մտքի մէկ այլ գոհա՜րը, երբ հէնց անցնող ԱՊՐԻԼ 24-ին Ծիծեռնակաբերդում քննադատում ու դժգոհում էր ԱՄՆ կոնգրեսականներին ու երկրի նախագահին, առ այն, որ սրանց ու դեռ տասնեակ ուրիշ երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը ամենեւին էլ ՀՀ-ի շահերից չի բխում, այլապէս ԱՄՆ բիւջէում Հայաստանի օժանդակութեան յատկացումները կաւելացւէին...!!!
7- Սինանեան Զարեհը սոյն տեսահարցազրոյցում այլեւս զաւեշտի վերածւած «ՀՅԴ-նախկիններ համագործակցութեան» մասին ահազանգելուց բացի, քաղաքական ու բարոյագիտական դասեր է կարդում 130-ամեայ կազմակերպութեանը, որպէսզի ՀՅԴ-ն ժողովրդի գիրկը վերադառնայ, այստեղ արդէն ապերախտօրէն մոռանալով նոյն այդ չարչրկած նախկինների օրօք, գլենդէլեան քաղաքապետական ընտրութիւններում, քւէները ո՜ր ժողովրդի միջոցով էր իրեն տրւում...
8- Եւ վերջում աւելացնենք, որ եթէ դեռեւս ուժի մէջ է յանձնակատարի իրանահայ հինաւուրց ու հայաստանամերձ համայնք այցելելու որոշումը, խորհրդատրելի է, որ խնայելով ՀՀ պետական բիւջէն, պատւիրակութեան կազմում չներառել «1in.am» լրատւականին. այստեղ՝ մեզ մօտ էլ գոյութիւն ունեն 1-2 նմանատիպ «լրատւականներ, որոնք բաղձալիօրէ՜ն ի զօրու են «լուսաբանելու» յանձնակատարի այցը՝ Իրան եւ իրանահայ համայնք...
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ