կարևոր
5839 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-06 12:20
Քաղաքական

Լ.Տ.Պ.-ին բնորոշ հերթական մանիպուլիացիան. Դերենիկ Մելիքեան

Լ.Տ.Պ.-ին բնորոշ հերթական մանիպուլիացիան. Դերենիկ Մելիքեան

Յարգելի ընթերցողը երեւի տեղեկացւած է օրերս ՀՀ նախկին նախագահ Լ. Տէր-Պետրոսեանի «ֆէյսբուք»-եան այն գրառման մասին (նաեւ տպագրւած «ԱԼԻՔ»-ի ապրիլի 5-ի համարի Առաջին էջում), որտեղ նա դատապարտել եւ «աններելի» է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի՝ իրեն դաւաճան անւանող քաղաքացու երեսին թքելու, ըստ Լ.Տ.Պ.-ի՝ զազրելի արարքը։

«.... Ես ամենեւին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականութեան վարկին հասցւած ամենամեծ վնասն է,ինչը հնարաւոր է վերացնել միայն վերջնիս պաշտօնազրկման գնով»,- գրել է նա իր «ֆէյսբուք»-եան էջում...։

Սա, ինչպէսեւ նրա սոյն գրառման մէջ բարձրացրած այլ հարցերն, ըստ էութեան վիճարկելի են կարող լինել մեր կողմից (զորօրինակ «ԱԺ-ը եւ ՔՊ խմբակցութիւնն իրենց  վարկը ժողովրդի մօտ վերջնականապէս չկորցնելու համար՝ նախաձեռնեն Ալէն Սիմոնեանի պաշտօնազրկումը...»)։ Ինչո՞ւ, վիճարկելի,  քանզի վերոնշեալներին վերագրւող առանց այդ էլ բեկւած վարկը անէացել էր արդէն նոյն պետականութեան կործանմանը տանող՝ Արցախեան քաղաքականութեան ու Արցախից իրենց ձեռքերը լւանալու երիցս դաւաճանական քայլերի պատճառով...։ Այնպէս որ ընդհանրապէս այս դէպքում էլ ադեկւատ ու անկեղծ չէք պրն. Տէր-Պետրոսեան նման թէկուզ իրաւացի գնահատականներ տալու առումով, այլապէս՝ մօտ անցեալում Ձեզ բնորոշ մանիպուլիացիայի փոխարէն, կը դատապարտէիք ու աններելի ու զազրելի կը համարէիք ՔՊ-ական ԱԺ-ին, կառավարութեանն ու առհասարակ վարկաբեկւած ապազգային իշխանութիւններին՝ Վեհափառի նախաձեռնութեամբ հրաւիրւած Ձեզ,  երկրորդ ու երրորդ նախագահների համատեղ հանդիպմանը: Հանդիպում, որտեղ  ի դէպ համախորհուրդ պէտք է ելքեր առաջարկէիք հէնց Ձեր նշած պետականութեան կործանումը դիմագրաւելու համազգային կամքի արտայայտումը իրականացնելու նպատակով, բայց, ինչպէս ասւեց, դուք խուսափեցիք դրանից, քանզի բոլորին է յայտնի Ձեր՝ առհասարակ ԱԶԳԱՅԻՆ եւ մասնաւորապէս Արցախեան քաղաքականութեան նրբերանգնե՜րը, երբ հէնց այս թաւշեայ իշխանութիւնների նման «Արցախը տալու եւ լաւ ապրելու» խարխափումներով էիք մոլորեցնում ողջ հայութեանը՝ ի Հայաստան եւ  ի Սփիւռս աշխարհի...:

Հիմա ինչ՝ զարմացե՞լ ու զայրացե՞լ էք ալէնների թքելու քստմնելի արարքից... ։ Իսկ չէ՞ որ նոյն ալէններն «մայրակա՜ն դաստիարակութիւն» են ստացել նրանցից, ովքեր ժողովրդական երթերի մասնակիցներին պատշգամբներից հայհոյում ու նրանց վրայ նոյն կերպ թքում  էին՝միջնամատերի ցուցադրմամբ...

 

Դերենիկ Մելիքեան

Պատմական գիտութիւնների թեկնածու