կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 12:02
Քաղաքական

Ազգայինի յաւերժական հրամայականով…Դերենիկ Մելիքեան

Ազգայինի յաւերժական հրամայականով…Դերենիկ Մելիքեան

Հայութեան ու Հայաստանի պատմութեան  անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն  տարիներ ի վեր  կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: Իսկ թէ դրանք որքանո՞վ, ու ի՞նչ տարողութեամբ են սերունդների հոգեմտաւոր դաստիարակութեան մէջ ներգործօն ազդեցութիւն ունեցել,  մնում է վիճարկելի…:

Այս օրերին, ահա, նշանաւորում ենք այդ կարգի պատմական հերթական դրւագներից՝ 1921 թւականի Փետրւար 18-ի ժողովրդական ապստամբութեան 100-ամեակը:  Դարակերտ մի իրողութիւն, որին այսօր գիտական հայեցողութիւնը դրոշմում է որպէս զուտ ազգային բնաւորութեան դրսեւորում, ազգի սեփական արժանապատւութեան համընդհանուր կամքի արտայայտութիւն, որի հետ հաշւի նստեց ամենաապազգային ու ցաւօք՝ օրին ամենաառաջադէմը համարւող ազգատեաց ու հայատեաց բոլշեւիզմը…:

Յաջորդական սերունդներ, յատկապէս սփիւռքեան ձախորդ պայմաններում, սնւել ու դաստիարակւել են այդ տեսակ ազգայինի փրկարար խորհուրդով ու զուգահեռ դրան երազել՝ վերականգնումը նոյն այդ ազգայինի՝ Հայրենական երկնակամարի վրընձիւղւած պետական կարգուսարքում:

Ահաւասիկ, 30-ամեայ վերընձիւղման՝ անկախ պետականութեան դիմագծի վրայ տեղ-տեղ առաջացած ազգայինի հետ ոչ մի աղերս չունեցող խորշոմներն ու նոյնիսկ կնճիռները մթագնել են այն ժամանակ, երբ դէմ-յանդիման են կանգնել ազգայինի մշտանորոգ ու փարթամ «դիմայարդարումների»: Տեղ-տեղ էլ, ցաւ ի սիրտ, այսպէս ասած՝ «արտաքին շպարանքներն» են գայթակղել հայոց պետականութեան իշխանական գահին (լոկ սեփական ժողովրդի բարեմտութեան արդիւնքում) տիրացած բախտախնդիրներ, որոնք թիւրիմացաբար կամ՝ գիտակցաբար սեփական ազգայինը ստորադասել ու աշխարհին հաճոյանալու համար կոսմոպոլիտի (աշխարհաքաղաքացի) պատրանքով են  տառապել…

.… Ու այսօր ունենք այն, ինչ որպէս հայկական հանրոյթ ամենօրեայ մղձաւանջի ծանրութեամբ դիմագրաւելու հարկադրանքի աղջեւ կանգնեցրել բոլորիս: Իսկ դիմագրաւելու մեր մշտական ու փրկարար զէնքը, դա՝ միեւնոյն ազգայինին կառչելու հրամայականն է: Հրամայական, որն օժտւած է 100-ամեայ փորձով եւ յաւերժ է, ինչպէս յաւերժական է հայն ու Հայաստան աշխարհը…

 

«ԱԼԻՔ»ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Դերենիկ Մելիքեան