կարևոր
14728 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-12 12:18
Հասարակություն

Աղետալի և անտեր վիճակ Արթիկի բազմաբնակարան շենքերում

Աղետալի և անտեր վիճակ Արթիկի բազմաբնակարան շենքերում

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ահազանգել է Արթիկի բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակի մասին՝ նշելով.

«Մի քանի մետր շինարարական թաղանթ՝ կահույքն ու տեխնիկան առաստաղից հոսող ջրից փրկելու համար։

Եվ նաև տան բոլոր տարողունակ տարաները՝ տաշտերից մինչև պլաստիկ դույլեր․․․․

Ահա այսպիսի տեսք ունեն Արթիկ քաղաքի Տոնականյան 38 և Սասունցի Դավթի 9 շենքերի բնակարանների մեծ մասը։

Նախօրեին տեղացած հորդառատ անձրևը ջրհեղեղ է առաջացրել Արթիկի բազմաբնակարան շենքերում։ Քաղաքի շենքերից մեկի բնակիչները բողոքել են հեղեղված բնակարաններից և գույքի վնասումից ։ Պատճառը տանիքի ձգձգված վերանորոգումն է, որի պատճառով հեղեղվել են Տոնականյան 38 և Սասունցի Դավթի 9 տների վերին հարկերի բնակարանները։

Բնակիչները սոցիալական ցանցերում դժգոհել են, որ պատերի երկայնքով ջուրը հոսել է դեպի 5-րդ, 4-րդ և 3-րդ հարկերը։

Բնակարաններում ձգվող առաստաղները կախվում են, սվաղը հեռանում է պատերից և ընկնում առաստաղից, պաստառները պոկվում են, գիպսաստվարաթղթերը, հատակը և կահույքը թրջվում են։ Ջուրը հայտնվում է նաև կենցաղային տեխնիկայի և էլեկտրական լարերի վրա՝ ստեղծելով հրդեհի վտանգ։ Սրա պատճառով որոշ բնակարաններում մարդիկ ստիպված են եղել անջատել հոսանքը։

Ամենացավալին այն է, որ քաղաքացիները մնացել են մեն-մենակ այս ծանր իրավիճակում։

Այս անհետաձգելի խնդիրը լուծելու հույսով բնակիչները դիմել են նաև ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեին։

Այսօր խոսել եմ ՀՀ ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ՝ ստեղծված իրավիճակին հետամուտ լինելու խնդրանքով։

Հ․Գ․

Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ապրիլ ամսից մեկնարկել են Արթիկ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։

2023 թվականին հիմնանորոգվելու են 15 բազմաբնակարան շենքերի տանիքներ։

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 120 մլն 883.000 դրամ։

Նշված գումարից 54 մլն 397.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 66 մլն 485.000 դրամը՝ համայնքի ներդրումը։

Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել են 《Մաստերգրուպ》 ՍՊԸ-ն, 《ՈՒյուտ Սենթր》 ՍՊԸ-ն, 《Աշոտ և Հայկ եղբայրներ》 ՍՊԸ-ն»։