կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 17:57
Քաղաքական

Գլխավոր շտաբում անտեր վիճակ է․ «Փաշինյանն ինքն իրեն չի վստահում»

Գլխավոր շտաբում անտեր վիճակ է․ «Փաշինյանն ինքն իրեն չի վստահում»

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում անտեր վիճակ է։ Պատերազմը չավարտած երկրում գլխավոր շտաբի պետի ու նրա տեղակալների հաստիքները թափուր են։ Տպավորություն է, թե ռուս-ուկրաինական ճակատում ընթացող թեժ մարտերն ու աշխարհաքաղաքական ձեւափոխումները Հայաստանի գործող վարչախմբին չեն անհանգստացնում։ ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Հենրիկ Մուրադյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտում է՝ բոլոր պաշտոնանկությունների եւ փոփոխությունների տակ քաղաքական պատճառներ են, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն չի վստահում, ինչպե՞ս կարող է որեւէ զինվորականի վստահել։

«Կարծում եմ՝ բոլոր պաշտոնանկությունները եւ փոփոխությունները կապված են քաղաքական հայացքների հետ: Եթե մարդ ինքն իրեն չի վստահում, ո՞նց կարող է մեկ այլ մարդու, առավել եւս՝ զինված ուժերի սպաներին վստահել, որոնք ունեն սկզբունք եւ արժանապատվություն։ Խոսքը ներկայիս իշխանավորների, Նիկոլ Փաշինյանի եւ մյուս պաշտոնյաների մասին է»,- ասաց նա:

Անհասկանալի հանգամանքներում փետրվարի 24-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով մեկը մյուսի հետեւից պաշտոնանկ արվեցին ԳՇ պետ Արտակ Դավթյանը եւ  չորս բարձրաստիճան զինվորականներ՝ բոլորը գլխավոր շտաբի վարչությունների պետեր։ Նրանք էին՝ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը, ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը եւ ԶՈւ  հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանին մինչեւ փետրվարի 24-ը բնավ չէր կաշկանդում այն հանգամանքը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը եւ նրա տեղակալ Անդրանիկ Մակարյանն անցնում էին աղմկահարույց քրեական գործերով, որոնք հարուցվել էին պատերազմից հետո՝ Դավթյանը՝ «անպիտան հրթիռների» քրգործով, իսկ Մակարյանը, որպես մեղադրյալ, ներգրավված է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում։

«Զինված ուժերի վերակազմավորման փուլում ենք, փոխանակ համալրենք մեր սպառազինությունը ժամանակակից զենքով, հզորացնենք բանակը, գնում ենք պաշտոնանկությունների։ Պաշտոնանկ եղած, մի քանի պատերազմ անցած, փորձ ունեցող սպաներ էին: Եթե այլ հարցերում թերացել էին, պետք էր պատասխանատվության ենթարկել, ոչ թե պաշտոնանկ անել: Նոր նշանակվածները երբեւէ չեն փայլել զինված ուժերում կամ մարտական գործողությունների ժամանակ։ Բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ ճանապարհ եմ անցել»,- ասաց գեներալ-մայորը։

Հենրիկ Մուրադյանը շեշտում է՝ Արտակ Դավթյանը անփոխարինելի չէր, քրեական գործը հարուցելուց հետո պետք էր անմիջապես հեռացնել պաշտոնից։ «Եթե քրեական գործ էին հարուցել, պետք է պաշտոնանկ անեին, ոչ թե ամիսներ շարունակ թույլ տային, որ պաշտոնավարեր: Կամ՝ մի անգամ պատերազմից առաջ պաշտոնանկ արել էիք, ի՞նչն էր պատճառը, որ նորից նշանակեցիք: Զինված ուժերը խաղահրապարակ չէ, ՏԻՄ-ի պաշտոն չէ, ԳՇ պետն ամենաքիչը մեկ-երկու տարի պետք է ծառայի որպես ԳՇ պետ, որ հասկանա ոլորտից, զինված ուժերի խնդիրներից, արդիականացումից եւ մարտավարությունից։ Ինչո՞ւ իշխանությունները նրան հեռացրին պաշտոնից այն ժամանակ, երբ իմացան, որ Արցախի ուղղությամբ սպասվում են ռազմական գործողություններ»,- հարցադրում է անում գեներալ-մայորը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ ասում է, որ Հայաստանը պետք է սատար կանգնի Ռուսաստանին եւ ռուսական բանակին։ «Մենք պետք է կանգնենք Ռուսաստանի կողքին, բանակը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին: Մեր ռազմավարական դաշնակիցը եղել է Ռուսաստանը, կա եւ կլինի Ռուսաստանը: Մենք պետք է մշտապես լինենք Ռուսաստանի ժողովրդի եւ զինված ուժերի հետ»,- ընդգծում է նա:

Որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածության մասին, որը, Ռոսաստանի զբաղվածությունից օգտվելով, կարող է հրահրել Թուրքիան։ Հենրիկ Մուրադյանը չի կարծում, որ այս օրերին թշնամու կողմից սադրանք կլինի, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանը նպաստավոր դիրքերում է։ Այդուհանդերձ, շեշտում է՝ Թուրքիան չի հրաժարվելու Հարավային Կովկասին տիրանալու եւ Մեծ Թուրան ստեղծելու մոլուցքից։

«Որպես զինվորական՝ ռեալիստ եմ եւ ամեն ինչին նայում եմ ռեալիստորեն: Այս պահին ես չեմ կարծում, որ սադրանք կլինի, բայց հետագայում  երբեւիցե Թուրքիան չի հրաժարվի Հարավային Կովկասին տիրանալու մտքից: Ադրբեջանն իրենն է, մնացել են Վրաստանը եւ Հայաստանը: Թուրանի ծրագրով Թուրքիան առաջ է գալիս։ Նպատակն է միանալ միջինասիական մուսուլմանական ցեղերին: Սա Թուրքիայի կողմից իրականացվող ներկայիս ծրագիրն է: Բայց այս պահին ես չեմ կարծում, որ երկրորդ ճակատ կբացվի, առավել եւս, որ ռուս-ուկրաինական ճակատում ռուսներն ունեն առաջխաղացում»,- եզրափակեց գեներալ-մայորը:

Լիանա Սարգսյան