Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քթի տակ վանդալիզմի է ենթարկվել Օղակաձև զբոսայգու «Հայ բարերարների ճեմուղի», հուշահամալիրը․ անհայտ անձինք գողացել են հայ մեծ բարերարների՝ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակողոթների բրոնզաձույլ դիմապատկերները: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն հանցագործին չհայտաբերելու պատճառով Քննչական կոմիտեն գործը փակել է։
Կարող է տպավորություն ստեղծվել, թե գողությունն իրականացվել է երեկ կամ այսօր, սակայն դեպքի մասին բարձրաձայնվեց ու քննադատվեց այնպես, ինչպես, օրինակ, Երեւանում տեղադրված՝ Մահաթմա Գանդիի արձանի դեպքում, երբ շատ կարճ ժամանակահատվածում մինչդատական վարույթում պարզվեցին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Պարզ է, որ թուրքապաշտ քաղաքականություն տանող իշխանությունները առավել զգայուն պիտի գտնվեին հայտնի թուրքասեր Մահաթմա Գանդիի նկատմամբ, որն աջակցել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին եւ համարել, որ Հայաստանը պետք է վերադառնա Թուրքիայի տիրապետության տակ։
Բանն այն է, որ Երեւանի բանուկ հատվածներից մեկում գտնվող «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրը վայրագության է ենթարկվել 2021թ․ մարտ ամսից եւ մինչեւ այս պահը չի վերականգնվել։ Բարերարների արձաններն աղճատված են, այգին՝ անտերության մատնված։
Նախ՝ ոստիկանության լրատվական ծառայությունից Yerkir.am-ը տեղեկացավ որ վանդալիզմի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից հայտնեցին, որ քննվել է քրեական գործ՝ 177-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետի հատկանիշներով, սակայն 17.07.2021թ.-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին՝ որպես մեղադրյալ ենթակա անձ պարզված չլինելու հիմքով:
Փորձեցինք հասկանալ, թե ո՞ր պատկան մարմնի, գերատեսչության ենթականության եւ պահպանության ներքո է զբոսայգին, ո՞ր կառույցին է ի պահ տրվել, այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ աշխատանքներ են տարվել հուշահամալիրը վերականգնելու ուղղությամբ։
Պետական կառույցների ներկայիս ամբողջ խեղկատակությունն ի ցույց դրվեց, գլխավոր պատասխանատուն չգտնվեց։ Այսպես՝ ԿԳՄՍ-ն համարում է, որ քաղաքապետարանը պետք է այգու անվտանգությանն ու պահպանմանը հետեւեր, քաղաքապետարանը՝ թե՝ դրանով պետք է զբաղվեր կա՛մ ԿԳՄՍ-ն, կա՛մ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ որպես Սփյուռքի նախարարության իրավահաճորդ: Զարեհ Սինանյանի՝ անհասկանալի գործերով զբաղվող գրասենյակից պաշտոնապես հայտնեցին, որ սրտացավորեն են մոտենում հուշարձանների խայտառակ վիճակին, բայց քանի որ չեն համարվում իրավահաջորդ, փող չունեն՝ հայ բարերարների արձանների վրա ծախսելու։
Երեւանի քաղաքապետարան․ այդ առումով՝ քաղաքապետարանը որեւէ ասելիք եւ անելիք չունի
«Երեւանի քաղաքապետարանը ժամանակին միայն տարածք է տրամադրել Սփյուռքի նախարարությանը, որ այդ ծրագիրն իրականացվի, եւ, այդ առումով, քաղաքապետարանը որեւէ ասելիք եւ անելիք չունի։ Խոսել եմ նաեւ վարչական շրջանի ղեկավարի հետ: Քաղաքապետարանը որեւէ պարտավորություն էդ մասով չունի»,- Yerkir.am-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի լրատվության ծառայության ներկայացուցիչ Տարոն Գեւորգյանը։ Նա սլաքներն ուղղեց ԿԳՄՍ նախարարություն եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։
«Սփյուռքի նախախարության իրավահաջորդը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն է: Այն ժամանակ ծրագիրն իրականացրել է Սփյուռքի նախարարությունը։ Անկախ ամեն ինչից՝ այս փուլում ճիշտ է բոլոր տեսակի ճշտումներն իրականացնել Քննչական կոմիտեից»,-ասաց Գեւորգյանը քաղաքապետարանի՝ գործին տեղյակ աշխատակիցների հետ զրուցելուց հետո։
ԿԳՄՍ նախարարություն․ մենք կապ չունենք այդ արձանների հետ
«Մենք կապ չունենք այդ արձանների հետ: Դրանք նոր հուշարձաններ են, որոնց հետ ԿԳՄՍ-ն որեւէ առնչություն չունի: Այդ հուշարձաններն ընդգրկված չեն նախարարության՝ պատմամշակությաին հուշարձանների ցանկում: Մենք Սփյուռքի նախարարություն չենք, կա Սփյուռքի հանձնակատար, այնտեղ դիմեք»,- հորդորեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նախարարության համապատասխան աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ․ մենք իրավահաջորդը չենք եւ դրանք վերականգնելու բյուջե չունենք
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոսել է գրասենյակի իրավաբանի հետ, որն ասել է, թե գրասենյակը չի համարվում նախարարությունից հետո այգու պահպանման հարցերով իրավահաջորդ եւ դրա համար հատկացված բյուջե չունի: «Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի այգու պահպանությունը հավուր պատշաճի իրականացվի, եւ մեղավորները գտնվեն ու պատժվեն, սակայն գրասենյակը իրավական որեւէ հենք չունի՝ այդ հարցով զբաղվելու համար»,- նշեց Կարապետյանը:
Այսպիսով՝ մի քանի օր տեւած աշխատանքից հետո մեզ այդպես էլ չհաջողվեց հստակ հասկանալ, թե պետական այրերից որ ձրիակերն է այգու անվտանգության եւ խնամքի պատասխանատուն։ Գողությունը քննվել է իրավական դաշտում եւ կարճվել: Նույն հաջողությամբ վաղն էլ կարող են Միքայել Նալբանդյանի արձանի գլուխն ու ոտքերը տանել եւ Երեւանի դեմքն այդպես աղճատված մնալ, քանի դեռ իրավապահ մարմինները հանցագործին չեն գտել։
Իրավական տիրույթից դուրս, այս ամբողջ աբսուրդի մեջ առավել խնդրահարույց է պատկան մարմինների՝ թքած ունենալու վարքագիծը: Քաղաքապետարանը տարածք է տվել եւ դրանով սպառել իր գործողություններն ու լիազորությունները, ծրագիրն իրականացրել է Սփյուռքի նախարարությունը, որի «գլուխը» փաշինյանական իշխանությունները կերան, տեղը ստեղծվեց մի անհասկանալի կառույց՝ Սփյուռքի գլխավոր հարցերով հանձնակատարի գրասենյակ, որն էլ իրեն իրավահաջորդ չի համարում։ Երկու օր է՝ փորձում ենք ճշտել՝ արդյո՞ք նրանց մտահոգում է բարերարների արժեքավոր արձանների ճակատագիրը, եթե քննչական մարմինները, ենթադրենք, մի 10 տարի չգտնեն հանցագործին։ Ի վերջո, խոսքը սփյուռքահայ բարերարների արձանների մասին է, որոնք հսկայական ներդրում են ունեցել Հայաստանում եւ մեծ դեր կատարել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Զարե՛հ Սինանյան, բարոյականության տեսանկյունից չե՞ք կաշկանդվում՝ լինելով Սփյուռքի հանձնակատար, արձանները վերականգնելու համար ի՞նչ եք արել այս ընթացքում:
Հետաքննությունը կարող է տարիներ տեւել, իսկ այդ ընթացքում գողոնը վերածելու են մետաղի ջարդոնի։ Չի բացառվում, որ դիմաքանդակներն արդեն ձուլվել եւ, լավագույն դեպքում, վերածվել են նստարանների ու դրվել արձանների դիմաց: Զարե՛հ Սինանյան, Ձեզ չե՞ն հետաքրքրում Հայաստան-Սփյուռք կապերը խորհրդանշող հայ մեծանուն բարերարների հուշակոթողները։
Զարեհ Սինանյանի գրասենյակի պատասխանից հստակորեն պարզ է դառնում՝ այս մարդիկ ոչ միայն իրենց չեն համարում Սփյուռքի նախարարության իրավահաջորդ, այլեւ վարում են փաշինյանական 0 կետից սկսելու կործանարար վարքագիծը՝ քանդելով Սփյուռքի նախարարության տարիների գործերը։
Լիանա Սարգսյան