կարևոր
3319 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-05 16:11
Քաղաքական

Քարկոփի՝ տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր. շենքերում խոնավությունը շատ է

Քարկոփի՝ տարհանված բնակիչները դեռ չեն վերադարձել իրենց բնակավայր. շենքերում խոնավությունը շատ է

Քարկոփից տարհանված բնակիչները դեռ դեն չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրերը. Բնակելի շինություններում խոնավությունը դեռ բավական շատ է, նախ այն պետք է չորանա, որից հետո միայն հնարավոր կլինի վերանորոգում իրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Լոռու մարզի Քարկոփ համայնքի վարչական ղեկավարը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մայիսի 25-26-ին տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով Քարկոփը շուրջ 1-1,5 մետր ծածկվել էր ջրով եւ բոլոր բնակիչները տարհանվել էին բնակավայրից։

Համայանքապետի փոխանցմամբ՝ բնակիչները ժամանակավորապես ապրում են այլ բնակավայրերում, ավելին՝ կարծում է, որ բնակիչները գոհ կմնան ՀՀ կառավարության հաստատած փոխհատուցումից։

«Կարծում եմ բավարար է լինելու, մի քանի բնակարան միայն, որոնք նորոգել էին, ծախս արել, գուցե նրանց ծախսը դուրս չգա , հնարավոր է դժգոհություն առաջանա , բայց, ընդհանուր առմամբ, գոհ են մնալու։ Իմ հաշվարկով՝ տուժած բնակարանների ավելի քան կեսի համար նույնիսկ գերազանց է լինելու այդ գումարի չափը, քանի որ մինչև այդ բնակարաններն այնքան էլ բարվոք վիճակում չէին», - ասաց Հերմինե Պետրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ մասնագետները ստուգել են շենքերի վթարայնության հարցը եւ եկել այն եզրակացության, որ դրանք վթարային չեն, բայցի մի շենքի, որը նախկինում եւս համարվում էր վթարային։

«Բայց խոնավության խնդիր կա։ Այս պահին դեռ նորոգում սկսել չի լինի, պետք է շարունակեն շենքերը չորանալ», - ասաց Հերմինե Պետրոսյանը՝ նշելով, որ առայժմ լուծման ընթացքի մեջ կարելի է համարել առաջնային բնակելի տների հարցը, քանի որ առջևում կա հողատարածքների ավտոտնակների հարցը, որի մասին փոխհատուցման կարգում ինքը դեռ ոչինչ չի գտել։

«Փաստինֆո»- ի հարցին ի պատասխան համայնքապետը նաեւ հայտնեց, որ հողատարածքները եւս մաքրել են տիղմից, ախտահանել։

Նշենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում հաստատվել է աղետի հետեւանքով տուժած բնակավայրարերի բնակիչների փոխհատուցման կարգը։

Ըստ այդմ՝ փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։