Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օզգյուր Դույգու Դուրգուն
DUVAR – Մշակվել է բջջային հավելված, որն անդրադառնում է դարերի պատմություն ունեցող, Արևելքն Արևմուտքին կապող քարավանային ուղիները միացնող, որպես հայոց պատմության «առասպելական» մայրաքաղաք հայտնի Անի քաղաքի պատմությանն ու ճարտարապետությանը։ Պորտուգալիայում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և ԱՄՆ-ում գործող Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի աջակցությամբ Անի բջջային հավելվածի նախագծի շուրջ համախմբվել են բազմաթիվ փորձագետներ, հնագետներ, արվեստի պատմաբաններ, ճարտարապետներ և լուսանկարիչներ Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից։
Թուրքերեն, հայերեն և անգլերեն լեզուներով պատրաստված հավելվածում օգտատիրոջն է ներկայացվում Անիի և նրա շրջակայքի մասին տեղեկություններ «Պատմություն», «Ճարտարապետություն», «Արվեստի պատմություն» և «Պահպանության աշխատանքներ» խորագրերով։ Անիի տարբեր կառույցների տեղակայման հիման վրա ստեղծված չորս հիմնական երթուղիները հնարավորություն են տալիս այցելել և հայտնի թեմաներով զգալ Անիի հնավայրը:
Օգտատերերը իրենց նախընտրած կառույցներն ընտրելով՝ կարող են նաև ստեղծել իրենց սեփական երթուղիները: Բովանդակությունը պարունակում է պատմական և ճարտարապետական տեքստերը ավելի լավ հասկանալու համար ճարտարապետական տերմինների բառարան, մատենագիտություն, ավելի համապարփակ հետազոտությունների վրա լույս սփռող մատենագիտություն, և Անիի մասին իրենց գիտելիքները ստուգել ցանկացող օգտատերերի համար պատրաստված փոքր թեստային բաժին։ Վիրտուալ ուղեցույցը ներառում է նաև այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են այցելությունների ժամերը, տրանսպորտը և հասանելիությունը: Անիի բազմաշերտ պատմությունը թուրքերենով լուսաբանում են Մահիր Գյունշիրայը, Շենայ Գյուրլերը, Թիլբե Սարանն ու Գյորքեմ Ելթանը, հայերենով՝ Էլմոն Հանչերը, անգլերենով՝ դոկտ. Քրիստինա Մարանչին, Վերոնիկա Կալասը և Ռոբերտ Դուլգարյանը:
Նախագծի համար, որն Օսման Քավալայի գաղափարն է, ծրագրին առաջին ֆոնդային հայտը ցուցաբերել է անձամբ Քավալան՝ Սիլիվրիի բանտից կատարելով իր առաջին ֆինանսական աջակցությունը:
Բջջային հավելվածի մասին տեղեկություն ստացանք Մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի խորհրդի նախագահ, ավագ ճարտարապետ Իսմայիլ Յավուզ Օզքայայից, ծրագրի համակարգող Չաղլա Փարլաքից, Անատոլիայի մշակույթի ծրագրի համակարգող Թամար Նալջըից և Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի տնօրեն Հունգ-հսի Չաոյից։
Կարո՞ղ եք ասել, թե Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբագրություն) պատմամշակութային հարստության առումով և այս ծրագրի տեսանկյունից որքան կարևոր է Անին, որը երկար ժամանակ բախտի քմահաճույքին էր հանձնվել, և որի մշակութային ժառանգությունը «բացահայտվել» է վերջին տարիներին:
Իսմայիլ Յավուզ Օզքայա- Անիի «հայտնագործությունը» իրականում սկսվում է 19-րդ դարի ճանապարհորդներից: Այնուամենայնիվ, Անին կրկին հայտնի է դառնում Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի հովանու ներքո գործող Ն․ Յ․ Մառի գլխավորած փորձագետների ՝ ներառյալ ճարտարապետների, հնագետների, լուսանկարիչների, նկարիչների և լեզվաբանների խմբի կողմից՝ 1892-1917 թթ․ Անիում կատարած պեղումների, փաստաթղթերի և արձանագրությունների ամբողջական թարգմանությամբ։ Այս ընթացքում, ինչպես և հիմա, հետաքրքրության և այցելուների անհավատալի հոսք էր դեպի Անի։ Այցելուներն այցելում են Մանուչեհրի մզկիթում ստեղծված թանգարանը, իրենց զգացմունքներն ու մտքերը գրում հուշագրքում, իսկ հնարավորության դեպքում լուսանկարվում դաշտում աշխատող Մառի և նրա թիմի հետ։ Անին առանձնահատուկ դառնալու պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է համառոտ անդրադառնալ քաղաքի պատմական զարգացմանը։
9-րդ դարի վերջին Բագրատունյաց արքայատոհմի գլխավորությամբ հայերը անկախություն ձեռք բերելուց հետո 961 թ․, հավանաբար պաշտպանական տեսանկյունից այս վայրի հարմարության պատճառով՝ Կարսից Անի տեղափոխեցին իրենց մայրաքաղաքը։ Մետաքսի ճանապարհի առևտուրը դեպի հյուսիս տեղափոխվելով՝ քաղաքը սկսեց արագ զարգանալ և 25 տարվա ընթացքում այսօրվա հյուսիսային պարիսպները հասան իրենց սահմանագծին։ 993-ին Հայոց պատրիարքարանի կենտրոնը Անի տեղափոխելուց անմիջապես հետո Անին, որն ուներ մեծ, մարդաշատ և լավ նախագծված քաղաքի տեսք, 11-րդ դարում դարձավ այն միջնադարյան Հայաստանում հայտնի քաղաք՝ իր քաղաքական և մշակութային կյանքով, արհեստներով և առևտրով։ Այս բարգավաճման ժամանակաշրջանում ենթադրվում է, որ քաղաքի բնակչությունը հասել է շուրջ հարյուր հազարի: Ֆեոդալիզմի հիմնական գծերի մեջ գյուղատնտեսությունից և անասնապահությունից ավելի առաջին պլան են մղվել առևտուրն ու արհեստները, որոնք հիմնված էին քաղաքային մշակույթի վրա, և Անիում մեկը մյուսի հետևից կառուցվում էին շքեղ շինություններ, եկեղեցիներ, վանքեր, դամբարաններ, պալատներ, տներ, բաղնիքներ, իջեւանատներ, շուկաներ և խանութներ, ջրաղացներ, ձիթհաններ, պահեստներ, կամուրջներ, ջրանցքներ, որոնք նախագծված էին մեծ ճշգրտությամբ, և Անիից համեմատաբար կարճ հեռավորության վրա սկսում են զարգանալ նաև բազմաթիվ գյուղական կենտրոններ և վանքեր։
Անիի ամենափառավոր շրջանից՝ Սմբատ թագավորի և նրա ժառանգ Գագիկի մահից հետո, գահակալական կռիվները նախապատրաստեցին Բագրատունիների թագավորության ավարտը, և 1045 թ․ Բյուզանդական կայսրությունը ստանձնեց Անիի կառավարումը։ 1064 թ․ այս անգամ սելջուկ սուլթան Ալփարսլանի կողմից գրավված Անիում, մոտ 135 տարի գոյատևում է Շադդադյան իշխանությունը և 1199 թ․ ի վեր, վրաց Զաքարյանների (Օզքայան խեղաթյուրում է փաստերը, քանզի Զաքարյանները հայեր էին-Ակունքի խմբ․) ղեկավարությամբ շարունակվել է առևտրային աշխուժությունը և շինարարական աշխատանքները։ Չնայած քաղաքի կառավարիչները բազմիցս փոխվել են, քաղաքը, որը, ինչպես հայտնի է, լքված է եղել 1236-ի մոնղոլական արշավանքից, 1263-ի երկրաշարժից և 1319-ի Մայր տաճարի գմբեթն ավերած մեծ երկրաշարժից հետո զանգվածային գաղթերի պատճառով, իրականում ճիշտ կլինի դրա կործանումը բացատրել 1250-ական թվականներից Կիլիկիայի վրայով եվրոպական նավահանգիստների հետ առևտրի զարգացմամբ, 1498 թ․ Բարեհուսո հրվանդանի և ծովային առևտրի նոր ուղիների հայտնաբերմամբ։
Այս հեքիաթային անցյալով հանդերձ, Անին այսօր էլ աշխույժ է իր տարածաշրջանում: Անին հայերի պատմության ամենափառավոր շրջանը ներկայանող առասպելական մայրաքաղաքն է, որը թյուրքերի համար Անատոլիայի դարպասները բացած ամենակարևոր նվաճումն էր, իսկ վրացիների համար՝ ամենափառահեղ շրջաննի հուշը։ Բազմամշակութային Կովկասի տարածաշրջանի (թե աշխարհագրորեն, թե պատմաքաղաքական առումով Անին կովկասի հետ կապ չունի, Օզքայան օգտագործում է «Կովկասը» խուսափելու համար Անիի գտնվելու իսկական վայրի՝ Հայաստանի անունը տալուց-Ակունքի խմբ․) միջնադարյան պայծառ աստղը հաջողելով ոտքի կանգնել՝ իր հոյակապ հուշարձաններով, որոնք կարողացել են գոյատևել, հնագիտության ուսումնասիրության սպասող ստորգետնյա քաղաքով, ձորերով, մերձակա բնակավայրերով, վանքերով և եկեղեցիներով այսօր կրկին նշանավոր կենտրոն դառնալու ճանապարհին է:
Այս տեսլականով Անի բջջային հավելվածը 2011 թ․ ի վեր սիրելի Օսման Քավալայի կողմից ղեկավարվող գործընթացի վերջնական արդյունքն է, որի շրջանակներում Թուրքիայի և Հայաստանի փորձագետները համատեղ նախագծեր են պատրաստում: «Անին և նրա շրջակա միջավայրը» թեմայով փորձագետների դաշտային ուսումնասիրությունները և նախագծերի պատրաստումը, որը սկսվել է 2013 թ․, շարունակվել է «Անի․ Քարե պոեզիա. մշակույթների խաչմերուկում ճարտարապետական գանձ» ցուցահանդեսով, Անին 2016 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկվելուց անմիջապես հետո։ Այս ցուցահանդեսը, որտեղ Օսման Քավալան աշխատում էր բոլոր փուլերում, մեկ տարի Ստամբուլում, Երևանում, Անկարայում, Օսլոյում և Կարսում հանդիպեց հանդիսատեսին և նշանակալի ներդրում ունեցավ Անիի մասին իրազեկման գործում։ Բջջային հավելվածի գաղափարը նույնպես պատկանում է Օսման Քավալային։ Նախագիծը մեկնարկեց Սիլիվրիում նրա անարդարացի բանտարկության առաջին տարիներին իր ուղարկած գրությամբ։ Պարոն Օսմանն է ներկայացրել ֆինանսավորման առաջին դիմումը։ Այս գաղափարի հիմքում Անիի այցելուների համար փորձագետների կողմից պատրաստվող բջջային հավելվածն է և «Անիի բարեկամներ» հարթակը, որը Անիի վերաբերյալ հետազոտություններ անող փորձագետները կգործարկեն հաջորդ փուլում։ Անին, ինչպես նախկինում, այսօր ևս շարունակում է իր գործառույթը՝ համախմբելու բոլոր հասարակություններին այն շրջանում, որում գտնվում է։ Այդ իսկ պատճառով այն արժանի է «կենդանի էակ» տերմինին։
Ի՞նչ մեթոդի և մոտեցման շրջանակներում է մշակվել Անիի բջջային հավելվածը։
Չաղլա Փարլաք– Անիին մոտեցանք տարբեր տեսանկյուններից՝ բուն Անիի տարածքի բազմաշերտ կառուցվածքին և ժամանակակից մշակութային ժառանգության ուսումնասիրություններում տարածքի միջգիտակարգային մոտեցմանը համահունչ: Այս իրավիճակն արտահայտվում էր ոչ միայն նրանով, որ մասնակիցները տարբեր գիտակարգերից էին, այլև՝ այն երկրների բազմազանությամբ, որտեղից մասնակցում էին։ Մասնակիցների կազմում փորձագետներ կային Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից և Թուրքիայից։ Անին խորհրդանշական մեծ նշանակություն ունի հայոց պատմության համար, և եթե անգամ նրա խորհրդանշական նշանակությունը թուրքական պատմության համար նույնը չէ, այն, այնուամենայնիվ, որոշ շրջադարձային կետեր է մատնանշում։ Փորձեցինք բովանդակության մեջ դա արտացոլել գիտականորեն։ Երեք առանձին սեմինարներ անցկացրինք Երեւանում, Ստամբուլում և Կարսում՝ հավելվածի շրջանակը որոշելու և դրա բովանդակությունը ստեղծելու համար։ Այս սեմինարների ընթացքում մասնակիցները կիսվեցին հավելվածի վերաբերյալ իրենց գաղափարներով և առաջարկներով: Սահմանեցինք հավելվածի նպատակը, թիրախային լսարանը և անհրաժեշտությունը: Այս համատեքստում որոշվել են ընդգրկվելիք ոլորտները/կառույցները և տարբեր թեմաներ: Այս տարածքների և կառույցների հասանելիությունը և երթուղիների որոշումը նույնպես իրականացվել է ոլորտի փորձագետների հիմնավորումներով։ Սեմինարի մասնակիցներն աշխատեցին հայտնաբերված կառույցների վրա և պատրաստեցին տեքստեր, որոնք ներառում էին հուշարձանների և վայրերի պատմությունը, դրանց ճարտարապետական և գեղարվեստական առանձնահատկությունները և դրանց պահպանության կարգավիճակը: Այս տեքստերը խմբագրվել են դոկտ․ Վերոնիկա Կալասի և Յավուզ Օզքայայի կողմից։ Զուգահեռաբար կատարվել են արխիվային հետազոտություններ, հայտնաբերվել են շենքերի հին լուսանկարներ։ Հատկապես տարածքով զբոսնելիս տեքստերը օգտագործման համար առավել հարմար էին հնչում։ Հոգ ենք տարել, որպեսզի ձայնային տեքստերը լինեն ավելի պարզ և խոսակցական, քան գրավոր բացատրությունները:
Մինչ հավելվածի գործարկման փորձնական փուլում ներգրավեցինք Անիի համապատասխան շահագրգիռ կողմերին ու այցելուներին և կատարեցինք տարբեր ադապտացիաներ և փոփոխություններ՝ համաձայն արձագանքների:
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ Է»
Հարցի հերթը պարոն Հունգ-հսի Չաոյինն է. Կպատմե՞ք այս նախագծում որպես Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ՝ Ձեր ներդրման մասին:
Հունգ-հսի Չաո– Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը մեր տեղական գործընկերոջ հետ միասին աշխատում է Անիի հնավայրի կարևոր կառույցների պահպանման ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում կավարտվեն պահպանման աշխատանքները։ Մշակութային ժառանգության մեկնաբանումը այս աշխատանքի, ինչպես նաև պահպանման աշխատանքների շատ կարևոր մասն է, և Անի բջջային հավելվածն ունի մշակութային ժառանգության մեկնաբանման լավագույն մոտեցումներից մեկը: Այս հավելվածի ստեղծման ընթացքում համագործակցել ենք Anadolu Kültür-ի հետ: Միասին աշխատել ենք հավելվածը երեք լեզուներով ամենաընդգրկուն պատմական պատմություններով բարելավելու և զարգացնելու ուղղությամբ, որպեսզի օգտվողները Անիի պատմության վերաբերյալ կարողանան համակողմանի գիտելիքներ ունենալ: Սա մշակութային ժառանգության մեր մեկնաբանության մի մասն է, և կշարունակենք դա և Անիի հնագիտական տարածքի պաշտպանությունը:
Որքա՞ն ժամանակ է, որ հավելվածը կիրառվում է, և որքան է ներկայում դիտողների թիվը։
Չաղլա Փարլաք– Բետա փորձաշրջանը տևեց մոտ 6 ամիս: Այն առցանց վերցրել ենք մոտ 1,5 ամիս առաջ, թեև այն տարածել ենք միայն Anadolu Kültür-ի սոցիալական մեդիայի հաշիվներում, Ani հավելվածը ներկայում տեղադրված է մոտ 400 հեռախոսների վրա: Մենք այն առցանց վերցրել ենք մոտ 1,5 ամիս առաջ, թեև այն տարածել ենք միայն Anadolu Kültür-ի սոցիալական մեդիայի հաշիվներում, Ani հավելվածը ներկայում տեղադրված է մոտ 400 հեռախոսների վրա:
Հայաստանից ո՞ր ոլորտների փորձագետներ են ներգրավված նախագծում:
Իսմայիլ Յավուզ Օզքայա– Հայաստանից ծրագրի մասնակիցները իրենց ոլորտներում հայտնի փորձագետներ են, որոնց հետ մենք 2011 թ․ համագործակցում ենք Անիի և Թուրքիայի տարբեր վայրերի դաշտային ուսումնասիրություններով։ Մեր հայ փորձագետ ընկերները, ի թիվս բազում այլ հարցերի, իրենց ներդրումն ունեն մասնավորապես Անիի պատմական զարգացան, վիմագրային տեղեկությունների, ժամանակաշրջանի Անիում և նրա շրջակայքում կառուցված վանքերիու եկեղեցիներ ունեցող ժամանակաշրջանի կարևոր գործիչների, որոնց անունները հիշատակվում են Անիի արձանագրություններում, ինչպիսին է նշանավոր ճարտարապետ Տրդատը և 1892-1917 թթ. առաջին անգամ Անիում կատարված գիտական հետազոտություններ և պեղումներ ու Նիկողայոս Մառի ժամանակաշրջանի մասին։ Նաև ձևավորել ենք ծրագրային ապահովման բովանդակություն՝ թե ինչպես այն կարող է օգտագործվել Անիում, որ հաշվի առնվեն այցելուի գործունեությունը, թե որտեղ և ինչպես կարող ենք տեղեկատվություն փոխանցել:
Չաղլա Փարլաք- Հայաստանից հրավիրված էին մասնակիցներ արվեստի պատմության, հուշարձանների պահպանության, ճարտարապետության պատմության, վիմագրության, պատմության և հնագիտության ոլորտներից։ Փորձագիտական թիմը բաղկացած էր մարդկանցից, որոնց հետ և՛ Anadolu Kültür-ը, և՛ Մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիան Անիի վերաբերյալ նախորդ ծրագրերում համագործակցել և ուսումնասիրություններ են կատարել: Ինչպես նշեցի, սեմինարներում որոշվել են հայտի նպատակը, թիրախային լսարանը և շրջանակը, այնուհետև այս փորձագետներն իրենց ուսումնասիրություններով իրենց ներդրումն են ունեցել հավելվածի բովանդակությանը։ Անի բջջային հավելվածի բովանդակությունը հիմնված է գիտական աղբյուրների վրա, ուստի շատ կարևոր է հասկացությունները ճիշտ և տեղին օգտագործել։ Այդ իսկ պատճառով, թարգմանություններից հետո վերջնական ընթերցողները, փոխանակ լեզվաբաններիի և թարգմանիչների՝ եղել են արվեստաբաններն ու հուշարձանների պահպանման մասնագետները՝ դեպի ում մայրենի լեզուն թարգմանվել է տեքստը։
Նախագծին, բացի Հայաստանից, մասնակցել են նաև տարբեր բնագավառների փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից և Եվրոպայից։ Այս լայն համագործակցության հարթակում ինչպիսի՞ փորձագետներ կան:
Չաղլա Փարլաք– Ի լրումն դասական գիտակարգերի, որոնք ես ավելի վաղ նշեցի՝ ճարտարապետությունը, հնագիտությունը և արվեստի պատմությունը, որոնք զբաղվում են մշակութային ժառանգությամբ, նախագծին մասնակցել են նաև թվայնացման և հաղորդակցության փորձագետներ: Անիի և միջնադարյան հայկական կառույցների աշխարհահռչակ փորձագետ, դոկտ. պրոֆ․ Քրիստինա Մարանչին իր տեքստերում ներդրում է ունեցել և՛ բովանդակային առումով, և՛ խմբագրական, տեքստերը խմբագրվելուց հետո նա կատարել է տեքստերի վերջնական ընթերցումներ և առաջարկություններ մշակել։ Նա նաև ձայնագրել է անգլերեն տեքստերի մեծ մասը։ Սրան գումարած Յավուզ Օզքայան փորձագետ է ճարտարապետական պահպանության բնագավառում ընդհանրապես, իսկ վերջին շրջանում Անիի բազմաթիվ հուշարձանների վերականգնման ոլորտում՝ մասնավորապես։ Սկսած գաղափարի ձևավորումից մինչև այն առցանց տիրույթ տեղափոխելը յուրաքանչյուր փուլում նա իր դերն ունի:
Իսմայիլ Յավուզ Օզքայա- Հնագիտության, պատմության, արվեստի պատմության, ճարտարապետության պատմության փորձագետների և բնապահպանական ճարտարապետների մեր հիմնական խմբում կան պահպանման փորձագետ-ճարտարապետներ Թուրքիայից, ճարտարապետության, պատմության, արվեստի պատմության և հնագիտության փորձագետներ Հայաստանից և առաջվոր հետազոտողներ Ամերիկայից, Ռուսաստանից և Եվրոպայից, ովքեր հրապարակումներ ունեն Անիի և շրջակայքի հուշարձանների, բնակավայրերի և պաշտպանական համակարգերի վերաբերյալ: Օրինակ, դոկտ. պրոֆ. Արմեն Ղազարյանը եւ դոկտ. պրոֆ․ Քրիստինա Մարանչին, Պատրիկ Տոնապետյանը… Արմեն Ղազարյանը ներկայում Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի կողմից խորհրդատու է Անիի երկու կարևոր հուշարձանների՝ Անիի Մայր տաճարի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պահպանության, վերանորոգման և ամրացման գործընթացում։ Քրիստինա Մարանչին ևս խորհրդատվություն է իրականացնում Մրենի տաճարի պահպանության նախագծի վերաբերյալ, որն իրականացվում է Մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի հետ համատեղ։
«ԱՆԻԻ՝ «ՌԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԴԱԼԸ ԿՏՐՈՒԿ ՄԵԾԱՑՐԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ»
Բջջային հավելվածը ազդեցություն ունի՞ տարածաշրջան այցելողների թվի վրա, ի՞նչ ակնկալիքներ ունեք։
Իսմայիլ Յավուզ Օզքայա- Անիի այցելուների թիվը 2000-ականների սկզբին 4500 էր, և նրանց մեծ մասը այցելուներ էին արտերկրից։ 2006 թ․ Անին «ռազմական տարածքի» կարգավիճակից Մշակույթի և զբոսաշրջության նախարարության վերահսկողությանն անցնելուց հետո թիվն սկսել է բարձրանալ, և 2016 թ․ Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հռչակվելուց հետո այցելուների տարեկան թիվը նախորդ տարիների համեմատ կրկնապատկվել է և հասել 41500-ի։ 2017 թ․ ավելանում է ևս շուրջ 20 հազարով։ Անգամ համաճարակի ժամանակաշրջանում պահպանվել է տարեկան այս թիվը՝ շուրջ 65 հազար, սակայն անցյալ տարվանից այցելուների թիվը կրկին աճում է։ Անի բջջային հավելվածի օգտագործումը նոր է սկսվում։ Հավելվածը չի կարող նպաստել այցելուների թվի ավելացմանը, սակայն հուսով ենք, որ կնպաստի Անիի պատմության ավելի լավ ըմբռնմանը՝ իր հարուստ ու բազմամշակութային անցյալի պատմությամբ, հոյակապ հուշարձաններով, քարե զարդաքանդակներով, որմանկարներով, արձանագրություններով:
Կա՞ն արդյոք ընթացիկ կամ ապագայում ծրագրված պեղումներ այդ տարածքում: Ծրագրի համար Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից աջակցություն ստացե՞լ եք։
Իսմայիլ Յավուզ Օզքայա- Պեղումները և ուսումնասիրությունները, որոնք երկար ժամանակ կատարվել են միայն ամռանը և կարճ ժամանակով, դարձել են ավելի երկար, կանոնավոր և ծրագրավորված, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, երբ Անիում կառուցվել և օգտագործվել է պեղման կենտրոն։ Կարսի Կովկասի համալսարանից պեղումների և տարածքի վարիչ, դոկտ. Մուհամմեթ Արսլանի ղեկավարությամբ իրականացվող աշխատանքներին մասնակցում են նաև այլ համալսարանների փորձագետներ։ Մյուս կողմից, Մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցությամբ Անիում շարունակվում են երկու կարևոր հուշարձանների պահպանության-վերանորոգման-ամրացման աշխատանքները։ Առաջիկայում ևս նախատեսվում են նոր նախագծեր և գործողություններ։
Անի բջջային հավելվածի ծրագիրը հիմնականում նպատակ ունի նպաստել Անիում մշակույթի և զբոսաշրջության նախարարության պեղումների-պահպանման և խթանման աշխատանքներին: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը, որի հետ նախարարությունը երկար ժամանակ աշխատում է, աջակցում է մեր նախագծին Անիի գովազդման և կայքն այցելուներին ներկայացնելու գործում։ Բջջային հավելվածը հուշարձանների և Անիի մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելով՝ նպատակ ունի հարստացնել որպես շրջագայության երթուղի ընտրված այցելության փորձը։
«ANADOLU KÜLTÜR-ը 20 ՏԱՐԻ Է, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ Է ՆՊԱՍՏՈՒՄ»
Anadolu Kültür-ը մշակութային երկխոսության և համագործակցության շրջանակներում բազմաթիվ նախագծեր է իրականացրել Հայաստանի հետ։ Ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ է ունեցել այս համագործակցությունը երկու երկրների դիվանագիտության և երկու հասարակությունների երկխոսության համար:
Anadolu Kültür-ի 2002 թ․ հիմնադրվելուց հետո այս հաստատություն է, որ 2004 թ․ սկսեց մշակութային համագործակցությունը Հայաստանի հետ՝ փաստացի բավականին վաղ Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար: Այդ ժամանակից ի վեր ստեղծել ենք նախագծեր, որոնք համախմբում են բազմաթիվ մարդկանց վիզուալ արվեստի, կատարողական արվեստի և ժամանակակից արվեստի, հատկապես լուսանկարչության և կինոյի ոլորտներից: Փորձեցինք ստեղծել դաշտ, որտեղ գիտնականներն ու համալսարանականները հանդիպել, քննարկել և ստեղծագործել են միասին: Ամենաշոշափելի ձեռքբերումը, չնայած փակ սահմաններին, երկու երկրներից բազմաթիվ մարդկանց ու կազմակերպությունների հանդիպումն ու միասին մտածելու և արտադրելու հնարավորություններ գտնելն էր։
Թե որքան ամուր են կապերը նպաստում այս համակեցությունների հաստատմանը՝ տեսել ենք հատկապես դժվարին ժամանակներում։ Գրեթե քսան տարի առաջ այս երկխոսության ուղիները, որոնք ստեղծվել են ոչնչից և բացվել են երկու երկրներում քաղաքացիական հասարակության միջև, չնայած երկու երկրների միջև առկա քաղաքական լարվածությանը և դիվանագիտական ճգնաժամին, կարողացել են շարունակվել, քանի որ քաղաքացիական հասարակության համար Anadolu Kültür-ի աշխատանքային դաշտում հիմնված արվեստի աշխարհի համար ևս չնայած սահմանային դարպաս չկար, սակայն մեկ անգամ երկխոսության դարպաս բացվել էր։ Եթե անգամ ժամանակ առ ժամանակ վնասվում, դժվարություններ են լինում, կարելի է ասել, որ կա վստահության հարաբերություն, որը հաստատվել է կատարված աշխատանքների և ներդրված ջանքերի շնորհիվ։ Ամեն դեպքում, կարծում ենք, որ այս համագործակցության շարունակությունը էական է վստահության այս հարաբերությունները չկորցնելու և երկխոսության ուղիները չփակելու համար։
Մշակութային ժառանգությանն ուղղված զբոսաշրջությունը աշխարհի տարբեր գրավիչ կետերում մշակութային ժառանգության կայունությանը զուգահեռ կարևոր ձեռքբերումներ է բերում տարածաշրջանային տնտեսության առումով: Այս առումով ի՞նչ եք կարծում Անիի ներուժի ու ապագայի մասին։
Իսմայիլ Յավուզ Օզքայա- Կարսի զարգացման համար Անին շատ կարևոր արժեք է։ Տարիներ շարունակ արտագաղթող քաղաք լինելով՝ Կարսն այսօր արագ զարգանում է։ Այցելուների աճին զուգահեռ բացվում են նոր հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ։ Այնուամենայնիվ, մնալու տևողությունը կարճ է: Երբեմն գիշերվա կեսին հյուրանոց եկող այցելուները կես օր անցկացնում են Անիում, այնուհետև Կարսում, իսկ հաջորդ օրը երեկոյան նորից ճանապարհ են ընկնում։ Անիից բացի, զբոսաշրջության երթուղու մաս կարող են դառնալ Անին շրջապատող ձորերը, Ախուրյան գետի ափը և Անիին շատ մոտ գտնվող մշակութային ժառանգության վայրերը, հիասքանչ վանքերը, եկեղեցիներն ու ամրոցները, և եթե այն հնարավոր լինի պահպանել ու ներկայացնել, ապա Կարսում մնալու տեւողությունը կարելի է ավելացնել եւ շատ կարեւոր շահույթ ստանալ թե՛ Կարս քաղաքի, թե՛ տարածաշրջանի տնտեսության համար։
Կլինե՞ն ծրագրի նոր փուլերմ կամ նախատեսու՞մ եք նման այլ հավելվածներ:
Իսմայիլ Յավուզ Օզքայա- Անշո՛ւշտ։ Անի բջջային հավելվածը մշակել ենք նախագծի բյուջետային սահմանափակումներին համապատասխան։ Եթե կարողանանք գտնել նոր ֆինանսավորում, մեր նախագծի ծրագրային ապահովման ենթակառուցվածքը հարմար է՝ կարող ենք ավելի բարելավել բովանդակությունը: Այս փուլում չկարողացանք այցելուների համար շատ զվարճալի հավելվածներ իրականացնել։ Օրինակ՝ մեզ չհաջողվեց այցելուներին փոխանցել Գագիկաշենի եկեղեցու կանգուն գմբեթով շքեղ վիճակը, որի հատակագիծը այսօր կարելի է մասամբ տեսնել VR տեխնոլոգիայով, կամ Մանուչեի մզկիթը, որը թանգարանի է վերածվել 1905 թ․։ Այսպիսի անիմացիաներ կարելի է պատրաստել բոլոր կարևոր հուշարձանների համար, որոնց միայն հիմքն է պահպանվել կամ մասամբ ծածկված տարածքում են, որպեսզի այցելուները շրջելիս կարողանան ավելի լավ ընկալել և հասկանալ: Բջջային հավելվածներին վերջին տարիներին մեծ կարևորություն է տրվում, և դրանք արագ զարգանում են։ Նախատեսում ենք օգտագործել և զարգացնել այս հավելվածը մեր նախագծերի և նոր պրոյեկտների համար, որոնք նախկինում հրապարակել ենք դաշտային ուսումնասիրություններով:
Անի բջջային հավելվածի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ թուրքերեն և անգլերեն՝ www.anadolukultur.org կայքում:
Հավելվածը App Store-ից ներբեռնելու համար՝
https://apps.apple.com/app/ani-mobile-app/id1600767237
Հավելվածը Play Store-ից ներբեռնելու համար՝
https://play.google.com/store/apps/details?id=com.anadolukultur.ani
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net