Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 12-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կայացել է «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ստեղծվել է 2017 թ. հունիսին մեկնարկած Համազգային հայ կրթական և մշակութային միության լուսանկարչական նախագծի արդյունքում, որը նվիրված էր Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Այս տարվա հունիսին մեկնարկած նախաձեռնության նպատակն էր 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը երիտասարդ լուսանկարիչների աչքերով: Վավերագրող լուսանկարիչներ Սոնա Ադամյանը, Սարո Բաղդասարյանը, Անի Գևորգյանը, Արթուր Մելիքյանը, Նարեկ Ալեքսանյանը, Նոնա Մինասյանը, Արևիկ Ծատրյանը, Արմինե Վանյանը որսացել են կադրեր, որոնց շնորհիվ հանրության առավել լայն շրջանակ հնարավորություն կունենա հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու և հասկանալու շուշեցուն ու նրա քաղաքային առօրյան: Նախագծին իրենց մասնակցությունն են բերել անվանի վավերագրող-լուսանկարիչներ Յուրի Մեչետովը և Մայա Դեյսաձեն (Վրաստանի Հանրապետություն):
Այս գրքի շնորհիվ հանրության առավել լայն շրջանակ հնարավորություն կունենա հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու և հասկանալու շուշեցուն ու նրա քաղաքային առօրյան:
Արցախի հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ այս միջոցառումով ազդարարվում է համազգային կարևոր կառույցի ներկայությունն Արցախում, որը, ըստ նրա, մեծ նպաստ կբերի Արցախի հանրապետության կրթամշակութային զարգացմանը:
Նախաձեռնության հեղինակներից Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական Վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը կարևորել է Շուշիին նվիրված պատկերագրքի լույսընծայումը: Ընթերցելով շուշեցի հայտնի գործիչ Վահան Նավասարդյանի մոր նամակը որդուն, որի հիմնական ուղերձն էր՝ Շուշին քաղցր է շուշեցիներով, Սպարտակ Ղարաբաղցյանը եզրակացնում է՝ «Շուշին մեր բոլորի Երուսաղեմն է: Ուրեմն նոր հանդիպումների, նոր հրատարակությունների, նոր նամակների, հիշողությունների վերընթերցմամբ ու մեզ նորոգելով հզորանանք»:
ԱՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով Համազգային հայ կրթական և մշակութային միության գրասենյակի բացումն Արցախում, շեշտել է, որ Շուշին տարբեր է, ամեն մեկի հայացքում յուրահատուկ է և հնարավոր չէ մի պատկերագրքում պատկերել ամբողջական Շուշին: «Պատկերագրքի մեջ պատկերված է շուշեցին: Ամենակարևոր շեշտադրումը կյանքն է, մարդկանց դեմքերի ժպիտը, լույսը»,- ավելացրել է Նարինե Աղաբալյանը:
Լրագրող, մեկնաբան, ՀՀԿՄՄ Արցախյան մասնաճյուղի խորհրդի անդամ Միքայել Հաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ հայոց մշակութային, քաղաքական կենտրոններից մեկը՝ Շուշին վերականգնում է իր նախկին կարգավիճակը: «Պատկերագիրքը ուխտագնացություն է դեպի հայոց սուրբ սրբոց քաղաքներից մեկը՝ Շուշի»,- ասել է Միքայել Հաջյանը ու ավելացրել, որ այն Շուշիի ամենօրյա կյանքն է՝ իր բնակիչներով և նրանց ապրումներով:
Ինչ վերաբերում է եռալեզու պատկերագրքի հրապարակման քաղաքական ենթատեքստին, ապա, ըստ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, Շուշիի հետ կապված ցանակացած իրադարձություն, նույնիսկ մշակութային ձեռնարկ, ունի քաղաքական ենթատեքստ: «Հավանաբար կազմակերպիչները չեն ունեցել նախաձեռնությունը քաղաքական բեմահարթակ մղելու նպատակ, բայց մենք այդ ամենը դիտարկում ենք քաղաքական ենթատեքսում, որովհետև Շուշին, լինելով մշակութային կենտրոն, կարող է ազդակներ փոխանցել հայկական քաղաքականությանը»,- շեշտել է Դավիթ Իշխանյանը:
Նախաձեռնողների կողմից հատուկ պարգևների են արժանացել պատկերագրքում ընդգրկված լուսանկարների հեղինակներից Գերման Ավագյանը և Յուրի Մեչետովը:
«Առաջին անգամ Շուշին տեսել եմ 1995 թ., այն ժամանակ Շուշին լրիվությամբ քանդված, անմխիթար վիճակում էր և հիմա ուրախ եմ, որ տեսնում եմ այս փոփոխությունները»,- նշել է Յուրի Մեչետովը:
Ավելացնենք, որ «Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացվել է վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանի հետ գործակցաբար: