Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Արցախ. վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը։ Այն լույս է տեսել Համազգայինի Հայաստանի և Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ՝ Համազգայինի Կենտրոնական վարչության աջակցությամբ։ Պատկերագիրքը կազմել է ՀՃՈՒ հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:
Այն հրատարակվել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։ Գիրք-ալբոմի կազմելուն օժանդակել է նաև ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութունը։
Շնորհանդեսին ելույթ են ունեցել Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Բալայանը, կազմողը՝ Րաֆֆի Քորթոշյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը, Արցախի նախկին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։
Ներկաները կարևորեցին գրքի գոյությունը որպես թշնամու կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը հակադարձող ևս մի միջոց։
Մեզ թվում էր ապահովել ենք թե՛ մեր ժողովրդի խաղաղ ապրուստը իր հայրենի հողում, թե՛ նաեւ այդ ժողովրդի միջոցով հուշարձանների պահպանությունը։ Ցավո՛ք, այսօր այս իրավիճակում ենք. գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Նա ընդգծեց, որ ոչ միայն թղթի վրա, այլ թղթի՝ գրքի միջոցով պետք է փորձենք պահել Արցախի հուշարձաններն հենց Արցախում:
Ըստ Արտաշես Շահբազյանի՝ պայքարը պետք է շարունակվի, գուցե նոր սկզբից, գուցե նոր հանգրվանից, բայց այո՛, նաեւ այսպես պետք է պայքարը շարունակենք` մեր հայրենիքին վերատիրանալու եւ արդարությունը եւ մեր իրավունքը վերահաստատելու համար։
Շնորհավորելով գրքի հրատարակման կապակցությամբ, Շահբազյանը հույս հայտնեց, որ այն հայտնվելու է դիվանագիտական սեղանների վրա։ Ընդգծեց, որ անելիքներ դեռ շատ կան։
Ռուզան Առաքելյանի խոսքով՝ գիրքը փաստաթուղթ է մեր ձեռքին` եկող սերունդներին փոխանցենք, որ ոչ թե Արցախն իր պատմամշակութային տարածքով ընդամենը հիշողություն դառնա, այլ զգոն պահի նրանց, որպեսզի մտապահեն Արցախ վերադարձնելու երազանքը։
Տեսնելով՝ ինչ ենք թողել թշնամուն, մարդու ներաշխարհը տակնուվրա է լինում։ Համոզված եմ, որ այս գիրքը սերունդների է տեղից շարժելու։ Եթե մենք այսօր ասենք, որ Արցախը կորցրել ենք՝ վաղակատարով, ուրեմն նշանակում է՝ որպես ազգ արժանի չենք մեր նախորդներին, որոնք ահռելի ու հզոր քաղաքակրթություն ենք ստեղծել։ Եթե մենք մեկ անգամ ապացուցեցինք, որ հնարավոր է աշխարհը շուռ տալ եւ Արցախ ազատագրել, ուրեմն մենք այս գաղափարը կարող ենք փոխանցել մեր սերունդներին եւ մի օր արժանանալու ենք լիակատար ազատագրման։ Հորդորում եմ չվհատվե՛լ. իր խոսքում ասաց Աշոտ Մելքոնյանը:
«Հայ ժողովրդի արցախյան հատվածի ժառանգությունը միայն պարզապես եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, հուշարձաններ չեն, այլ մեր ինքնության կարեւորագույն գրավականը։ Այս պատկերագրքով փորձում ենք կանգնեցնել մոռացության տրվելու մարտահրավերը». իր ելույթում ընդգծեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա հույս հայտնեց՝ նշելով, որ մենք դեռ առիթ ենք ունենալու կրկին Ստեփանակերտում, Հադրութում ու Շուշիում այլ շնորհանդեսներ կազմակերպել։
Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին պատկերագրքի լույս ընծայման առթիվ իրենց հովանավորությունը ցուցաբերած անձանց՝ Նյու Յորքի ՍԲ ԳՐ. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Լագիսեանին, բժիշկ Անդրե Էլիասեանին, ուսուցչուհի Մեգգի Քավարեանին։
«Արցախ․ վտանգված ժառանգություն»․ 250 պատմամշակությաին արժեք՝ մեկ պատկերագրքում
Ադրբեջանի հսկողության տակ մնացած հայկական բոլոր հուշարձանները, եկեղեցիները, վանքերը և այլ մշակութային արժեքներ այսօր ուղիղ վտանգի տակ են։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի և Արցախի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ հրատարակվել է «Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը։ Այն կազմել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամը։
Պատկերագիքը ներառում է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացած հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը։
Սա պատկերագրքի առաջին հատորն է, երկրորդ հատորը, որը դեռ կազմվում է, կներառի սեպտեմբերի վերջին բռնի տեղահանության հետևանքով Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգությունը։
«Դատելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունից՝ մինչ դուք կընթերցեք գիրքը, Արցախի վտանգված հուշարձանների մի մասն արդեն ավերված կլինի»,- գրքի նախաբանում այս տողերն են։ Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ, Մեխակավանի Զորավոր ՍԲ․ Աստվածածին եկեղեցիների ոչնչացումն այդ քաղաքականության հայտնի օրինակներից են։ Առկա են բազմաթիվ ապացույցներ, որ հայկական հուշարձաններն ավերվում են։ Եկեղեցիների պատերից քերվում-հեռացվում են հայերեն արձանագրությունները, որպեսզի դրանք ներկայացվեն որպես «աղվանական» հուշարձաններ։ Մի քանի եկեղեցիներ կամ պարզապես պայթեցվել են, կամ պղծվել։ Եռալեզու այս աշխատանքը կարևոր նշանակություն կունենա Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու և այն թուրք-ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանելու գործում՝ նշում է ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
«Հանրահայտ, ճանաչված հուշարձաններից զատ, այստեղ գտնում ես հուշարձաններ, որոնց մասին նույնիսկ որոշ մասնագետներ տեղյակ չեն։ Որովհետև գնացել, գտել են թավ անտառներում հուշարձաններ, որոնք արդեն խոնարհված են, մարած ու կիսաքանդ վիճակում են, բայց նրանց նորից բարձրացրել են և ներկայացրել գիտական հանրությանը»։
Արցախի մշակութային ժառանգության բռնայուրացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից մշակված, լուրջ մասնագիտական և ֆինանսական ռեսուրսներ ներառող, միջազգայնորեն իրականացվող քաղաքականություն է։ Դրա դեմ տարվող քաղաքականությունը նույպես պետք է համրժեք լինի՝ նշում է պատմաբան Սլավա Սարգսյանը, որն իր ներդրումն ունի պետկերագրքի ստեղծման գործում։
«Իհարկե լավ է, որ այս գիրքը տպագրվել է հասարակական միջոցներով, բայց ավելի լավ կլիներ եթե նման գրքեր տպագրվեին պետական հոգածությամբ։ ԱՄՆ-ում նման գործերի համար տարեկան հատկացվում է 800 մլն-ից մինչև 2 մլրդ դոլար, Ռուսաստանում՝ նույնպես ահռելի գումարներ, Ադրբեջանում՝ հսկայական գումաներ․ միայն Ախունդովի սուտ քարոզչական աշխատանքի վրա ծախսվել է միլիոնավոր դոլարներ, տպագրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Իսկ մեզ մոտ դրան ուշադրություն չի դարձվում՝ պատճառաբանելով, որ գումար չկա»։
Սլավա Սարգսյանի խոսքով՝ նման աշխատանքները հատկպես մեծ նշանակություն ունեն այսօր՝ երբ մեր թշնամիները կանխամտածված կերպով յուրացնում են մեր պատմությունը, մշակույթը և տարածքները։
«Գիրքը եզակի է իր բնույթավ։ Ոչ միայն նրա համար, որ առաջին անգամ է տպագրում, այլ նաև իր մտահաղացմամբ։ Այն մեծ նշանակություն ունի հատկապես քարոզչական, հակաքարոզրական և քաղաքական տեսանկյունից»։
Պատկերագիրքը եռալեզու է։ Հայերենով, ռուսերենով և անգլերենով ներկայացված է եկեղեցիների և հուշարձանների ստեղծման պատմությունը, նրանց կարևորությունն ու սպառնացող վտանգները։ Նախատեսվում է պատկերագիրքը հրատարակել նաև այլ երկրներում։ Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյան․
«Այսօր մեր դեմ վարվում է շատ լուրջ հիբրիդային պատերազմ, որը շատ հաճախ անտեսանելի է։ Կարծում եմ, որ այսպիսի նախաձեռնություններով ոչ միայն հայկական միջավայրում, այլև արտասահմանում կկարողանանք ճիշտ ներկայացնել հայ ժողովրդի մշակույթի արցախյան հատվածի ժառանգությունը, որովհետև այ դրանք պարզապես եկեղեցիներ, վանքեր, կամ հուշարձաններ չեն, դրանք մեր ինքնության կարևորագույն գրավականն են»։
Որևէ մեկը չէր ցանկանա, որ այսպիսի վերնագրով գիրք հրատարակվեր՝ նշում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։ Բայց ստեղծված իրավիճակը պարտադրում է բոլոր միջոցներով, բոլոր հարթակներից խոսել մեր վտանգված մշակութային ժառանգության մասին։
«Մոտավորապես 250 հուշարձան է ներկայացված պատկերագրքում։ Անշուշտ, թիվն ավելի մեծ կարող էր լինել, սակայն մենք ընտրել ենք այն հուշարձանները, որոնք ավելի խոսուն են, առանձնանում են իրենց մշակութային կարևորությամբ»։
Երբ պատկերագիրքը գրեթե պատրաստ էր հրատարակության, Ադրբեջանի կողմից սանձազերծվեծ հերթական պատերազմը։ Մեկ շաբաթվա ընթացքում Արցախն ամբողջապես հայաթափվեց ։ Այսօր վտանգված են Ադրբեջանի հսկողության տակ մնացած հայկական բոլոր հուշարձանները, եկեղեցիները։ Պատկերագրքի երկրորդ հատորը, որը դեռ կազմելու փուլում է, կներառի սեպտեմբերի վերջին բռնի տեղահանության հետևանքով Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգությունը։