Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորև Akunq.net-ը թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է թուրք հեղինակ Թաջեթին Դուրմուշի անդրադարձը՝ հայոց հինավուրց մարյաքաղաքներից Անիի ավերակների ներկայիս վիճակին։ Հեղինակն իր մտահոգությունն է հայտնում Անիի պատմական կոթողների նկատմամբ թուրք իշխանությունների անտարբեր վերաբերմունքի վերաբերյալ․
Թաջեթին Դուրմուշ
Թեև մեզնից բացի՝ բոլորը համարում են, որ «Անին մի աշխարհ արժե, բայց աշխարհը մի Անի չարժե», սակայն Անիում շրջող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները միմյանց այս հարցն են տալիս․ «Անիի ավերակնե՞ր, թե՞ Անիի գերեզման»։
Միևնույն ժամանակ անասունների համար արոտավայրի վերածված Անիում, որը հազարամյակների պատմություն ունի և բազմաթիվ տարբեր քաղաքակրթությունների օրրան է եղել, աշխատանքներ են կատարվում՝ համաճարակի դեմ միջոցներ ձեռնարկվելով։
Այցելուները փոշի են կուլ տալիս
78 հա տարածք ունեցող և 4,5 կմ պարիսպով շրջապատված հինավուրց Անին աննախանձելի վիճակում է՝ անտերության մատված լինելու պատճառով։ Անիում մի կերպ կանգուն մնացած պատմական կոթողների վիճակը, հատկապես աղտոտված լինելու առումով, շարունակում է վշտացնել այցելուներին։ Այն դեպքում, երբ կանգուն մնացած պատմական հուշարձանների ներքին և արտաքին տեսքը ամոթի զգացում է հարուցում, շրջակայքում նույնիսկ անհնարին է դարձել աղբաման գտնել։ Մասնավորապես Տիգրան Հոնենց եկեղեցու ինտերիերը, որը հայտնի է նաև «Որմնանկարներով եկեղեցի» անունով, իսկ և իսկ աղբանոցի է վերածվել, իսկ եկեղեցին պահպանելու նպատակով կառուցված փայտե շինությունը փարախ է հիշեցնում։ Ինչ վերաբերում է պատմական կոթողների ինտերիերին և կից կառույցներին, այցելուներն ստիպված են լինում շնչել դրանց վրա հազարամյակներով նստած մոխիրն ու փոշին։
Անիի մասին չի՛ կարելի պատմել ամոթալի ցուցատախտակների միջոցով
Չնայած որ Անիի ավերակներում շրջած գրեթե յուրաքանչյուր տեղացի կամ արտասահմանցի այցելու համառորեն պնդում է, որ Անի գյուղը պետք է վերացվի կամ մեկ այլ վայր տեղափոխվի, սակայն հնագիտական պեղումները գեթ կարճաժամկետ ձևով շարունակելու հարցն անգամ չեն կարևորում։ Անիի պատմական դեմքը և ամբողջական ավերակները վեր հանելու համար հարկ է, որ համապատասխան գերատեսչությունները և տեղական հաստատությունները, պատասխանատվություն ստանձնելով, սկսեն լուծել այս հարցը։
Դեռ մի քանի տարի առաջ մեծ գումարներ էին ծախսվել՝ սույն պատմական կոթողները ներկայացնող ցուցատախտակներ պատրաստելու ուղղությամբ։ Սակայն դրանք բոլորը ներկայում ողբալի վիճակում են գտնվում, քանի որ փշուր-փշուր են եղած։ Պատմական շինությունները ներկայացնող այս ցուցատախտակների ողբալի վիճակը զարմացնում է այցելուներին։ Հազարամյակներ հաղթահարած և կանգուն մնացած հուշարձանները ներկայացնող ցուցատախտակների ավիրված լինելը և այն փաստը, որ դրանց վրայի գրություններն անընթեռնելի են դարձել, վշտացնում են զբոսաշրջիկներին։ Անասունների կեղտը նկատած այցելուները ցավով են արտահայտում իրենց զարմանքը։ Հայտնի է դարձել, որ Անիի ավերակների պատմական կոթողները ներկայացնող ցուցատախտակները ևս ավիրվել են, որովհետև անասուններն են դրանց դիպչել։ Մյուս կողմից, աշխարհում նմանը չունեցող Անիի բոլոր կառույցները և պատմությունը ներկայացնող ցուցատախտակների ոչ բավարար լինելու փաստը ևս տրագիկոմիկ մի խնդիր է, այն Անիի, որի արժեքը մենք չգիտենք։ Քանզի Անիի ավերակներում շրջող տեղացի և արտասահմանցի այցելուները չեն կարողանում բավարար չափով տեղեկություններ ստանալ Անիի պատմության և պահպանված շինությունների մասին։ Զբոսաշրջիկները հեռանում են Անիից՝ ստահոդ և հորինված տեղեկություններ ստանալով։ Անհրաժեշտ է հնագիտական պեղումներն ավելի ընդարձակ տարածքում և տարին 12 ամիս իրականացնել, հնարավորինս արագ երևան հանել պատմական նմուշները և դրանք ներակայցնել աշխարհին։ Հարազամյակներով հողի տակ թաքնված այդ գանձերը լույս կսփռեն պատմության վրա։ Հարկ է պեղումները կատարել ամբողջ տարվա ընթացքում, համատարած կերպով, որպեսզի ներկայում ապրող մարդիկ էլ, նախքան մահանալը, կարողանան տեսնել դրանք։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net