Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձավ միջազգային հակամարտություններին, մասնավորապես` Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների սրմանը: Ըստ քաղաքագետի` այդ լարվածության պատճառները մի քանիսն են, սակայն երկու հիմնական պատճառ կա` Սաուդյան Արաբիայում իշխանության եկած նոր թագավորական ընտանիքի ճյուղի հավակնությունները` իշխանական ժառանգությունը փոխանցելու համար և Սաուդյան Արաբիայի քաղաքական միտումը` թույլ չտալ ԱՄՆ-ին առավել մերձենալ Իրանի հետ:
Հայկ Մարտիրոսյանը դժվարացավ կանխորոշել Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև լարվածության հետևանքները, սակայն, նրա խոսքով, լարվածությունն էլ ավելի կխորանա, և որևէ նախանշան, որ Սաուդյան Արաբիան նպատակ ունի դասեր քաղել ու քաղաքական կուրսը փոխել, չկա:
Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ նաև օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ահաբեկչության մեջ կասկածվող` Բահրեյնի քաղաքացու ձերբակալմանը, ով շիա ակտիվիստ էր: Հայկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայաստանի իշխանությունները մարդասիրական քայլ իրականացրած կլինեն, եթե նրան քաղաքական ապաստան տրամադրեն և չարտահանձնեն, եթե պարզ է դառնում, որ ակտիվիստին հանձնելու դեպքում նրան հնարավոր է կտտանքների ենթարկեն:
Yerkir.am-ի հարցին, թե շիա-սուննի հակամարտության համատեքստում հնարավո՞ր է հարաբերությունների վատացում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, քաղաքագետը պատասխանեց, որ թեև Ադրբեջանը շիա պետություն է, իսկ Թուրքիան` մեծ մասամբ սուննի, Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները կրոնական հողի վրա չեն սրվի, քանի որ Ադրբեջանում խորհրդային իշխանության տարիներին ընդգծված շիա հավատամքը խեղդվել է, և Ադրբեջանում ավելի շատ շեշտվում է ոչ թե իրենց շիա կամ սուննի լինելը, այլ մուսուլման լինելը: Բացի այդ` ադրբեջանցիներն իրենց զգում են որպես թուրքերին էթնիկ հարազատ ժողովուրդ, ինչպես նաև կարևոր գործոն է այն, որ Ադրբեջանի իշխանությունները միանշանակ Թուրքիայի հետ են եղել ու կմնան: