կարևոր
4045 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-11 16:56
Քաղաքական

Իրան-Սաուդական Արաբիա մերձեցումը՝ պատւար Նէո-օսմանիզմին...

Իրան-Սաուդական Արաբիա մերձեցումը՝ պատւար Նէո-օսմանիզմին...

Երէկ Պեկինում կայացել է ԻԻՀ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ սաուդցի գործընկերոջ հանդիպումը։ Չինաստանում նման հանդիպման կազմակերպումը, Շամխանիի ասութեամբ պայմանաւորւած է եղել նրանով, որ Չինաստանի նախագահը անցեալ ամիս իր երկիր այցելած նախագահ Ռէյիսիին առաջարկել էր Ռիադի հետ 7 տարի յարաբերութիւնների դադարեցումից յետոյ, վերականգնել դիւանագիտական կապերը՝ ի շահ Միջին ու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունութեան ու խաղաղութեան ընդլայնման։ Չինաստանի նախագահի առաջարկը ուշագրաւ է նրանով, որ Ռէյիսիի այցին յաջորդել էր Սի Ծինփինի պաշտօնական այցը Սաուդական Արաբիա, ուր մեծ հաւանականութեամբ նա նոյն առաջարկը ներկայացրել է Սաուդական Արաբիայի ղեկավարութեանը:

  Ըստ հաղորդւած պաշտօնական տեղեկատւութեան, Պեկինի հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ չինական կառավարութեան ներկայացուցիչը, եռակողմ համաձայնագիր է ստորագրւել, որտեղ ընդգծւել է նաեւ, որ յարաբերութիւններն վերականգնելու մեկնարկը տրւի երկու ազդեցիկ երկրների դեսպանատների վերաբացմամբ։

Այս գծով նաեւ արտգործնախարար Աբդօլլահեանը իր կառավարութեան գոհունակութիւնն է յայտնել՝ տարածաշրջանի տարատեսակ բարդութիւնները մեղմել-լուծելու հնարաւորութիւններն բարձրացնելու համար։ Առաջին հերթին, ինչ խօսք, դա անդրադառնալու է երկու երկրների կնճռի հիմնապատճառ՝ Եմէնի խռովայոյզ վիճակի բարւոք լուծմանը, եւ ապա՝ ուղղակիօրէն լիբանանեան թէ՛ ներքին եւ թէ՛ յատկապէս արտաքին քաղաքա-տնտեսական իրավիճակի ուղղութեամբ դրական հեռանկարներ է կարող ուրւագծել։ Պատահական չէր, օրինակ, Լիբանանի «Հեզբօլլահ» կուսակցութեան առաջնորդ Նասրօլլահի դրական արագ արձագանգը Իրան-Սաուդական Արաբիա համաձայնագրի ստորագրման հարցում։

Սոյն մերձեցումը, ինչ խօսք, դրական է ազդելու թէ՛ սիրիական,  եւ թէ՛ իրաքեան մերթ ընդ մերթ անկայուն իրավիճակները բարւոքելու առումով, ինչպէս որ մէկ այլ ազդեցիկ արաբական երկիր՝ Կատարի արտգործնախարարն է իրանցի գործընկերոջը այդ մասին յայտնել, միաժամանակ իր մեծ գոհունակութիւնն յայտնելով Իրան-Սաուդիա յարաբերութիւնների վերականգնման առթիւ։

Միւս կողմից, ինչպէս ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանն է յայտնել, վաղուց ի վեր միջնորդի դերակատարութիւնն իր վրայ վերցրած Պարսից ծոցի մէկ այլ երկիր Օմմանը, իր հետեւողական ու անաչառ միջնորդական ջանքերով օգնել է այդ մերձեցմանը։ Աւելին՝ ըստ Աբդօլլահեանի բարեկամական-միջնորդական ջանքերը կարող են յանգեցնել Իրան-ԱՄՆ հումանիտար՝ ինչպէս երկու երկրներում բանտարկեալների ազատ արձակման եւ ինչու ոչ՝ ԱՄՆ-ի անարդար սանկցիաների չեղարկման կամ նւազագոյնը՝ մեղմացման խնդրին։

Ինչեւէ, ինչպէս թէ՝ վերոգրեալ երկրների պաշտօնեաները, այնպէս էլ միջազգային քաղաքական փորձագէտները գնահատում են, որ Իրան-Սաուդական Արաբիա յարաբերութիւնների բարելաւումը քաղաքական պարտութիւն է առաջին հերթին Իսրայէլի ծայրայեղ հակա-Իրան ղեկավար՝ Նաթանիահուի համար։

Մեր կողմից աւելացնենք, որ տարածաշրջանի ազդեցիկ երկու երկրների յարաբերութիւնների վերականգնումը հաստատապէս արգելակիչ պատւար է լինելու առհասարակ արտաքին անհարկի միջամտութիւնների, եւ յատկապէս նոյն տարածաշրջանում Թուրքիայի արդէն լկտի եւ անթոյլատրելի չափերի հասնող քիթ խոթելու Նէո-օսմանական նկրտումներին, որոնց էլ աւանդաբար անհաշտ են վերաբերւում թէ՛ արաբական աշխարհը, եւ թէ՛ մշտապէս հակապանթուրանիստական հակումներ ունեցող Իրանի Իսլ. Հանրապետութիւնը։

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր,

Պատմական գիտութիւնների թեկնածու

 Դերենիկ  Մելիքեան