կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 18:10
Տարածաշրջան

Սաուդյան Արաբիա-Իրան ուղղակի առճակատումը գրեթե բացառվում է

Սաուդյան Արաբիա-Իրան ուղղակի առճակատումը գրեթե բացառվում է

Սեպտեմբերի 14-ի գիշերը սաուդյան Saudi Aramco ընկերությանը պատկանող նավթագործարանները հարձակման ենթարկվեցին 10 դրոնի կողմից: Ըստ սաուդական աղբյուրների՝ հարձակումների հետևանքով զոհեր չկան, սակայն շարքից հանվել են այնպիսի գործարաններ, որոնք ապահովում են նավթի համաշխարհային մատակարարման 5 տոկոսը: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է Եմենում գործող «Անսարուլլահ» խմբավորումը (հութիներ), որը խոստացել է նոր հարձակումներ իրականացնել սաուդական նավթահանքերի վրա:

«Սաուդյան Արաբիայի նավթապաշարները հարձակման են ենթարկվել: Կա առիթ մտածելու, որ մենք գիտենք՝ ով է կանգնած դրա հետևում, և պատրաստ ենք վճռական քայլերի՝ անկախ մեր ենթադրությունների հաստատումից: Ցանկանում ենք թագավորությունից (Սաուդյան Արաբիայից՝ խմբ.) լսել, թե, ըստ նրանց, ով է իրականացրել այս հարձակումը, և ինչ պայմաններում մենք պետք է գործենք»,- հարձակումից ժամեր առաջ իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թե ում նկատի ունի Թրամփը, դժվար չէ կռահել: ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին՝ նմանօրինակ դեպքը կարող է տարածաշրջանում երկարատև անկայունության առիթ դառնալ:

Yerkir.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը նշեց, որ ԱՄՆ-Իրան, ինչպես նաև Իսրայել-Իրան դիմակակայությունն ընթանում է պրոքսի պատերազմների տրամաբանության ներքո, այսինքն՝ ուղղակի ռազմական բախումներ չկան, և այդ պատերազմական գործողությունները կրում են անուղղակի, միջնորդավորված բնույթ: «Դա հութիներ-Սաուդյան Արաբիա հակամարտությունն է, որում իրանական կողմը հութիներին է աջակցություն ցույց տալիս, Պաղեստին-Իսրայել հակամարտությունն է, որում ՀԱՄԱՍ-ին աջակցում է Իրանը, ինչպես նաև Լիբանանում՝ «Հըզբոլլահ»-ին: Այսինքն՝ տարբեր միջնորդավորված խողովակներով կողմերի միջև ընթանում են հստակ պատերազմական  գործողություններ, և դրանք տեղ չեն գտնում հիմնական հակամարտող կողմերի տարածքներում»,- բացատրեց փորձագետը:

Ըստ նրա՝ հասկանալի է Իրանի գործողությունների հետ կապված՝ ԱՄՆ-ի դժգոհությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանին հաջողվել է Մերձավոր Արևելքում տարածել իր քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսական ազդեցությունը: «Սա, իհարկե, մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում, որը փորձում է հնարավորինս կառուցողական մոտեցում ցուցաբերել այս հարցում: Օրինակ՝ երբ ճգնաժամային իրավիճակ էր ԱՄՆ-Իրան հարաբերություններում, և խոսվում էր ուղիղ հրթիռային հարվածների մասին, ԱՄՆ-ը վերջին պահին հետ կանգնեց ու սկսեց կիրառել փափուկ ուժի քաղաքականությունը, և պատահական չէ նաև Բոլթոնի հրաժարականը, որն այս տրամաբանության շարունակությունն էր՝ ինչ-որ առումով»,- նշեց  Կարեն Վերանյանը:

Եթե ԱՄՆ նախագահը դեռ «համեստություն» է անում և անուններ չի նշում, ապա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղիղ մեղադրանքներ է հնչեցնում մեր հարավային հարևանի՝ Իրանի հասցեին: «Թեհրանը կանգնած է Սաուդյան Արաբիայում մոտ 100 հարձակման հետևում, մինչ Ռոհանին և Զարիֆը ձևացնում են, թե զբաղվում են դիվանագիտությամբ: Չնայած մեր բոլոր՝ չապակայունացնելու կոչերին՝ Իրանը սկսել է աննախադեպ հարձակումներ աշխարհի ամենամեծ էներգետիկ պաշարների վրա: Չկա ոչ մի ապացույց, որ հարձակումները եղել են Եմենից»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կոչ է արել հարձակվել Իրանի նավթամշակող ընկերությունների վրա:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին, անդրադառնալով Պոմպեոյի հայտարարությանը, պատասխանել է. «Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ՝ կոալիցիան առաջացնում է պատերազմի հավանականություն տարածաշրջանում՝ Եմենի դեմ պարբերաբար ագրեսիվ հարձակումների միջոցով, և իրագործում տարբեր ռազմական հանցագործություններ գրեթե 5 տարի շարունակ, մինչդեռ՝ եմենցիներն ապացուցում են, որ դեմ են պատերազմին և ագրեսիային: Միջազգային հարաբերություններում անգամ թշնամանքը պետք է քիչ հավանական լինի և չտեղավորվի տրամաբանության շրջանակներում, սակայն ԱՄՆ-ն արհամարհել է անգամ այդպիսի նվազագույն սկզբունքները: Նմանօրինակ մեկնաբանություններն ավելի նման են գաղտնի և հատուկ ծառայությունների կողմից մշակված ու պետության վարկանիշին վնասող սյուժեների, որպեսզի հիմք ստեղծեն հետագա թշնամական գործողությունների համար: Ամերիկացիներն իրականացնում են «առավելագույն ճնշման քաղաքականություն», սակայն, հավանական է, որ այն վերածվել է «առավելագույն կեղծման քաղաքականության»՝ անհաջողությունների հետևանքով»:

Ի դեպ, նավթի համաշխարհային գները վերը նշվածից միջադեպից հետո հասան վերջին 4 ամիսների առավելագույնին. նավթի Brent տեսակի գները բարձրացան 19 տոկոսով՝ կազմելով 71.95 դոլար, իսկ West Texas Intermediate նավթատեսակինը 15 տոկոսով՝ հասնելով 63.34 դոլարի:

Նավթի գները մի քիչ իջան այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ շուկայում նավթի պակասը լրացնելու համար կօգտագործի ամերիկյան նավթային պահուստները: Reuters-ը գրում է, որ եթե Սաուդյան Արաբիան չկարողանա կարգավորել նավթի արդյունահանումը, ապա նավթի մեկ բարելի գինը կհասնի 100 դոլարի:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար՝ արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման ալ Սաուդը հայտնել է, որ հարձակումների հետևանքով նավթի արդյունահանումը կրճատվել է 50 տոկոսով: Այս կորուստները կլրացվեն թագավորության պահուստային ֆոնդից: Կառավարությունը նաև հայտնել է, որ նավթի արտահանումը չի տուժել այս հարձակումից: Սակայն դեռ ինչքան կարող է երկիրն ապահովել արտահանումը, դժվար է ասել: Բացի այդ՝ Սաուդյան Արաբիան կարող է կորցնել համաշխարհային նավթարդյունաբերողի համբավը, քանի որ հարձակման հետևանքների վերացումը ոչ թե մի քանի շաբաթվա, այլ ամիսների հարց է:

Տնտեսական գործոնից բացի, սաուդյան գործարանների վրա հարձակումը ոչ միայն կարող է հանգեցնել Եմեն-Սաուդյան Արաբիա, այլև ԱՄՆ և Սաուդյան Արաբիա-Իրան առճակատման: Անխոս, պատժամիջոցների հետևանքով դժվարությունների առջև կանգնած Իրանին ձեռնտու է սաուդական նավթի արդյունահանման և արտահանման նվազումը, ինչի հետևանքով գուցե դարձյալ ավելանա իրանական նավթի նկատմամբ հետաքրքրությունը:

Մեզ հետ զրույցում Կարեն Վերանյանը բացառեց, որ հնարավոր է ուղղակի առճակատում ԱՄՆ-Իրան կամ Սաուդյան Արաբիա-Իրան ձևաչափով, քանի որ անուղղակիորեն արդեն ընթանում են ռազմական գործողություններ, և կողմերից ոչ մեկին շահավետ չէ մասնակցել անմիջական ռազմական գործողությունների, որովհետև և՛ Սաուդյան Արաբիան, և՛ Իսրայելը, և՛ Իրանը հզոր տարածաշրջանային երկրներ են, և ԱՄՆ-ը կարող է «խրվել իրանական ճահճի մեջ», քանի որ  Իրանը Սիրիա կամ Իրաք չէ: «ԱՄՆ-ը լավ հասկանում է, որ ցանկացած ուղիղ միջամտություն հանգեցնելու է տարածաշրջանային և միջազգային լուրջ աղետի: Նույնը հասկանում են նաև Սաուդյան Արաբիան, Իսրայելն ու Իրանը: Պատերազմ վարելու նախկին մոտեցումներն այլևս նպատակահարմար չեն՝ հաշվի առնելով դրանց ծախսատարությունը, մեծ ռեսուրսների ներդրումը և այլն: Հավանական է, որ այս պատերազմական գործողությունները դեռ երկար տարիներ են շարունակվելու և ընդգրկելու են տարբեր երկրներ (օրինակ՝ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է ԱԹՍ-ների միջոցով Իրանի տարածքը հետախուզելու համար)»,- նշեց Կարեն Վերանյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, մեր այն հարցին, թե արդյոք այս միջադեպից հետո պետք է սպասել ԱՄՆ-Իրան նոր լարվածության, քանի որ, ըստ Պոմպեոյի, դրա հետևում կա իրանական գործոնը, վերջինս կասկածներ հայտնեց, որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել Իրանը, քանի որ մեղադրում են նաև Իրաքին, և պնդում կա, որ հարձակումն իրականացվել է Սաուդյան Արաբիայի հյուսիսից: «Կարծես, հութիների տարբերակը մի կողմ է դրվել: Եթե նույնիսկ դա իրանական խմբավորումների կողմից է եղել, ապա դա կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել տարածաշրջանում»,- նշեց արաբագետը:

Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ սխալ է խոսել, որ այս ամենը տարածաշրջանում նոր ռազմական առճակատման առաջին ծիլերը կարող են լինել, քանի որ նմանատիպ միջադեպեր՝ Սաուդյան Արաբիայի քաղաքների, օդանավակայանների, ենթակառուցվածքների վրա հարձակումներ, միշտ եղել են, և սա նոր բան չէ, որ լրացուցիչ էսկալացիա առաջացնի, թեև ծավալների առումով սա աննախադեպ էր, քանի որ հաջողությամբ հարձակումներ են եղել միանգամից մի քանի թիրախների վրա:

Այսպիսով՝ հակաիրանական կոալիցիան դեռ շարունակելու է Իրանի դեմ ուղղված քայլերը: Տարածաշրջանը դեռ երկար ժամանակ ընկղմված է լինելու խոր ճգնաժամի և նոր առճակատումների վտանգի մեջ: Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդած ԱՄՆ-ը շարունակելու է Իրանին ծնկի բերելու քաղաքականությունը, իսկ Իրանը փորձելու է իր հաջող դիվանագիտությամբ հետ մղել իր անվտանգության նկատմամբ կիրառվող ցանկացած ոտնձգություն:

Արգամ Եղիազարյան