կարևոր
3319 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 12:51
Քաղաքական

Ակնհայտ էր, թե միջազգային հանրություն ասվածի տակ վարչապետն ինչ նկատի ուներ․ Վարդան Պողոսյան

Անցյալ տարի ապրիլի 13-ին այս ամբիոնից ՀՀ վարչապետը արեց հետևյալ հայտարարությունը՝ «Այսօր միջազգային հանրությունն ասում է մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի նշաձողը և մենք միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ», հակառակ դեպքում նա ասում էր, որ միջազգային հանրությունը պատրաստ չէ մեզ օգնելու։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այս հայտարարությունը շրջադարձային էր Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականության առումով։ Հիշեցնեմ, որ միջազգային հանրություն ասելով վարչապետն այդպես էլ չպարզաբանեց, թե ում մասին է խոսքը։ Բայց ակնհայտ էր, թե միջազգային հանրություն ասվածի տակ վարչապետն ինչ նկատի ուներ։ Չմոռանանք, որ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել եռակողմ հանդիպումը Ադրբեջան-Հայաստան-ԵՄ և այդ հանդիպումից հետո մեկ շաբաթ անց ՀՀ վարչապետը խոսում է Արցախի հարցով նշաձողը իջեցնելու մասին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, թե այնուամենայնիվ այդ հայտարարությամբ կառավարությունն իր ծրագրի որ մասն էր ապահովում, չէ որ դրանից առաջ՝ ընտրություններից հետո կառավարության ծրագրով իրենք պարտավորվել էին, որ իր հիմնական խնդիրը լինելու է Արցախի հիմնախնդրի լուծումը՝ ինքնորոշման իրավունքի վրա։