կարևոր
3184 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 09:24
Քաղաքական

«ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի». «Փաստ»

«ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան բոլոր այն ուժերը, որոնք փորձում են ազգապահպան գործունեությամբ զբաղվել, պահպանել Արցախը, պետք է ընդհանրապես հույս չդնեն նաև Հայաստանի ղեկավարության վրա, որովհետև ՀՀ ղեկավարության վեկտորները համընկնում են բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վեկտորների հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Երբ անձը հակադրվում է ՀՀ իշխանությունների վերոնշյալ քաղաքական կուրսին, փորձում են, օրինակ՝ այդ անձի խնդիրը պաշտոնանկ անելով լուծել:

Տվյալ դեպքում խոսքը ԱՀ պետնախարարի մասին է: Ամենակարևորն այստեղ այն է, որ, ըստ էության, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կուրսերի հիմնական վեկտորների միջև որևէ տարբերություն չկա, այսպես ասած, ունիսոն քաղաքական կուրս է վարվում: Հենց Արցախում հայտնվում են ուժեր, որոնք ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների կողմից անվերահսկելի են, միանգամից գործի են դրվում բոլոր ռեսուրսները՝ վարկաբեկելու այդ ուժերին, որոնք ասում են, որ չեն պատրաստվում հանձնվել, պայքարելու են Արցախը պահպանելու և այնտեղ ապրելու համար»,ասաց Վ. Հակոբյանը:

Այդուամենայնիվ, քաղաքագետը կարծում է, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի. «Չգիտեմ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, բայց ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ իշխանությունների ու իր ղեկավարի հայտնի դիրքորոշումների հետ: Ամեն ինչ չէ, որ ըստ այդ դիրքորոշումների է որոշվելու: Ավելին, կարծում եմ, որ ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այլևս էական նշանակություն չունի հիմնական, շահագրգիռ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային խաղացողների համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում