կարևոր
937 դիտում, 1 օր առաջ - 2025-01-29 11:17
Քաղաքական

Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կան խնդիրներ, կա´մ Բաքվում համարում են, որ ՌԴ-ից էական սպասելիքներ ՀՀ-ի հարցում այլևս չկան․ Աբրահամյան

Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կան խնդիրներ, կա´մ Բաքվում համարում են, որ ՌԴ-ից էական սպասելիքներ ՀՀ-ի հարցում այլևս չկան․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ռուս-ադրբեջանական լարվածության հերթական փոխհրաձգության պայմաններում, Ադրբեջանը նոր մեղադրանք է հնչեցրել պաշտոնական Մոսկվայի հասցեին` հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ռուս խաղաղապահների Արցախում տեղակայելուց հետո, դիվանագիտական բեռի անվան տակ, ՌԴ-ն ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին:

Ճիշտ է` մեղադրանք այն համատեքստում է, որ ՌԴ «մեղավորությունը» դեպի Արցախ այդ ապրանքների մուտք գործելն է, սակայն համատեքստում կարելի է կարդալ, որ դա հենց ՌԴ նախաձեռնությամբ է եղել:

Սա մեզ համար բավականին ուշագրավ թեմա է ոչ այնքան ռուս-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքների, որքան 2020-23 թվականներին, ՌԴ-ի` Արցախին նկատմամբ դրսևորած հնարավոր աջակցության համատեքստում, ինչը դեռ պետք է ամբողջությամբ հասկանալ:

Ավելի վաղ էլ, Բաքվից մեղադրանք էր հնչել Ադրբեջանում գործող «Ռուսական տան» հասցեին, որին վերագրեցին ՌԴ հետախուզական աշխատանքների գործառույթ:

Հիշեցնեմ, որ երկու երկրների միջև վերջին քաղաքական, տեղեկատվական փոխհրաձգության առիթը ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի` ՌԴ օդային տարածքում վթարն էր, որի թեման դեռ երկար ժամանակ նստվածք կթողնի երկկողմ հարաբերություններում:

Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի:

Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կա խնդիր կամ խնդիրներ, որտեղ ադրբեջանցիները կոմպրոմիսներ են ակնկալում կա´մ Բաքվում համարում են, որ ռուսական կողմից էական սպասելիքներ Հայաստանի հարցում այլևս չկան և գործում են ըստ ավանդական քաղաքական գծի, որն այս փուլում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակ, առավել ևս` դաշնակցային, չի ենթադրում»: