կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-01 11:00
Առանց Կատեգորիա

Օֆշորային լինելն էական նշանակություն չունի. ՀԾԿՀ անդամը՝ ՀԷՑ-ի գնորդի մասին

Օֆշորային լինելն էական նշանակություն չունի. ՀԾԿՀ անդամը՝ ՀԷՑ-ի գնորդի մասին

Արդեն նշել ենք, որ այսօր ՀԾԿՀ նիստում հաստատվեց «Ինտեր-ՌԱՕ» ընկերության կողմից «Լիորմինդ հոլդինգ» ընկերությանը ՀԷՑ-ի բաժնեմասերի 100 տոկոսի վաճառքի մասին որոշման նախագիծը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ի պատասխան հարցին` ճի՞շտ են տեղեկություններն այն մասին որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը մեկ տարի շարունակ սուբսիդավորելու է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի մասը, ասաց, որ սուբսիդավորման մասին հարցը չի մտնում ՀԾԿՀ գործառույթների ու իրավասությունների մեջ:  Նա նշեց, որ ինքն էլ է մամուլից տեղեկացել «Տաշիր-Գրուպ» ընկերության տարածած հաղորդագրության մասին, որում նշվում է, որ ընկերությունը մեկ տարով սուբսիդավորելու է բնակիչների ու ՓՄՁ-ների բարձրացված սակագնով հաշվարկված` էլեկտրաէներգիայի ծախսի տարբերությունը: Ըստ Արաբաջյանի` սուբսիդավորումը, փաստորեն, ըստ հայտարարության, շարունակվելու է, սակայն այդ հարցերը դուրս են հանձնաժողովի իրավասությունից:

Սամվել Արաբաջյանը նշեց, որ գործարքի մեջ կա նաև երրորդ երաշխավորող կողմ` «Կասկադ-էներգասետի» ընկերությունն է, որը ոլորտում ունի բավական մեծ փորձ և հմտություն, մասնակցելու է հարցերի կառավարմանը` իր ակտիվներով:

Ըստ հանձնաժողովի ներկայացուցչի` նոր սեփականատերը ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիր, մարելու է համակարգում եղած բոլոր պարտքերը: Թե որքանո՞վ է վաճառվել ՀԷՑ-ը, չնշեց, առայժմ դա չի հրապարակվում` որպես կոմերցիոն գաղտնիք:

Լրագրողների հարցին, թե մտահգություն չկա՞, որ օֆշորային ընկերությունն է գնում ՀԷՑ-ը, Սամվել Արաբաջյանը պատասխանեց, որ բացարձակապես չունեն մտահոգություն, քանի որ իրավական առումով որևէ արգելք, սահմանափակում, խոչընդոտ չկա, և ընկերությունն աշխատելու է այն օրենքներով, որոնք պետք է լինեն ցանկացած ընկերության պարագայում: «Օֆշորային լինելը առանձնապես էական նշանակություն չունի և չպետք է մտահոգի»,- ասաց Սամվել Արաբաջյանը՝ հավելելով, որ գնորդ ընկերությունը մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ: