Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս կառավարությունը հավանության արժանացրեց «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց օրինագծի այն դրույթները, որոնք վերանայվել են և նպաստելու են փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների ավելի շահեկան գործունեությանը:
«ՓՄՁ-ները կամ, ընդհանրապես, որևէ իրավաբանական անձ ապրանք ներկրելիս կամ արտահանելիս հաճախ բախվում էր հետևյալ երևույթին` ապրանքի արժեքը մի քանի անգամ ավելի ցածր էր լինում, քան արտահանվող կամ ներմուծվող այդ ապրանքի ձևակերպման վրա կատարվող ծախսերը: Բազմաթիվ դեպքեր կան, որ կատալոգների` 15-20 հազար դրամ արժեքը դառնում է 100 դոլարից ավելի: Մենք առաջարկում ենք հետևյալ գաղափարը` եթե ներկրվող կամ արտահանվող ապրանքի արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, ապա այդ ապրանքի համար մաքսային վճարներ չեն գանձվում: Մաքսային վճարը, ի դեպ, մաքսատուրքը չէ: Մաքսային վճարը պետական եկամուտների կոմիտեի հաշվին վճարվող գումարն է, որը փոխհատուցում է մաքսավորների և պետության կողմից սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համար: Սա ընդամենը կազմում է 6500 դրամ, եթե մեկ անուն ապրանք է: Յուրաքանչյուր ապրանքի համար ավելանում է 1000 դրամ: Եթե մեկ ինվոյսով ներկրվել է 10-20 անուն ապրանք, որոնց ընդհանուր արժեքը չէր անցնում 50 հազար դրամը, այդ դեպքում՝ 10 տող է, այսինքն՝ 10 հազար, գումարած 5500 դրամ, առնվազն 15-20 հազար դրամ էլ պետք է վճարի բրոքերին, այսինքն՝ իր՝ 50 հազար դրամանոց ապրանքային խումբը կսկսեր թանկանալ 2-3 անգամ»,- բացատրեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է երկու տիպի փոփոխություն: «Մեկն այն է, որ ազատվում է մաքսավճարներից, երկրորդը՝ ազատականացնում ենք բրոքերի ծառայություններից պարտադիր օգտվելու պայմանը, և տնտեսվարող սուբյեկտն ինքը կորոշի՝ օգտվե՞լ բրոքերի ծառայություններից, թե՞ կարող է այդ գործընթացը կատարել ինքնուրույն: Մենք կարծում ենք, որ սա լուրջ նշանակություն կունենա հատկապես ՓՄՁ-ների համար, և նրանք կազատվեն վարչական և ֆինանսական էական նշանակություն ունեցող բեռից: Սկզբնական շրջանում սա կլինի մի փոքր բարդ, բայց այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նույնաբնույթ, նույնաբովանդակ ապրանքներ կներկրեն, մեկ-երկու անգամ բրոքերից օգտվելուց հետո շատ հեշտ կսովորեն և կլրացնեն` ազատվելով այդ ավելորդ ծախսերից: Նաև` մաքսատուն գնալուց կազատվեն»,- պարզաբանեց փոխնախարարը:
Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ այս գործողությունը չի սահմափակվում մեկ կամ երկու ամսով: «Կամ էլ այնպես չէ, որ հինգ անգամից ավելի չի կարելի, այսինքն՝ անսահմանափակ է»,- ասաց նա:
Ի դեպ, Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ բրոքերի ծառայությունից օգտվելու այլընտրանքային ծառայությունը վերաբերում է բոլորին: «Խոշոր ներկրողները կարող են մեկ մասնագետ պահել, վճարել և առանց բրոքերի իրենց գործն անել: Ուսումնասիրություններ են կատարվում այս ոլորտներում, որտեղ կան խոչընդոտներ, բացեր: Մենք կփորձենք այդպիսի ոլորտներում ևս կարգավորումներ մտցնել»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա նաև ասաց, որ կառավարության` օգոստոսի 19-ին կայացած նիստի ընթացքում օրենքի նախագիծն արժանացել է հավանության և ուղարկվել է ԱԺ՝ ճանաչվելով անհետաձգելի. այն ընդգրկված է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ օրենքի համահեղինակը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: «Էդմոն Մարուքյանը, անկախ մեզանից, բերել էր նախագիծ՝ այս հարցը կարգավորելու համար, մենք էլ մեկ այլ նախագիծ՝ այս նույն հարցը կարգավորելու համար: Մարուքյանի նախագիծը շատ ավելի քիչ մասեր էր պարունակում, քան` մերը: Նա չէր անդրադառնում բրոքերին: Կառավարությունում պարոն Մարուքյանի հետ եկանք համաձայնության, որ ինքը կմիանա մեզ, և օրենքի նախագիծը ևս մեկ անգամ կմշակենք: Սա նաև շատ լավ օրինակ է կառավարություն-ԱԺ պատգամավոր համագործակցության տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը: