կարևոր
3544 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 17:09
Արցախ Քաղաքական

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծվածի հանգուցալուծումը տեսնում եմ խենթության մեջ․ Մետաքսե Հակոբյան

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծվածի հանգուցալուծումը տեսնում եմ խենթության մեջ․ Մետաքսե Հակոբյան

Մարդ պետք է ապրի բլոկադայի մեջ, որ կարողանա պատկերացնել, թե ինչ է դա։ Եթե նայենք զուտ կենցաղային առումով՝ կենցաղ կարգավորելը շատ դեպքերում անհնար է լինում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արցախում օրհասական խնդիր է ներկա պահին տեղաշարժվելը, որովհետև վառելիքի հարցը կյանքի ու մահվան խնդիր է դարձել։ Ինձ մի կին էր դիմել, ում ամուսնու տարին պետք է լինի,  ինքը Ստեփանակերտում է , իսկ ամուսնուն հուղարկավորել են Մարտունիում, և ինքը դեռ չէր պատկերացնում՝ ինչպես պետք է գտներ վառելիք, որպեսզի հասներ այնտեղ։ Շատ անելանելի խնդիրներ կան։ Մեծ խնդիր է այսօր առողջապահական լուծումներ գտնելը, որովհտև մարդիկ կան, որոնք պետք է պարբերաբար բժշկի հսկողության տակ լինեն, կամ բուժում ստանան, կան ինչ-որ տեսակի դեղեր, որոնք պետք է ընդունի, այս պարագայում ևս շատ են խնդիրները, ու քանի որ շրջափակման պայմաններում չի ստացվում ամբողջությամբ տրամադրել այդ բուժական օգնությունը, հետևաբար օր օրի գնալով վատթարանում է այս ոլորտում մարդկանց սպասարկումը, և դրանից տեսնում ենք օրեցօր ավելի ծանրացող հիվանդներ։ Այս ամենին գումարած սկսվել են աշխատանքային օրերը, բայց փակ են մանկապարտեզները, նախակրթարանները, երկարօրյա դպրոցները, այսինքն այն մայրերը, ովքեր աշխատում են ի՞նչպես պետք է կարողանան լուծում գտնել և գնալ աշխատանքի։ Շատ մարդիկ ուղղակի այս պարագայում զրկվել են աշխատանքից, օրիկնակ՝ ռեստորանների աշխատակիցները, սպասարկող անձնակազմը, բանջարեղենների խանութների աշխատողները, որոնք մեծամասամբ մեր տեղահանված հայրենակիցներն էին, և ստացվում է, որ հիմա շատ-շատ է գործազրկությունը։ Բայց այս առումով մարդկաց մոտ չես լսի դժգոհություններ, բողոքներ, մարդիկ փորձում են օգնել իրար, փորձում են լուծումներ գտնել, մեղադրում են նախագահին, իշխանությանը, բոլորին, որովհետև մարդիկ գտնվում են անելանի իրավիճակում, մարդիկ ունեն արդեն գումարի խնդիր», - ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Արցախի անվտանգության Խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությանը` արցախցի պատգամավորը նշեց, որ պաշտոնանկությունը անակնկալ էր իր համար․ «Անակնկալ  էր բոլորիս համար, որ նման որոշում կայացվեց, բայց ընդհանուր առմամբ անակնկալ  չկար, որովհետև մեկ տարի շարունակ հատուկ ուղղվածության աշխատանքներ էին տարվում վատաբանելու ու փնովելու, ինչպես ռուս խաղաղապահներն էին ցանկացած բանի համար մեղավոր, զուգահեռ` հաջորդ տողում միշտ մեղավոր էր պարոն Բալասանյանը։ Երբ Հայաստանը ունի վարչապետ, Արցախն ունի նախագահ, չգիտես ինչու բոլոր հարցերում մեղավոր էր պարոն Բալասանյանը։ Այսինքն մանիպուլացիաներ, վարկաբեկել, մեկ տարի է` դա արվում է տարբեր մարդկանց ձեռքով, ովքեր խամաճիկներն են Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի... Պատճառները այնքան շատ են, որ հստակ չեմ կարող ասել»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախի շուրջ ստեղված իրավիճակի հանգուցալուծումը պատգամավորը չի տեսնում․ «Այսօր Փաշինյանը հերթական անգամ փաստեց, որ ՀՀ իշխանությունների համար Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Երկու կետ կառանձնացնեմ այդ մասով, որ նախ որպես հանգուցալուծում, որպես վարչապետ, քանի որ նա է երաշխավորը Արցախի անվտանգության, ինչպես է տեսնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, միանգամից սկսեց խոսել, հիշեցնելով այն աննախադեպ բյուջեն, որի համար ինքը 120.000 արցախցուց հայհոյանքներ է ամեն օր ստացել, և շարունակում ստանալ  այդ  բառակապակցության համար, նորից կրկնեց, որ աննախադեպ բյուջե է դրվել Արցախի համար նախորդ տարի և իրենց համար առաջնահերթ են Արցախի բոլոր հումանիտար խնդիրները, և իրենք լուծումներ են գտնում, այդ խնդիրները կարգավորելու համար։ Հաջորդը սկսեց երկար բացատրել, որ միջանցքը, ըստ պայամանավորվածության, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է։ Այդ փաստաթղթի տակ գտնվող երեք ստորագրությունից մեկը իրենն է, ինքը պարտավորություն ունի, որպեսզի այդ հայտարարության կետերը կատարվեն։ Ու եթե այս պահին, ստացվում է այնպես, որ Ադրբեջանը չեղարկել է այդ հայտարարությունը, որովհետև չի պահել որևէ կետ , և արդեն մեկ ամիս է վեցերորդ կետը ընդհանրապես չի գործում։

Շահագրգրիռ կողմը՝ Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ ստորագրությունը ՀՀ վարչապետինն է։ Ոչ մի շահագրգռվածություն, կամ անհանգստություն չկա այդ ուղղությամբ, հանգիստ դեմքերով նստած են, սկսած Արտաքին գործերի նախարարից, որը եռակողմ հանդիպմանը չներկայացավ, մեկնաբանելով, որ զբաղված է հումանիտար խնդիրների կարգավորմամբ , թե ինչ կապ ունի Արտաքին գործերի նախարարը դրա հետ, ես չեմ կարող ասել, գուցե կան ինչ-որ բաներ, որ արդեն փոխվել են, բայց ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը թքած ունի իր դրած ստորագրության վրա, հետևաբար ինքը իր վրա։ Ու ստացվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի  ղեկավարները հետաքրքրված չեն, որ կատրվեն այդ պայմանավորվածությունները, և երկու կողմերը հավասարապես մեղադրում է ռուս խաղաղապահին։ Այսնքն միջնորդ կողմը պետք է խառնվի իրար, փորձի հարց լուծել։ Ռուս խաղաղապահի գործառույթը անվտանգ բնակչության կեցությունն է։ Եվ դուք տեսնում եք, որ ռուս խաղաղապահների մեքենաներով ինչ-որ հումանիտար, առաջին անհաժեշտության աջակցություն է բերվում, սակայն դա չի կարող բավարար համարվել,որովհետև 120.000 մարդու համար չեն կարող ապահել  նույնիսկ առաջին անհրաժեշտության հիգիենայի ապրանքներ։ Ստացվում է, որ ռուս խաղաղապահը պետք է զբաղվի միջանցքի հարցով։ Մեղադրելը միջնորդ կողմին հերթական ապացույցն է, որ լվացել են ձեռքերը Արցախից, իսկ հանգուցալուծում, ցավոք սրտի, չեմ տեսնում, որովհետև եթե առաջ հույս էինք կապում, որ հնարավոր է հանրային ճնշումները, հորդորանքները այս իշխանություների վրա ստացվի, հիամ չկա այդ հույսը ընդհանրապես։ Բացառում եմ, որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ անելու են հանգուցալուծում և մենք ունենալու ենք այդ հարցի լուծումը։

Հետևաբար մի հույս է մնացել՝ դա մեր հանրությունն է, որովհետև վերջերս շատ են արտահայտում իրենց անհանգստությունը առ այն, որ արցախցիները ուզում էին գալ մի քանի տասնյակով Հայաստանում իշխանափոխություն անել, իհարկե մենք դա ծիծաղով ենք ասում, որովհետև երբեք Արցախում  նման մտադրություններ չեն եղել, և «Դիմադրության» շարժմանը մասնակցել ենք նպաստելով մեր միասնականությանը, մենք չենք խառնվել Հայաստանի ներքին քաղաքականությանը, բայց այն մասով, որքանով դա վերաբերվում է Արցախի շահերին, միանշանակ չենք կարող լռել, ու ասել, որ չենք խառնվելու, խառնվելու ենք։  Այս պարագայում հույսս հանրությունն է, մեր միասնականությունը։ Ակնկալում ենք, որ մի քանի տասնայկ մեր հայրենակիցներ Հայաստանի կողմից կշարժվեն դեպի միջանցք, իհարկե ռուս խաղաղապահները տեսնելով բնականաբար որևէ խոչընդոտ չեն ստեղծելու, գալու են հասնելու մինչև Շուշիի այն հատվածը, որը իրենք են փակել, այս կողմից էլ մենք պատրաստ ենք  մի քանի տասնյակով գալու, և բնականաբար կփոխվի այն սցենարը, որը գրել է ՀՀ իշխանությունը՝ Ադրբեջանի իշխանության հետ միասին։ Ես հանգուցալուծումը տեսնում եմ խենթության մեջ, որովհետև լինելով քաղաքական գործիչ, հասկանում եմ, որ քաղաքական բոլոր դիսկուրսները այս իշխանության սպառել է, և որևէ ստանդարտ լուծումներ այլևս չկան, և հետևաբար, պիտի գտնել ոչ ստանդարտ լուծումներ»,- ասաց պատգամավորը։