կարևոր
2449 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-24 12:32
Քաղաքական

Հայաստանը Լաչինի միջանցքի արգելափակման դադարեցումը տեսնում է միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ

Հայաստանը Լաչինի միջանցքի արգելափակման դադարեցումը տեսնում է միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար Հայաստանն անհրաժեշտ է համարում միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը նախ ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

«Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարանի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- նշել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության 3 ծառայողներ, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։

«Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը։