կարևոր
3799 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-15 18:10
Հասարակություն Քաղաքական

Բերձորի միջանցքի ապաշրջափակման համար Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում. Մետաքսե Հակոբյան

Բերձորի միջանցքի ապաշրջափակման համար Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում. Մետաքսե Հակոբյան

 

Ադրբեջանը խախտում է ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունն ու նոր պահանջներ ներկայացնում՝ փորձելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը նույնացնել Բերձորի միջանցքի հետ։

Նախնական պայմանավորվածության համաձայն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ռուսական բեռնատարի Արցախ մուտք գործելուց 12 ժամ անց, պետք է բացվեր նաև Բերձորի միջանցքը, բայց Ադրբեջանը, ինչպես տեսանք, հերթական անգամ խախտեց պայմանավորվածությունը։

Մետաքսե Հակոբյանը նշել է, որ ռուս խաղաղապահներն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ, որովհետև իրենք էլ տեսնում են, որ Արցախում 1-2 օրվա կամ ժամերի խնդիր ունենք և, որ այլևս Արցախում գոյատևելն անհնարին է։

«Ամեն դեպքում՝ խոստումը կա, որ խաղաղապահներն անպայման արդյունք բերելու են։ Հիմա մենք սպասում ենք, որ բանակցություններն արդյունք տան, որից հետո կհասկանանք, թե որոնք են մեր քայլերը, որովհետև մենք չենք համարում, որ սա մեր վերջնական ցանկությունն է, սա միայն միջանկյալ ելք է իրավիճակից, որ կարողանանք 120 հազար մարդկան գոյության խնդիրը լուծել։ Այս պահին էլ բանակցությունները շարունակվում են և չեն դադարել»,- ասել է արցախցի պատգամավորը։

Հարցին, թե Ադրբեջանը ինչ նոր պահանջներ է առաջ քաշում՝ Հակոբյանը պատասխանեց, որ մանրամասներին չի տիրրապետում, բայց անընդհատ խնդիր է դրվում հավասարեցնելու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը Բերձորի միջանցքին։ «Ճնշումը հիմնականում ադրբեջանական կողմից այդ ուղղությամբ է, բայց մենք հիմք ենք վերցնում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման մասին կարող ենք խոսել միայն կոմունիակացիաների ապաշրջափակման համատեքստում, իսկ Քաշաթաղի միջանցքը բոլորովին այլ կարգավիճակ ունի։ Մեզ համար անթույլատրելի է միջանցքի գաղափարի վերացումը։ Եթե կենցաղային լեզվով բացատրելու լինենք, ապա, այո, ճանապարհով կարող է գալ հումանիտար բեռ, իհարկե, մեր որոշմամբ, թե ինչ բեռ և ում կողմից է ուղարկված, բայց Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման դեպքում մենք հումանիտար բեռների կարիք ուղղակի չենք ունենալու»։

Պատգամավորն ընդգծեց, որ Արցախն այլևս ծանրագույն իրավիճակում է։

«Իշխանություններն անում են անհնարինը, անգամ տարբեր առաջարկներ են ներկայացնում տնտեսվարողներին, գյուղացիներին, ովքեր թեկուզ իրենց կարիքների համար քիչ ավելի շատ ցորեն են պահել։ Տարբեր ուղղություններով են աշխատանքներ տանում, որպեսզի կարողանան ևս 1-2 օրվա ցորեն կամ ալյուր հայթայթեն։ Իհարկե, սոցանցերում երևում է, թե ինչ հաց է վաճառվում խանութներում, բայց մենք դրանից էլ ենք գոհ, հիմա այն վտանգը կա, որ դա էլ այլևս չի լինի։ Անգամ ընտանքիներ կան, որ իրենց տանն այլևս ուտելու ոչինչ չկա ու իրենց հասանելիքը այդ 200 գրամ հացն է, որով 24 ժամ պետք է գոյատևի մարդը։ Ավելին, վտանգ կա, որ վաղը դա էլ կարող է չլինել։
Այնպես որ, մենք արդեն եզրագծում ենք, ու ռուս խաղաղապահներն իրենք էլ են դա գիտակցում, քանի որ իրենք էլ են այս իրականության մեջ, իրենք էլ են հստակ հասկանում, որ առավելագույնը 1-2 օրվա մեջ այս հարցը պետք է լուծվի։ Հակառակ դեպքում՝ ես չգիտեմ ինչ աստիճանի ծայրահեղ պետք է լինեն մեր քայլերը, որ միջազգային հանրությունը և ՀՀ իշխանությունները հասկանան, թե ինչ է այստեղ տեղի ունենում և փորձեն գործուն մեխանիզմներ, գործուն քայլեր անեն, ոչ թե կոչեր հնչեցնեն, որովհետև կոչերով այլևս ոչինչ չի փոխվելու»։

Աղբյուր` Փաստինֆո