կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 16:24
Մշակույթ

Հայ լրագրող ընկերների քաջարի պայքարը…

Հայ լրագրող ընկերների քաջարի պայքարը…

Լիոնում լույս տեսնող “France Arménie” ամսագրին շնորհավորում եմ 40-ամյա տարելիցի, իսկ Ժնևում բնակվող մեր վտարանդի լրագրող ընկեր Դեմիր Սյոնմեզին՝ «Վիրավոր արծվի ձագը» գրքի լույս ընծայման առթիվ։

Դողան Օզգուդեն

Երկու շաբաթ առաջ Բրյուսելի մեր հայ ընկերների ակումբում դիտեցինք Քադիր Աքընի ՛՛Red՛՛ վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում էր հայկական ձախ շարժման զարգացումը, իսկ հետո միասին լսեցինք ԺԺԿ-ի պատգամավոր Կարո Փայլանի և մեր ընկեր հայ լրագրող Հայկո Բաղդատի արժեքավոր բացահայտումները այս թեմայով:

1915 թ․ հունիսին Բայազետ հրապարակում իր 19 ընկերների հետ մահապատժի ենթարկված հայ հեղափոխական Փարամազին նվիրված այս վավերագրական ֆիլմում թուրքական սոցիալիստական շարժման պատմությունը չի վերաբերում թուրք սոցիալիստներին, ինչպես գրվել և ներկայացվել է մինչ այժմ, այլ, ինչպես բացահայտվեց, այն սկսել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, որը հիմնվել է Ժնևում՝ 1887 թվականին, հայ հեղափոխականների կողմից։

1071 թ․ Մանազկերտի գրավմամբ սկսված Անատոլիայի, այնուհետև Ռումելիայի թուրքացման և իսլամացման գործընթացում նույն ռասային և կրոնին չպատկանող ժողովուրդների հաջողություններն ու առաջընթացը բոլոր պլաններում պաշտոնական պատմության գրքերում կա՛մ ամբողջովին անտեսվեց, կա՛մ նվազեցվելով՝ դրանց անդրադարձ կատարվեց մի քանի տողով։

Օրինակ՝ տպագրությունը, գիտական և մշակութային կյանքի կարևորագույն գործիքը, Թուրքիայում առաջին անգամ օգտագործվել է Իբրահիմ Մութեֆերիկայի կողմից՝ 1719 թվականին՝ Գուտենբերգի կողմից ստեղծվելուց գրեթե երեք դար անց։ Սակայն տպագրությունը թուրքերից շատ առաջ, 1493 թվականին օգտագործել են հրեաները, 1567 թվականին՝ հայերը, իսկ հույները՝ 1627 թվականին (խոսքը Օսմանյան կայսրության տարածքում տպագրության կիրառման մասին է-Ակունքի խմբ)։

Չնայած Թուրքիայում հրատարակված առաջին թուրքական թերթը 1831 թվականին Օսմանյան պետության կողմից տպագրվող “Թաքվիմ-ի Վեքային” էր, սակայն դրանից ավելի հին թերթը ֆրանսիական «Bulletin de nouvelles»-ն էր, որն առաջին անգամ հրատարակվել է 1794 թվականին։

Թուրքիայում հայկական թերթը “Թաքվիմ-ի Վեքայիի” հայերեն հրատարակությունն է, որը սկսել է հրատարակվել 1832 թվականի հունվարի 13-ից՝ «Լրագիր» անվամբ։ Հայկական առաջին թերթերը, որոնք հենց հայ մտավորականների ստեղծածն էին, 1839 թվականից Իզմիրում հրատարակվող «Շտեմարան պիդանի գիտելյաց», «Արշալույս Արարատյան» և «Հայրենասեր» թերթերն էին։

Համաձայն հայոց լեզվի և պատմության մասնագետ, Փարս Թուղլաջը անունով հայտնի մեր թանկագին Բարսեղ Թուղլաջըյանի տրամադրած տվյալների, 1567-1923 թթ. ընթացքում Ստամբուլի 131 և գավառների 61 հայկական տպարաններում հենց հայերեն կամ հայատառ թուրքերեն հրատարակվող թերթերի ու ամսագրերի թիվը հասնում է 598-ի:

Թեև դա պատմական ճշմարտություն է, այսօր Թուրքիայում հունական, հայկական և հրեական թերթերի ընդհանուր թիվը երկու ձեռքի տասը մատին էլ չի կարող հասնել, ինչը մեր առջև է որպես ցուցիչ այն բանի, թե ինչպես է ոչ թուրք և ոչ մահմեդական բնակչությունը 1915 թվականից մինչև այսօր՝ 107 տարվա ընթացքում ոչնչացվել ցեղասպանության և տեղահանությունների հետևանքով:

Դիմադրելով կործանման և ժխտման այս փոթորկին՝ առաջին թուրքերեն-հայերեն «Ակօս» թերթը, որն սկսեց հրատարակվել 1996 թվականի ապրիլի 5-ին՝ 26 տարի առաջ, չնայած 2007 թվականի հունվարի 19-ին ֆաշիստական փամփուշտներով իր հիմնադիր Հրանտ Դինքի ստոր սպանությանը, նույն վճռականությամբ շարունակում է իր պայքարը ընդդեմ ցեղասպանության ժխտման, հանուն ազատության և ժողովրդավարության։

Թուրքիայից դուրս, հատկապես Հայաստանի Հանրապետությում, նաև բոլոր մայրցամաքներում, որտեղ հայկական սփյուռք կա, անթիվ հայկական թերթեր, ամսագրեր ու գրքեր են հրատարակվում:

Այդ հրատարակություններից ամենակարեւորներից մեկը ՛՛France Arménie՛՛ ամսագիրն է, որը 1982 թվականից հրատարակվում է Լիոնում՝ «Հայկական հարցի պաշտպանության կոմիտե» (ՀՀՊԿ) հայկական հկ-ի կողմից։ ՀՀՊԿ-ի հրապարակումները և՛ տարբեր լեզուներով 1974 թվականից Բրյուսելում հրատարակվող Info-Turk-ի համար, և 1980 թվականի սեպտեմբերի 12-ի խունտայի դեմ պայքարելու նպատակով ստեղծված ՛՛Հանուն ժողովրդավարության միության՛՛ և նրա ՛՛Tek Cephe՛՛ թերթի համար, ինչպես նաև 1915 թվականի ցեղասպանության մանրամասներին ծանոթանալու, տեղահանության հետևանքով Անատոլիայի հողից պոկված հայկական սփյուռքի, նրա սոցիալական և մշակութային կյանքն ավելի մոտիկից ճանաչելու համար շատ արժեքավոր աղբյուր են:

ՀՀՊԿ-ի և հայկական այլ հասարակական կազմակերպությունների պայքարին և պահանջներին 1982 թվականից ի վեր ավելի մանրամասն ենք կարողացել հետևել «France Arménie» ամսագրից։

ՀՀՊԿ-ի պայքարի շնորհիվ Եվրախորհրդարանի սոցիալիստական խմբի ղեկավար Էռնեստ Գլինը պատրաստվում էր 1983թ. սեպտեմբերի 20-ին միջնորդություն ներկայացնել խորհրդարանի նախագահությանը, որով կոչ էր անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել 1915թ. ցեղասպանությունը: Չորս տարի անց՝ 1987 թվականի հունիսի 18-ին, Եվրախորհրդարանը որոշում էր ընդունելու, որով հայտարարելու էր, որ 1915-1917 թվականների հայկական դեպքերը համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի բանաձևով ընդունված ցեղասպանության սահմանմանը, և շեշտելու, թե Թուրքիայի կողմից այս երևույթի մերժումը միանշանակ կխանգարի նրա անդամակցությանը Եվրոպական համայնքին։

Մեր հարաբերությունները ՀՀՊԿ-ի հետ 2002 թ․ Բրյուսելում Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայ դաշնության (ԱԺԵՀԴ) հիմնադրումից հետո նոր ձևաչափ ստացան …

Մինչ այդ, Թուրքիայից դուրս եկած չորս քաղաքական վտարանդի կազմակերպություններ՝ Բելգիայի ասորական ինստիտուտը, Բելգիայի դեմոկրատական հայկական ասոցիացիան, Բրյուսելի քրդական ինստիտուտը, «Info-Turk» և «Գյունեշ սեմինարը» միասին պայքարում էին Թուրքիայում ֆաշիստական ճնշումների և Բելգիայում այլատյացության դեմ։

2005 թ․ ԱԺԵՀԴ-ի կոչով և նրա մասնակցությամբ, 1915 թ․ ցեղասպանության 90-րդ տարելիցին մենք միասին կազմակերպեցինք մի շարք միջոցառումներ՝ Ցեղասպանությունը Բելգիայում ավելի հայտնի դարձնելու նպատակով։ Դրան հաջորդեցին այն միջոցառումները, որոնք միասին կազմակերպել էինք 2006 թ․ 1971 թ․ մարտի 12-ի հեղաշրջման 35-ամյակի և 2007 թ․ Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության առթիվ:

2008-ի վերջին Բրյուսելում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած արարողության ժամանակ Ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլի՝ հույների և հայերի տեղահանության մասին դրվատական խոսքը և դեսպան Ֆուաթ Թանլայի՝ ռասիստական բանաստեղծություն արտասանելը քննադատելու համար և՛ Բելգիայում, և՛ Թուրքիայում իշխանական թերմացք լրատվամիջոցների կողմից իմ դեմ լինչի արշավ սկսվեց, և Բելգիայի կառավարությունը ստիպված էր ինձ պաշտպանության տակ առնել:

ՀՀՊԿ-ն և ԱԺԵՀԴ-ն ակտիվորեն մասնակցեցին այս դեպքից հետո ինձ համար սկսված համերաշխության արշավին և ինձ հրավիրեցին բանախոսության 2009 թ․ ապրիլի 24-ին Լիոնում 1915 թվականի ցեղասպանության հիշատակին նվիրված հավաքին:

՛՛France Arménie՛՛ ամսագիրը Լիոնի հավաքի ժամանակ իմ ելույթը պատկերել է 2009 թ. մայիսի 31-ի համարի շապիկին և բովանդակության մեջ ներառել ինձ հետ արված երկու էջանոց հարցազրույց:

՛՛France Arménie՛՛-ն այս ամիս լույս տեսած 495-րդ համարով նշում է իր 40-ամյակը:

Որպես կեսդարյա վտարանդի պայքար շարունակած լրագրողներ՝ ես ու Ինջին ի սրտե ուրախ ենք ՛՛France Arménie-ի՛՛ հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ և մեր ջերմ սերն ու հաջողությունների մաղթանքներն ենք փոխանցում սփյուռքի մեր հայ լրագրող ընկերներին, ովքեր կերտել և կենդանի են պահել այն։

Մեր վտարանդի լրագրող ընկեր Դեմիր Սյոնմեզի պայքարը Ժնևում

Ոչ միայն ՛՛France Arménie՛՛-ում… Թուրքիայում պայքարի տարիներին հալածանքների և խոշտանգումների պատճառով մեզ պես արտագաղթել հարկադրված և 1990 թվականից Ժնևում իր պայքարը որպես գրող, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան շարունակող մեր ընկեր Դեմիր Սյոնմեզին ի սրտե շնորհավորում ենք՝ նրա ամբողջ գործունեության պսակը դարձած «Վիրավոր արծվի ձագը» վերնագրով անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հրատարակված աշխատության համար:

Դեմիր Սյոնմեզը 2020 թ․ 40 օր շարունակ ուշադիր հետևելով պատերազմին՝ հավաքել է Արցախյան պատերազմի և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին լուսանկարները և դրանք զետեղել «Վիրավոր արծվի ձագը» գրքում՝ որպես պատմական փաստաթուղթ։

Դեմիր Սյոնմեզը գտնվում է Հայաստանում իր գրքի հայերեն-անգլերեն հրատարակությունը 1915 թվականի ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ներկայացնելու նպատակով, գիրք, որն առաջին անգամ հրատարակվել էր Սոֆիայում։

Ներկայացնում եմ նրա ուղարկած կարճ նշումներով տեղեկատվությունը.

«1978-ից 1982 թվականներին բազմիցս ձերբակալվել եմ իմ քաղաքական գործունեության պատճառով և դաժան կտտանքների ենթարկվել։ Այդ ընթացքում ինձ հինգ անգամ բռնել են ու գցել Ուլուջանլարի, ապա՝ Մամաքի բանտեր։ Նախ Անկարայում, ապա Մամաքի բանտում ինձ երեք շաբաթ Ռաջի Թեթիքի հրամանով տանջել են Ա բլոկի խցում։

«1992-1990 թթ․ սովորել եմ նախ Հաջեթթեփեի, հետագայում էլ Անադոլու համալսարանի տնտեսագիտության բաժնում: Երբ կալանքի տակ գտնվողների անհետացումների ու չբացահայտված սպանությունների թիվն ավելացավ, լքեցի երկիրը և ապաստան խնդրեցի Շվեյցարիայում։ Իմ ապաստանի դիմումը բավարարվեց միայն 10 տարի անց՝ 2000 թ․։

«Մինչ սպասում էի, որ իմ ապաստանի հայցումն ընդունվի, 1994 թ․ մի խումբ ընկերների հետ ստեղծեցինք Ժնևի Ժողովրդական տունը, և մինչև 2006 թ․ ակտիվորեն ղեկավարում էի այդ ասոցիացիան:

«Ժողովրդական տանը գործունեությանս պատճառով մի քանի անգամ թուրք գործակալությունների և ֆաշիստների կողմից սպառնալիքներ եմ ստացել։

«1994 թ․ մինչ օրս «Özgür Politika», «Evrensel», «Artı Gerçek», «Ermeni Haber», «Le Courrier» և «Tribune de Genève» թերթերում և կայքերում, ինչպես նաև իմ սեփական բլոգում ավելի քան 1600 նորություններ և հարցազրույցներ են հրապարակել։

«2006 թ. հետո որպես իմ գործունեության հիմնական ոլորտ ընտրել եմ լրագրությունը, որով զբաղվում եմ մինչ օրս։ 2016-2019 թթ․ այցելել եմ Հարավային Քուրդիստան ու Ռոժավա և հարցազրույցներ արել այնտեղ:

«Առաջին գիրքս լույս է տեսել 2016 թ․՝ «Ազգերի հրապարակ / Ժողովուրդների հրապարակ» վերնագրով։ Լուսանկարչական ցուցահանդեսը, որ բացեցի ՄԱԿ-ի հրապարակում այս գրքի լուսանկարներով, դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց Թուրքիայի և Շվեյցարիայի միջև: Թուրքիայի կառավարությունը երկու անգամ դիմել է Շվեյցարիային՝ ինձ Թուրքիա արտահանձնելու համար։

«Իմ երկրորդ գիրքը «Genève Confinée»-ն էր, որը հրատարակվել է 2021 թ․ և վավերագրում է կորոնա համաճարակի շրջանը լուսանկարներով… Ցուցահանդեսը, որի լուսանկարները տեղ են գտել այս գրքում, գտնվում է Ժնևի լճի ափին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կենտրոնի Պալե Ուիլսոնի դիմաց, վեց անգամ հարձակման է ենթարկվել»:

Ժնև քաղաքը, որտեղ Դեմիր Սյոնմեզը պայքարում է ավելի քան երեսուն տարի, նաև այն վայրն է, որտեղ հայ հեղափոխականները 1887 թվականին հիմնել են Օսմանյան կայսրության առաջին սոցիալիստական կուսակցությունը՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը։

Քաղաք, որտեղ Դեմիր Սյոնմեզն էլ իր աքսորի որոշակի փուլից հետո շարունակեց իր պայքարը որպես հայ լրագրող …

Ինձ ուղարկած հաղորդագրության մեջ մի գրություն էլ կա, որտեղ շատ լավ բացատրվում է, թե ինչու Դեմիր Սյոնմեզը վտանգի ենթարկեց կյանքը՝ իր «Վիրավոր արծվի ձագը» գրքի համար Արցախի պատերազմը նկարելու նպատակով, որը հայերեն-անգլերեն լույս կտեսնի հաջորդ շաբաթ՝ Երևանում.

«Հայ լինելս իմացա միայն 50 տարեկանում, Շվեյցարիայում։ Հայրս ինձ հյուր էր եկել։ Նրան հարցրեցի, թե ինչու՞ էր մայրս մեզ վրա բարկանալիս «տերտերի թոռները» գոռում։ Նա էլ ասաց, որ մենք ծագումով հայ ենք, և որ իր պապը Բինգյոլ-Քղի գավառի գյուղերից մեկի քահանան էր։ Երբ հարցրի, թե ինչո՞ւ է մինչև հիմա մեզնից թաքցրել դա, նա պատասխանեց՝ «Եթե իմանային, որ հայ ես, քեզ կենդանի կթողնեի՞ն»։

Դեմիր Սյոնմեզին ավելի լավ ճանաչելու համար պետք է կարդալ Ռագըփ Զարաքոլուի հոդվածը, ով նրան ճանաչում է Թուրքիայում ընդհանուր պայքարի օրերից։ «Կապրի Արծվի ձագը» հոդվածաշարը, որ հրատարակվել է “Artı Gerçek”-ում 2021 թվականի մարտի 13-ին, և 2021 թվականի նոյեմբերի 20-ին հրապարակված «Խցիկները շարունակում են վկայել» հոդվածները:

Այո՛, Դեմիր Սյոնմեզն այժմ իր տաղանդով և հնարավորություններով պայքարում է, որպեսզի ավելի լավ ճանաչեն ճշմարտությունը, որ թաքցված էր իրենից ամբողջ 50 տարի, ավելի լավ խթանվի այն ազգի արդար գործը, ումից 1915 թվականի ցեղասպանությունը խլեց կյանքն ու հայրենիքը։

Ի սրտե շնորհավորում ենք Դեմիր Սյոնմեզին՝ իր նոր գրքից բացի՝ նաև հայկական ինքնությունը շարունակելու անզիջում և վճռական պայքարի համար։

https://artigercek.com/yazarlar/doganozguden/ermeni-gazeteci-dostlarin-yurekli-mucadelesi

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net