կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 16:37
Քաղաքական

Սվաստիկայի արձագանքը «Ակօս»-ում. «Ցեղասպանությունների մասին պետք է ավելի շատ խոսել»

Սվաստիկայի արձագանքը «Ակօս»-ում. «Ցեղասպանությունների մասին պետք է ավելի շատ խոսել»

«Ակօս»-ն անդրադարձել է վերջերս անհայտ անձանց կողմից Բոմոնթի թաղամասի Մխիթարյան հայկական դպրոցի կցաշենքի պատի վրա նկարված սվաստիկայի թեմային։

Երկու օր առաջ Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան հայկական դպրոցի կցաշենքի դռան վրա անհայտ անձինք սվաստիկա են նկարել։ «Ակօսի» սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն այս դեպքի մասին հոդվածում անդրադարձել է ցեղասպանությունների թեմային։

Օհաննեսը «Ցեղասպանությունների մասին պետք է ավելի շատ խոսել» վերնագրով հոդվածում նշել է. «Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տագնապ են զգում նման խորհրդանիշների հանդիպող հայերը կամ այլ ճնշված հանրույթներ, և չպետք է կարծել, թե նրանք չափազանցնում են իրադարձությունները կամ չափից դուրս զգայուն են, քանզի նրանք ունեցել են նման պատմություն և փորձառություն»:

Հայոց ցեղասպանությունից մինչև Հոլոքոստ, Բոսնիայից մինչև Ռուանդա՝ ցեղասպանությունների զանազան օրինակների միջև բազում տարբերությունները նշելով հանդերձ Քըլըչդաղըն շեշտում չէ, որ «Այդ տարբերություններից չի փոխվում այդ բոլոր դեպքերի ցեղասպանություն լինելու փաստը»։

Օհաննես Քըլըչդաղըի «Ցեղասպանությունների մասին պետք է ավելի շատ խոսել» վերնագրով հոդվածի համապատասխան հատվածը հետեւյալն է.

«Թուրքիայում, հատկապես պաշտոնական շրջանակներում Հոլոքոստը գործիքավորվում է որպես հակակշիռ Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարում։ Այսինքն երկու կշեռքի վրա դնելով և մատնանշելով նրանց միջև եղած տարբերությունները՝ փորձում են ապացուցել, որ հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն չէր (մեր հրեա ընկերներից ոմանք ևս սրա հետ համաձայն են և պաշտպանում են այդ տեսակետը)։ Քանի որ դա մեր թեմայից դուրս է, չեմ մասնակցի այդ քննարկմանը, բայց այսքանը կասեմ, որ ցեղասպանության զանազան օրինակների միջև շատ տարբերություններ կան՝ Հայոց ցեղասպանությունից մինչև Հոլոքոստ, Բոսնիայից մինչև Ռուանդա, սակայն դրանք չեն փոխում այն փաստը, որ բոլորը էլ ցեղասպանություն են։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այս փաստի վրա․ թեև Հոլոքոստը գործիքավորվել է Թուրքիայում, այդ մասին այնքան էլ հայտնի չէ: Նմանապես և հակասեմիտիզմը: Հոլոքոստը ինչպես է ծրագրվել, ինչպես է իրականացվել, ինչ համակարգի վրա է հիմնվել, ովքեր են եղել մեղավորները և այլ հարցեր բնավ վիճելի չեն:

Օրինակ՝ «գերմանացիները» հայտնի են որպես Թուրքիայում Հոլոքոստի մեղավորներ, սակայն Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի պես երկրների ժողովուրդների մի մասը ևս մեծ ոգևորությամբ մասնակցել է հրեաների զանգվածային սպանություններին (գիտեմ, որ «ոգևորություն» բառը մի քիչ անհանգստացնող է, բայց հենց այդ բառն է փոխանցում այդ հոգեվիճակը): Կարճ ասած, Թուրքիայում, հատկապես պաշտոնական կրթության մեջ լուրջ չեն վերաբերվում ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ ցեղասպանություն հասկացությունն ու դրա դեպքերին։

Այս բոլորը նկատի առնելով՝ անհրաժեշտ է հասկանալ հայերի կամ այլ ճնշված հանրույթների տագնապը, որոնք հանդիպում են նման խորհրդանիշների, և չմտածել, թե նրանք ուռճացնում են իրադարձությունները կամ չափազանց նրբազգաց են, քանզի նրանք ունեցել են նման պատմություն և փորձառություն»: Ըստ էության, սվաստիկայի հեղինակ անձը կարող է այն նկարել՝ շատ լավ իմանալով ամեն ինչ, նկատի ունենալով, թե կոնկրետ ինչ է նշանակում այս խորհրդանիշը։ Այդ ժամանակ այս դեպքի անհատական կամ կազմակերպված լինելուն զուգահեռ բախվում ենք շատ ավելի սարսափելի իրողության, որը ևս Թուրքիայի նման երկրի համար անսպասելի չի»։

https://artigercek.com/haberler/ohannes-kilicdagi-soykirimlari-daha-fazla-anlatmak-lazim

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net