կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 14:05
Տարածաշրջան

Ցեղասպանությունների մասին քննարկում` ԱՄՆ Կոնգրեսում

Ցեղասպանությունների մասին քննարկում` ԱՄՆ Կոնգրեսում

Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն դրան ենթարկված ժողովրդի, այլեւ այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցկացված քննարկման ժամանակ ասել է Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը:

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որն ամբողջ կյանքը նվիրեց ցեղասպանությունը որակող եւ դատապարտող իրավական հիմքերի ստեղծմանը:

«Լեմկինի կողմից «ցեղասպանության» որակումը տալուց 75 տարի անց ցեղասպանությունները դեռ տեղի են ունենում՝ վերափոխելով թե' դրանց զոհերին եւ թե' իրականացնողներին: Սակայն, եթե Ավստրալիայի կառավարությունն առանց որեւէ արտաքին ճնշման ճանաչեց Ավստրալիայի բնիկ բնակչության դեմ 18-19-րդ դարերում իրականացրած ցեղասպանությունը, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է նաեւ մեր օրերի Թուրքիայի զարգացմանը: Իրականում, կարելի է տեսնել, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած մարդիկ հետագայում Թուրքիայի իշխանությունն են կազմել, եւ հենց նրանք են ուրվագծել այսօրվա Թուրքիայի ռազմական, տնտեսական եւ քաղաքական համակարգի հիմունքները: Ուստի ինչո՞ւ ենք զարմանում, որ տասնամյակներ անց այնտեղ հարվածի տակ է նոր խումբ՝ քրդերը»,- նշել է Թերիոլը:

Քննարկմանը ներկա` Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսն իր կողմից շեշտել է, որ Լեմկինը հենց այն մարդն էր, որ լրացրեց ցեղասպանությունն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական բացը, սակայն արդարության հասնելու համար այն բավարար չէ: «Անհրաժեշտ օրենքներն առկա են, սակայն բացակայում է այդ օրենքների նկատմամբ հարգանքը: Այդ օրենքները գործածելու համար անհրաժեշտ են նաեւ դիվանագիտական ջանքեր: Ես խորհուրդ կտայի աշխատել ժողովրդավար երկրների հանրությունների հետ, որպեսզի այդ հանրությունները պահանջեն իրենց կառավարությունից` միջազգային ասպարեզում աջակցել Ցեղասպանության ճանաչմանը»,- ասել է նա:

Հենրի Թերիոլը համաձայնել է՝ ցեղասպանության դեմ պայքարը մեկ անձի պայքար չէ, այն պահանջում է հանրային ջանքեր: