Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական Haberdar-ի լրագրող Բելգիհան Ուչաքը հարցազրույց է արել Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիքյանի հետ:
«Ակօս»-ի «թուրքացման» վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, Դանզիքյանը նշել է, որ «Ակօս»-ն արդեն իսկ թուրքական թերթ էր, և հիմնադրման ժամանակ թերթի նպատակը եղել է հայկական համայնքին լսելի դառնալը: «Միաժամանակ, այն չի էլ հիմնադրվել միայն Թուրքիայում հայ համայնքի թերթը դառնալու համար: Ես սա բազմիցս կրկնել եմ: Թերթի հիմնադրման ժամանակ Հրանտ Դինքին օգնող խումբ կար, ես նրանց թվում եմ եղել»,- ասել է նա:
Դանզիքյանի խոսքով՝ հիմնադրման ժամանակ Դինքին օգնող խումբը բավականին մեծ էր:
«Թեև բոլորս էլ աշխատանք ունեիք, ժամանակ էինք հատկացնում և գալիս «Ակօս»: Քանի որ թերթը հիմնադրող խմբի մեջ եմ եղել, հանգիստ կարող եմ ասել, որ մենք նպատակ չենք ունեցել միայն հայ համայնքի թուրքալեզու թերթը դառնալու: Ավելին՝ թերթի հիմնադրման ժամանակահատվածում, ինչպես և այսօր, ազգայնամոլական մթնոլորտ էր տիրում: Ինչպես այսօրվա մթնոլորտը` թե Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներն ու Օջալանը հայեր են...»,- պատմել է խմբագիրը՝ հիշելով, որ ՔԲԿ-ականներին «հայ բճեր» էին անվանում:
Դանզիքյանը ընդգծել է նաև, որ պետության կողմից ղեկավարվող հայատյացությունն այնքան էր աճել, որ հայկական դպրոցների և եկեղեցիների պատին հակահայկական գրառումներ էին արվում:
«Բայց երբ քրդական հարցով բախումներ էին լինում, ինչպես այսօր, ուշադրության կենտրոնում մենք էինք հայտնում: «Ակօս»-ն ինչ-որ խոսք ասելու նպատակով հիմնադրվեց, դա է հենց պատճառը, որ այն թուրքալեզու էր: Նպատակը Թուրքիայի ամբողջ հասարակությանն ինչ-որ բան ասելն էր, երխոսություն ստեղծելը, մտահոգություն հայտնելը... Սակայն 2007-ին ամբողջապես այլ վիճակում հայտնվեցինք: Մեր թերթի հիմնադիր Դինքը սպանվեց` նաև պետության մասնակցությամբ գործողության արդյունքում»,- ասել է «Ակօս»-ի խմբագիրը` շեշտելով, որ քրդական հարցի լուծման դեպքում Թուրքիայում ոչ միայն հայերը, այլև բոլորը, այդ թվում՝ պանթուրքիստներն ավելի լավ կապրեն:
Հարցին, թե ի՞նչպիսի տարբերություններ և նմանություններ կան Դինքի ժամանակվա «Ակօս»-ի և նրան հաջորդած Էթիեն Մահչուփյանի, Ռոբեր Քոփթաշի և, վերջապես, իր՝ Եդվարդ Դանզիքյանի ղեկավարած թերթի միջև, նա ասել է.
«Ես չեմ ցանկանա որպես գլխավոր խմբագիր դա ներկայացնել, քանի որ մենք միասնաբար ենք աշխատում դրա հրատարակման համար: Բոլորիս դիրքերը տարբեր են, սակայն Հրանտ Դինքի «Ակօս-ը... Հրանտը բացարձակապես ուրիշ, մեծ իդեալներ ունեցող մարդ էր: Նա ցանկանում էր լուծել թուրքերի և հայերի միջև հարցը, դեր ունենալ երկրների միջև երկխոսության հարցում և ցույց տալ պատմության ընթացքում կատարվածը: Նա ցանկանում էր բացել պատմության փոշոտ կափարիչը, սակայն դրա համար մենք՝ որպես հայկական համայնք, շատ ծանր վճարեցինք»:
Դանզիքյանի խոսքով՝ Մահչուփյանը «Ակօս»-ի գլխավոր խմբագրի պաշտոնում նշանակվեց Հրանտի մահից անմիջապես հետո, իսկ նրա գործունեությունը պետք է գնահատել հենց այդ ժամանակվա համեմատ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերին, նրա ժամանակ արդեն անցել էր Հրանտի մահից հետո գոյացած մթնոլորտն, ու արդեն բնականոն հունով էր ընթանում թերթի աշխատանքը: «Հրանտի սպանությունից հետո ահավոր ժամանակաշրջան էր»,- հիշել է Դանզիքյանը՝ նշելով, որ Հրանտի ընկերների պայքարի շնորհիվ այսօր չի մոռացվում այդ դատը, մինչդեռ ոմանք, այդ թվում` նախկինում թերթում աշխատած հայ մտավորականներ, հակառակ դիրքն են ընդունում:
Թերթի հեռանկարի և վաճառքը 50.000-ի հասցնելու վերաբերյալ լրագրողի հարցին Դանքիզյանը պատասխանել է, որ իրենք շատ մեծ նպատակներ չունեն: Իրենց նպատակը մարդկանց լսելի դառնալն է, իսկ ներկա պահին թերթի վաճառքը մոտ 3000-4000 է: «Մենք վաճառքն ավելացնելու ճանապարհներ ենք փնտրում, սակայն 50.000...անհնար է»,- ասել է նա:
Դանզիքյանը նաև անդրադարձել է թուրքական Radikal թերթի փակմանը՝ այդ մասին իր ափսոսանքը հայտնելով: Նրա խոսքով՝ հոլդինգը, որին մաս է կազմում թերթը, ճնշումներից ազատվելու համար գնացել է թերթը փակելու քայլին, բազմաթիվ լավ լրագրողներ, սյունակագիրներ մնացել են անգործ: «Նույնը վերաբերում է նաև Ջան Դյունդարին և Էրդեմ Գյուլին, ինչպես նաև քուրդ լրագրողներին: Անցնում ենք մի ժամանակաշրջանի, երբ օրենքը չի գործում»,- ասել է նա:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի` ԱՄՆ-ում ձերբակալությանն ու իշխանամետ Sabah-ի սկանդալին, որը կեղծել էր Զարրաբին ձերբակալելու որոշում կայացրած դատախազի լուսանկարը՝ ձևացնելով, թե նա աջակցում է Թուրքիայում ահաբեկչական համարվող` Քուրդիստանի բանվորական կուսակցությանը:
«ԱՄՆ-ը չի թողնի այդ գործողության «պոչը»: Կարելի է մտածել, որ քաղաքական առումով սա մեսիջ է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Ինչ վերաբերում է ֆոտոշոպին, դա ապացուցում է, թե ինչ ապատեղեկատվության դարում ենք ապրում: Այնպիսի վիճակում են, որ հրապարակում են լուրեր, որոնց սուտ լինելը բացահայտվելու է երկու ժամ հետո»,- ասել է Դանզիքյանը:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի