Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե այս իշխանության գործողությունների մեջ առերեւույթ հանցակազմ կա, ապա ինչո՞ւ եք այդ իշխանության ներկայացուցիչների հետ փակ հանդիպում անում՝ ըստ Yerkir.am-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հարցն ուղղեցին ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։
Նա պատասխանեց, որ իրենք փակ հանդիպում չեն պահանջել, պահանջել են հրատապ օրակարգով քննարկում ԱԺ-ում, ՔՊ-ն պահանջել է, որ հանդիպումը փակ տեղի ունենա:
«Մենք կարող էինք ասել՝ փակ է՝ չենք մասնակցում, բայց մենք գործ ունենք լրջագույն սպառնալիքի, երկրի անվտանգության հետ։ Այս պարագայում, այո՛, մենք պահանջել ենք, որ ԱԳ նախարարն ու փոխվարչապետը գան ու ներկայացնեն, թե ինչ հրատապ քայլեր են անում Արցախում: Մենք տվել ենք հարցեր, բայց չենք ստացել պատասխաններ ու բավարարված չենք: Այնպես չէ, որ մենք այդ հանդիպումից դուրս ենք եկել եւ ասել ենք՝ մտահոգություն չունենք: Դուրս ենք եկել եւ ասել ենք՝ մեր մտահոգությունները կրկնապատկվել են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Փաշինյանի հետ հանդիպման մասին նա ասաց՝ ինքը պահանջել է, որ Փաշինյանը այդ հանդիպման ձայնագրությունը հրապարակի ու մարդիկ տեսնեն, թե ով՝ ինչ է ասել։
«Ես ասել եմ, որ բացի արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից, մենք նաեւ առանձին հանդիպումներ ենք ունեցել պատերազմի առաջին օրերից իր հետ, որովհետեւ երկիրը պատերազմի մեջ էր եւ մեր դիրքորոշումն այն էր, որ մենք բոլորս հայկական բանակի զինվորն ենք ու պետք է գնանք կռվենք արտաքին թշնամու դեմ: Այդ փակ հանդիպումների ժամանակ մենք մեր բոլոր դիրքորոշումները ասել ենք մանրամասն: Իսկ ինչ վերաբերում է՝ ինչի՞ չեմ ասել․ եթե հիշում եք՝ ես ամսի 19-ի հանդիպումից դուրս եմ եկել ու ասել՝ վերեւում հնչեցված տեսակետները մեր համար անընդունելի են ու մտահոգիչ ու հենց նույն օրը երեկոյան լայվ եմ արել ու ասել՝ ՀՅԴ-ի տեսակետերը որն են: Չէի կարող ես բոլոր մանրամասները հրապարակային ասել, երբ պայմանավորվածություն կար, որ այդ մասին չենք խոսում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ընդդիմությանը նաև մեղադրում էին, որ երբ վարչապետն ասել է՝ վիճակը ծանր է, պետք է պատերազմը կանգնեցնել, ընդդիմությունը եղել է «դեմ»․ ի՞նչ անի այս պարագայում քաղաքացին, երբ տեսնում է փոխադարձ վիրավորանքներ, բայց դրանից բան չի փոխվում։
«Ի՞նչ անի քաղաքացին․ ուշադիր նայի, տեսնի ով է ստորագրել, ով է հող հանձնել ու դրանից եզրակացություն անի։ Հո ասելով չի՞: Հիմա ասում են, որ 2010-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով իշխանությունները Արցախը հանձնել են․ ձեռ են առնում քաղաքացիներին։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այսինքն, ի՞նչ, ՀՀ քաղաքացին ուզում է վերջնական կորցնի՞ իր պետականությունը: Գոյություն ունի հսկայական մանիպուլյացիա, ամբոխավարություն, որով փորձում են ժողովրդին մոլորեցնել նախկին-ներկաների թեզերով ու ժողովրդին շեղել բուն խնդիրներից»,-ասաց նա:
Իսկ թե ով է հող հանձնել՝ ստորագրված է փաստաթղթերով․ «Հելնեն օդ, իջնեն ցած՝ պատմության մեջ այդ փաստաթուղթը մնալու է, եւ այդ փաստաթղթի տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․